Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները կարծում են՝ վարչապետի անունը չհրապարակելը վկայում է իշխանության թուլության մասին


Այն, որ իշխող Հանրապետականը երեկ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում այդպես էլ չհրապարակեց նոր վարչապետի անունը, խոսում է իշխանության թուլության մասին, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։

Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը մասնակցած Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ Հանրապետականները մի քանի անգամ տեղեկացրել էին, որ վարչապետի անունը կհրապարակեն հինգշաբթի օրը տեղի ունենալիք գործադիր մարմնի նիստում, սակայն դա տեղի չունեցավ, ինչը նշանակում է, որ իրավիճակ է փոխվել:

Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրավիճակի փոփոխման վրա իր ազդեցությունն է ունեցել նաև ոչ իշխանական ուժերի լիդերների հանդիպումը:

«Չհրապարակելը նաև մի բան մասին էլ է խոսում, որ իշխանությունը բավականին թույլ վիճակում է գտնվում, որովհետև ինչ է նշանակում խորհրդարանում ունենալ ճնշող մեծամասնություն, ունենալ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, ամբողջ ուժային ռեսուրսը ձեռքում և այլն... ու չկարողանալ 1-2 օրվա ընթացքում վարչապետի թեկնածու ունենալ։ Սա խոսում է այն մասին, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, իսկ քաղաքական ճգնաժամերի լուծման լավագույն օրինակը արտահերթ ընտրություններն են»,- ասաց Մարտիրոսյանը։

«Ժառանգության» փոխնախագահի համոզմամբ՝ իշխանության թուլության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակելու համար քաղաքական ուժերի հետ հանդիպման երկրորդ ռաունդն է անցկացնելու, մի բան, որ երբևէ տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կհանդիպի խորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին:

«Չլսված բան է հայ իրականության մեջ, և ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում բազմափուլ հանդիպումներ լինում են այն ժամանակ, երբ իսկապես ճգնաժամային իրավիճակ է»,- ասաց Մարտիրոսյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե արդյոք դրա գլխավոր պատճառն այն չէ, որ Գագիկ Ծառուկյանը չի համաձայնում Սերժ Սարգսյանի առաջարկներին, Մարտիրոսյանը ասաց՝ հնարավոր է։

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» դեռ միասնական օրակարգ չեն ձևավորվել

Երեկ՝ այն պահին, երբ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հանրապետականը գործադիր մարմնի նիստ էր անցկացնում, մեկ այլ վայրում տեղի էր ունենում Ծառուկյան-Տեր-Պետրոսյան- Հովհաննիսյան հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քննարկումը շատ արդյունավետ և կառուցողական է եղել, սակայն միասնական օրակարգ դեռևս չի ձևավորվել:

«Առաջիկայում կունենանք նոր աշխատանքային հանդիպումներ, և բնականաբար, կփորձենք շարունակել ձևավորվել միասնական օրակարգ։ Յուրաքանչյուրս առանձին-առանձին ունենք մեր մոտեցումները, բայց միասնական օրակարգ՝ որպես այդպիսին, այս թեմաներով դեռ չունենք»,- ասաց Հակոբյանը։

Թե որտեղ են հանդիպել ոչ իշխանական ուժերի լիդերները, Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը չցանկացան հրապարակել՝ պնդելով, որ դա էական չէ: Սոցիալական ցանցում հայտնված ոչ իշխանական ուժերի ղեկավարների լուսանկարը մեծ ուշադրության է արժանացել, հատկապես աննկատ չի մնացել հանդիպման սենյակի աչքի զարնող կահավորանքը:

«Ի՞նչ իշխանափոխություն, արդեն ծիծաղելի է...»

Մինչ ոչ իշխանական ուժերը պնդում են, որ Հանրապետականն այլևս անկարող է հաշվի չնստել ոչ իշխանական ուժերի հետ, իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն այդ ամենը անհեթեթություն է համարում՝ պնդելով, որ վարչապետի հրաժարականից հետո այդ ուժերի գլխին կարծես սառը ջուր է լցվել, և մինչև հիմա չեն կարողանում օրակարգ որոշել։

«Բա հանդիպել-խոսել են՝ շատ դրական բան է, թող հրապարակեն, ինչո՞ւ գաղտնի»,- ասաց նա։

Սահակյան ասում է, թե իրենք տեղյակ էլ չեն եղել, որ նման հանդիպում է լինելու, և հետո այնպես չէ, որ այդ հանդիպման արդյունքում ՀՀԿ-ն ինչ-որ որոշում պետք է փոխեր.- «Լավ չեք ճանաչում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին, մեզ վրա չեն կարող ճնշումներով...»

Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի, Դաշնակցության և «Օրինաց երկրի» հետ Սերժ Սարգսյանի՝ երեկ ունեցած հանդիպումները շատ կառուցողական են եղել, և դրական գործընթացներ են ձևավորվում: ՀՀԿ-ի փոխնախագահի համոզմամբ՝ խոսքը չի գնում կոալիցիա կազմելու մասին, բայց ինչ-որ համաձայնություններ կլինեն:

Հարցին, թե ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն, որ չի տալիս ՀՀԿ-ն, Սահակյանը պատասխանեց.- «ԲՀԿ-ն որևէ բան չի առաջարկում՝ ուզելու տեսակետից։ Պայքարելու է երկրի փոփոխությունների համար, ես կարծում եմ՝ նույն դաշտում կլինի, ինչպես ինքն է իրեն այլընտրանքային ասում, որևէ փոփոխություն չի լինի, իհարկե, տեսնենք, դեռ քննարկումները շարունակվում են»։

Պատասխանելով հարցին՝ գո՞ւցե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ գուցե իշխանափոխություն է ուզում անել, Սահակյանն ասաց. - «Ի՞նչ իշխանափոխություն, արդեն ծիծաղելի է, իշխանափոխություն, չգիտեմ ինչ... մի կողմից խոսում են այն երևույթների մասին, որոնք լուծումներ են պահանջում, մյուս կողմից՝ իշխանափոխություն։ Ե՞րբ հարցնում ես՝ լավ, ո՞վ է իշխանության գալիս, հենց սկսում են դա քննարկել, մեկը մյուսից խռովում են, որովհետև ասում են՝ ամենալավը ես եմ»։

«Քառյակի բաժանում տեղի չի ունեցել»

Երեկվա ոչ իշխանական ուժերի հանդիպմանը չի մասնակցել Դաշնակցությունը: Ի պատասխան «Ազատության» հարցի, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ լքել են հրաշալի քառյակը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, թե քառյակի բաժանում տեղի չի ունեցել, պարզապես ավելացել է մի շատ գեղեցիկ լուսանկար, որն արդեն հրապարակվել է: Իսկ լիդերների հանդիպմանը չեն մասնակցել, քանի որ այս փուլում նման անհրաժեշտություն չեն տեսել:

Հիշեցնենք, երեկ Դաշնակցության ղեկավար անդամները հանդիպել են Սերժ Սարգսյանին՝ նրան ներկայացնելով իրենց ծրագրային 7 դրույթները: Դաշնակցությունը ընդգծել է, որ համագործակցության նախապայման են համարում այդ դրույթները:

Աղվան Վարդանյանին հարցրեցինք՝ եթե Սերժ Սարգսյանը ընդունի ներկայացված դրույթները, արդյոք այդ դեպքում Դաշնակցությունը կմտնի՞ կոալիցիա։

«Երբեք մի ասա երբեք. մեր մոտեցումը նույնն է, մեր պատկերացումները, մեր առաջարկությունները, երկիրը այս վիճակից հանելու մեր դեղատոմսը յոթ կետերի մեջ ամփոփված։ Կլինի դրանց վերաբերյալ արձագանք, կլինի երկրորդ խոսակցություն»,- ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Դաշնակցության վարչապետի նախընտրած թեկնածուին, ապա 100-ամյա կուսակցությունն այսպիսի պատասխան է տվել Սերժ Սարգսյանին.- «Հարց է եղել՝ դուք ի՞նչ եք մտածում, ո՞վ կարող է լինել վարչապետ, մենք ասել ենք՝ պարոն նախագահ, մեզ համար անձը որևէ նշանակություն չունի, մեծամասնությունն է որոշելու, մենք անձի անուն չենք տվել, և նախագահն էլ որևէ մեկի անունը չի տվել։ Մենք ասել ենք՝ մեզ համար կարևորը ծրագիրն է, կարևորը երկրի ուղղությունն է, մնացածը մեզ համար երկրորդական են»,- փոխանցեց Աղվան Վարդանյանը։
XS
SM
MD
LG