Մատչելիության հղումներ

Երեքշաբթի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարած խմբի կողմից մշակված «Քննչական կոմիտեի մասին» օրինագիծը։

Ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները միավորելու և միասնական կառույց ստեղծելուն կողմ էին պատգամավորներից 71-ը, դեմ 2-ը, ձեռնպահ 37-ը։

Որպես կոմիտեի ղեկավարի հնարավոր թեկնածու շրջանառվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը։ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ քննչական մարմնի ստեղծման նպատակը առկա հինգ քննչական մարմինները միավորելն էր, մինչդեռ արդյունքում Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի քննչական մարմինները և Հատուկ քննչական ծառայությունը չհաջողվեց միավորել։

Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ նոր մարմինը ստեղծվում է Աղվան Հովսեփյանին անգործ չթողնելու համար։

«Այս օրենքի նախագիծը ստեղծելու, աշխատանքային խումբ ձևավորելու մասին հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է գործնականում Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազի թեկնածու չառաջադրելուց գրեթե անմիջապես հետո։ Եվ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակել Աղվան Հովսեփյանին։ Այստեղ զուտ անձնական, ներանձնային խնդիր է, անկեղծ ասած, վիրավորական կլինի, եթե մենք հիմա նստենք, լուրջ քննարկենք այդ օրինագիծը»,- ասաց Փաշինյանը։

Ազգային ժողովի պետաիրավահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե հանձնաժողովը կոնկերտ անձի համար է ստեղծվում։ Նրա խոսքով՝ ցանկացած նման հարց կարող է անձնավորվել, մանավանդ, որ կա ակնհայտ թեկնածու՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի, Հարությունյանի դիտարկմամբ՝ նախկին գլխավոր դատախազը այս մարմնում կարող է աշխատել ընդամենը մի քանի տարի։

«Չի կարող ստեղծվել նոր կառույց կոնկրետ անձի համար։ Խնդիրը ունիվերսալ է, լայն է, քննարկումները այդ հարցի վերաբերյալ վաղուց տարվում են և կարծում եմ, անձնավորելը ճիշտ չէ»,- ասաց Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ նոր կառույցը կարող է արդյունավետ աշխատել, իհարկե, կան նաև վտանգներ, բայց ամեն ինչ կախված է կատարումից։
«Այս ուղին կարող է լինել արդյունավետ, միաժամանակ կարծում եմ, որ պետք է փորձարկում անցնի։ Վստահ եմ, հետագայում մենք կընդլայնենք, եթե փորձը հաջողված լինի»,- ասաց պատգամավորը։

Հարությունյանի խոսքով՝ փորձարկումը մոտավորապես 2- 3 տարի կտևի, հաջողության դեպքում մյուս մարմինները ևս կընդգրկվեն քննչական կոմիտեում։

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս,մինչ այս փոփոխությունը քննարկելը, նախ գնահատել նախկինները, որոնք ըստ նրա՝ ոչ մի որակական առաջընթացի չհանգեցրեցին։ Այս բարեփոխման ապագայի հանդեպ նա լավատես չէ, իսկ այն պնդումը, թե նոր մարմինը պետք է փորձաշրջան անցնի, պատգամավորի համար անհասկանալի է, քանի որ դրա արդյունավետությունը գնահատելու համար կան լծակներ։

«Այսինքն այս երկիրը էքսպերիմենտալ մարմի՞ն է, մի փորձ են դնում վրան, տեսնեն կապրի հիվանդը, թե՝ չի ապրի։ Օրենսդրական գործունեությունը հո քյալլագյոզությո՞ւն չէ»,- հարցնում է Փաշինյանը։
XS
SM
MD
LG