Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյանը «մեծ պայթյուն է» կանխատեսում


«Երկրում մեծ պայթյուն է սպասվում», - այսօր Ազատության հրապարակում կանխատեսեց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե հասունացել է խորհրդարանական չորս ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի և Դաշնակցության առաջնորդների հանդիպումը:

«Միշտ ողջունել եմ խորհրդարանի ներսում չորս խմբակցությունների համագործակցությունը, բայց քանի դեռ չեն հանդիպել այդ ուժերի ղեկավարները, ինչպես նաև քաղաքացիական հատվածի, արտախորհրդարանական ուժերի ղեկավարները, չի կարելի խոսել գլոբալ համագործակցության կամ քառյակի մասին: Եվ չեմ կարծում, որ եթե մենք մտնենք ապրիլի 28-ի քառօրյա առանց այդ շուրջօրյա խոստման, առանց գլոբալ նոր համաձայնության, մենք կունենանք մեր արտահերթ անհրաժեշտ փոփոխությունը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօր առաջարկած իշխանափոխության սցենարները: Ասաց, թե ուզում է նրա, Գագիկ Ծառուկյանի և Հրանտ Մարգարյանի հետ հանդիպումից հետո միասնական տեսակետ հայտնել:

«Ժառանգություն»-ը Սերժ Սարգսյանի չի քննարկելու վարչապետի թեկնածուների հարցը: Րաֆֆի Հովհաննիսյանը բացառում է նաև, որ այս իշխանության օրոք իր գլխավորած կուսակցությունը համաձայնի որևէ պաշտոն ստանձնել:

Միաժամանակ ընդդիմադիր գործիչը չի ողջոնում նաև Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում․- «Այս ոչ լեգիտիմ իշխանության ներքո, առանց ժողովրդի հետ նոր համաձայնության՝ նոր ընտրություններ, ժամանակացույց, որևէ մի վարչապետ չի վայելելու ժողովրդի և մեր վստահությունը: Եվ մենք պատրաստ ենք հիմա բոլորի հետ հանդիպել, լսել տեսակետներ: Բայց եթե լրիվ չփոխվի Հայաստանի կառավարման մանրակերտը, մոդելը՝ վերից վար գոնե մի տարվա ընթացքում ժամանակացույցով, ուրեմն ոչ մի բան չի փոխվելու, և արտագաղթը շարունակվելու է»:

Սերժ Սարգսյանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր էլ կարող է շտկել իրավիճակը․ - «Ոչ մի քաղաքացի, ես էլ որպես քաղաքացի ոչ մի ավելորդ խոսք չունենք ասելու: Մեր մեկնաբանություններն ավելորդ են, որովհետև ինքը գիտի իրական արդյունքները և ինքը ձեռքը մեկնեց և դրեց Սուրբ գրքի վրա»:
XS
SM
MD
LG