Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները վերջին խոսքում չզղջացին


«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները վերջին խոսքում չզղջացին
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

Դատավճիռը կհրապարակվի մարտի 24-ին:

«Հարսնաքարի» գործով դատավարությունն այսօր ավարտվեց, դատավորն անցավ խորհրդակցական սենյակ՝ մինչ այդ ամբաստանյալները վերջին խոսքում զղջման որևէ խոսք չասացին, փոխարենը դատարանից պահանջեցին իրենց ազատել պատասխանատվությունից:

Ամբաստանյալ, Կյաժ մականունով հայտնի Արման Խաչատրյանն իր վերջին խոսքում հարկ համարեց գնահատել տուժողների ցուցմունքները․ - «Տուժողները դատարանում տվեցին մեկը մյուսին լրացնող, ակնհայտ սուտ ցուցմունքներ, որի համար մարդկանց ոչ մեկը ոչ մի բան չասեց, ոչ մի պատասխանատվության չփորձեց ենթարկի սուտ ցուցմունքների համար, էդ է պատճառը, որ պարոն Եգորյանը փոխհատուցում ա ուզում ինձանից»:

Ապա դիմեց Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանին․ - «Տուժողները, պարոն Եգորյան և դուք պետք ա փոխանցեք իմ հաշմանդամ ծնողներին ու իմ ընտանիքին, իմ 3 տարեկան երեխային, որի խնամակալը հանդիսանում եմ ես, որ 2 տարի ա՝ ազատազրկված եմ, չգիտեմ՝ ինչի համար»:

«Հարսնաքարում» մատուցող աշխատած, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը, որի գործողություններից էլ սկսվել է միջադեպը, անգամ վերջին խոսքն արտաբերեց՝ ելակետ համարելով պնդումը, թե «մեղավորը» սպանված Վահե Ավետյանն է: Քրեական գործում բազմաթիվ վկայություններ կան, որ Վահե Ավետյանին մահվան հասցնելու ծեծը սկսվել է Դավիթ Ադամյանի հարվածից:

«Ինձ նսեմացնելու համար մի հատ խփել եմ», - ասաց Ադամյանը:

Ամբաստանյալ Ադամյանն ասաց, թե պատրաստ է պատասխանատվություն կրել Վահե Ավետյանին հարվածելու համար:

Վահե Ավետյանին մահացու հարվածներ հասցնելու պատասխանատվությունը ստանձնած ամբաստանյալ, ըստ քրեական գործում առկա ցուցմունքների՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Նորայր Հայրապետյանը վերջին խոսքով հանդես չեկավ, պատճառաբանեց, թե իր խոսքը ճառով է ասել: Իսկ պաշտպանական ճառում Նորայր Հայրապետյանը Վահե Ավետյանին ծեծելու վերաբերյալ այսպես էր արտահայտվել․ - «Նույն բանը ռինգում էլ է լինում, մրցումների ժամանակ խփում են, գլուխդ կպնում է գետնին, մեռնում է: Հիմա այդ սպորտսմենը ի՞նչ անի․․․»:

Այսօր վերջին խոսքով հանդես գալով՝ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում:

«Ինձ մեղավոր չեմ ճանաչում», - ասաց:

Միևնույն ժամանակ ասաց, թե պատրաստ է փոխհատուցել զինվորական բժիշկ Արտակ Բայադյանին՝ շարունակելով չընդունել Բայադյանի մեղադրական ցուցմունքները․ - «Թող ինքը ներկայացնի՝ ինչ վնաս է կրել, ես պատճառեմ, բայց թող ճիշտը ասի»:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանն էլ վերջին խոսքում իրեն անմեղ որակեց:

Մյուս ամբաստանյալը՝ վարորդ Արթուր Բաբլոյանը, հիշեցրեց համաներում հայտարարելու մասին խորհրդարանի որոշումից հետո իր տված ցուցմունքը, թե ինքն է հարվածել զինվորական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին: Դատարանից խնդրեց իր նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնել այդ ցուցմունքները:

Մինչ ամբաստանյալների վերջին խոսքը լսելը դատարանը քննարկեց նաև տուժող կողմի ներկայացրած քաղհայցը: Կերակրողին կորցնելու հետևանքով պատճառած նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և մյուս տուժողների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի հանրագումարը, ըստ հայցի, ավելի քան 297 միլիոն դրամ է, մոտ՝ 721 հազար դոլար: Ամբաստանյալների պաշտպանները հայտարարեցին, թե քաղհայցը չի ներկայացվել օրենքի պահանջով: Մինչդեռ տուժող կողմը պնդեց հակառակը, իսկ մեղադրող Արմեն Մարուխյանն ասաց՝ դեմ չի լինի, որ տուժող կողմի պահանջած գումարը դատարանի որոշմամբ բռնագանձվի: Հիշեցնեմ՝ տուժող կողմը պահանջել էր այդ գումարը բռնագանձել 6 ամբաստանյալներից, նաև «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանից՝ մինչ այդ որպես հայցի ապահովման միջոց կալանք դնել Ռուբեն Հայրապետյանի, նրա ընկերության, նաև վեց ամբաստանյալների գույքի վրա՝ մինչև վերջիններս փաստացի բավարարեն պահանջները: Դատավորը քաղհայցի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի դատավճռի հրապարակմամբ: Ի դեպ, քաղհայցի բավարարման դեպքում դատարանը չի կարող կիրառել համաներում, մեկնաբանեց տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը․ - «Նրանք չեն կարող պատժից վաղաժամկետ ազատվել և չի կարող նրանց ազատազրկման պատիժը փոխարինվել ազատազրկման հետ չկապված որևէ պատժով մինչև վնասների հատուցումը»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատականը ամբաստանյալների պահվածքին․ - «Արդարադատություն էին փնտրում՝ չճանաչելով իրենց մեղքը, չհարգելով տուժողի հիշատակը, առհասարակ ամբողջ երկու տարվա ընթացքում անհարգալից վարք է դրսևորվել ամբաստանյալների և նրանց հարազատների կողմից»:

Ժաննա Ալեքսանյանը նաև ասաց՝ ամբաստանյալների վարքագծի պատճառը Ռուբեն Հայրապետյանի հետ կապված չարդարացված հույսերն են․ - «Նրանց տիրոջ հետ կապված՝ խոստումներ կային, հույսեր կային, որ կարող էին ազատ արձակվել և մեղմ պատիժ կարող էր լինել, այսօր նրանք հուսահատված էին, կարծես թե»:

«Վահե Ավետյան» շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանի գնահատականը ամբաստանյալների վարքագծին․ - «Լկտիությամբ փորձել հարձակման անցնել, սա է նրանց մարտավարությունը»»:

Դատավճիռը կհրապարակվի մարտի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG