Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի փոխնախագահը ցանկալի է համարում համագործակցությունը քառյակի հետ


ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ հաջորդ կառավարությունը կոալիցիոն կլինի, այն կձևավորեն Հանրապետականն ու «Օրինաց երկիր»-ը: Նա հավելեց, թե շատ լավ կլինի, որ խորհրդարանի ոչ իշխանական քառյակը համագործակցի իրենց հետ:

«Մեր երկրին անհրաժեշտ է ավելի շատ համաձայնեցված աշխատանք», - «Ազատության» հետ զրույցում հավելեց Սահակյանը:

Նա ոչ իշխանական ուժերից կոալիցիայի կազմում տեսնում է այն կուսակցություններին, որոնք ՀՀԿ-ի ծրագրերի հետ համատեղելի իրատեսական ծրագրեր կներկայացնեն․ - «Ես ավելի դասականի կողմնակից եմ: Մարդիկ պիտի հասկանալի ասեն՝ իրենք ինչ են ուզում: Միգուցե այնպիսի խնդիրներ առաջարկեն, որ ավելի արդիական է: Եվ հիմնականում քաղաքական մեծամասնությունը նաև ինչ-որ ձևով ծրագրային նյութ դարձնի նաև իրենց խորհուրդները»:

Հարցին, թե արդյոք ապագա կառավարությունում տեսնում է ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը», Սահակյանն արձագանքեց․ - «Բայց բան չեն ասել, որ տեսնենք: Դա տեսողության հետ կապված չի, մտավոր անալիզների հետևանք է»:

ՀՀԿ-ի ղեկավար անդամը, այդուհանդերձ, բանակցելու հնարավորություններ տեսնում է:

Իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, հիշեցնենք, չեն բացառել Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան»-ը: Երկու կուսակցություններն եղել են ՀՀԿ-ի հետ կոալիցիայի կազմում, բայց տարբեր պատճառներով լքել են իշխանությունը:

Գալուստ Սահակյանի ձևակերպմամբ՝ Հանրապետականը «քինախնդիր չէ»: «Ազատության» հարցին, թե ինչ կլինի, եթե այդ չորս ուժերից ոչ մեկը չմիանա իշխանական կոալիցիային՝ նկատի առնելով, որ այդ ուժերը ժողովրդին փողոց դուրս բերելու խնդիր են դրել, Սահակյանն արձագանքեց․ - «Հետո քառյակը կմնա լուսանցքում, Հանրապետական կլինի քաղաքական դաշտում: Շատ լավ կլինի, որ փորձեն համագործակցել: Իսկ եթե չհամագործակցեն էլ, մեր ծրագրերը կան, մեր թիմը կա, մեր խնդիրները կան, ծանոթ ենք ժողովրդի խնդիրներին, բոլորի խնդիրներին: Կգնանք նորից առաջ»:

Սահմանադրության համաձայն, նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա: Հանրապետականի փոխնախագահի կարծիքով, իրեն հարգող քաղաքական ուժը պետք է մասնակցի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Մի քանի օր առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատությանն» ասել էր, թե իրենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չեն հանդիպի, և ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասել մարտի 1-ի հանրահավաքում՝ Կոնգրեսը մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության՝ անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ կառաջարկվեն:

«Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չեն քննարկել ո՛չ նախագահի հետ հանդիպման գնալու, ո՛չ էլ կառավարությանը մաս կազմելու հարցերը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում երեկ չէր բացառել ԲՀԿ-ի՝ նոր կառավարությանը մաս դառնալը: Նախագահի հետ հանդիպման մասով ԲՀԿ-ի ծրագրերն անհայտ են:

Դաշնակցությունը, ինչպես այսօր լրագրողներին փոխանցեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատրաստվում է գնալ այդ հանդիպմանը և ներկայացնել իր առաջարկները:

Նրա կարծիքով, վարչապետի նշանակման շուրջ քննարկումները կկայանան հինգշաբթի օրը՝ նախագահ Սարգսյանի Երևան վերադառնալուց հետո:

Հանրապետականի հետ կոալիցիա մտնելու մտնելու համար Դաշնակցությունը նախապայման է դրել՝ դեռևս 2012-ին ընդունված 7 կետանոց ծրագրի ընդունումը:

«Սկզբից խոսելու ենք ծրագրի և այդ հարցերի պայմանավորվածությունը ստանալու թեմայներով: Դրանից հետո նոր կարելի խոսել անձանց, կառավարության կազմի մասին: Տեղերը փոխելը ամեն վեր է ածում պարզ սակարկության, առևտրի և շեղում է ընդհանուր խնդիրներից, որոնք այսօր իրականում պետք է լուծվեն», - նշեց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ նախորդ կառավարության ձևավորման ժամանակ Սերժ Սարգսյանը լսել է իրենց 7 կետանոց առաջարկները ու մերժել:

Հիմա, Ռուստամյանի կարծիքով, իրավիճակ է փոխվել․ - «Ուրիշ ավելի լավ լուծում, առաջարկ ես այսօր չեմ լսել: Թող ասեն: Մենք էլ ասենք՝ լավ, այդ 7 կետերի մեջ դա չի տեղավորվի: Ինչ-որ նոր ծրագիր են առաջարկում՝ ավելի գեղեցիկ, ավելի հստակ, ավելի տրամաբանված, մենք հո հիմար չենք: Մենք կգնանք, այդ ծրագիրն էլ կիրականացնենք»:

Հարցին, թե ինչու են համարում, որ իրավիճակը փոխվել է, նա պատասխանեց․ - «Վարչապետ են փոխում: Սա փոփոխություն չի՞»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց․ - «Ամեն ինչն էլ կարելի է դարձնել գլուխ գովալու առարկա»:

Քառյակի հանդիպումները, համենայն դեպս՝ հրապարակային, այս օրերին չեն անցկացվում: Ռուստամյանն ասաց, թե քառյակն առաջիկա օրերին կզրուցի:

Հարցին՝ եթե իշխանության մաս դառնան, ի՞նչ է լինելու քառյակի հետ, Ռուստամյանը պատասխանեց․ - «Մեր համար ո՛չ նպատակ է քառյակը, ո՛չ նպատակ է կառավարությունը, ո՛չ վարչապետի անձը, ո՛չ էլ այս իշխանությունները: Մեր համար նպատակ է մեր երկիրն այս ծանր վիճակից հանելը»:
XS
SM
MD
LG