Մատչելիության հղումներ

«Դեմ եմ» նախաձեռնությունն իրազեկման ակցիա անցկացրեց Սլավոնական համալսարանում


«Դեմ եմ» պարտադիրին նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման ակցիա անցկացրին Հայ-ռուսական համալսարանի բակում:

Համալսարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը բարյացակամորեն ընդունեց նախաձեռնության անդամներին և չխոչընդոտեց իրազեկման ակցիան, այդուհանդերձ, նշեց, թե բուհը քաղաքական քննարկումների կենտրոն չէ, այլ կրթական ու մշակութային օջախ:

«Դեմ եմ» պարտադիրին նախաձեռնության անդամների և ուսանողների միջև քննարկում այդպես էլ չծավալվեց, ուսանողների մեծ մասը անտարբեր էր: Փոխարենը՝ բուհի ռեկտորի, դասախոսական անձնակազմի և նախաձեռնության անդամների միջև ծավալվեց զրույց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ: Ռեկտոր Դարբինյանի կարծիքով նախաձեռնության անդամները թերահավատություն են քարոզում ապագայի նկատմամբ:

«Դեմ շարժումը շատ դեպքերում ունի նաև ապակառուցողական իմաստ: Կողմ եմ շարժումը՝ կողմ ենք նորմալ երկրի, կոռուպցիայից ազատ երկրի, ազատ քաղաքացու երկրի: Բայց դուք ասում եք դեմ ենք մի նախաձեռնության, որը երկրի ապագայի հետ է կապված», - կարծիք հայտնեց նախկին վարչապետը:

«Դեմ եմ թիմը իր դիրքորոշման մեջ հստակ նշել է, որ քաղաքացիները դեմ չեն կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը: Սակայն դեմ են այս մոտեցմանը, որ պետք է լինի պարտադիր», - պարզաբանեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից մեկը:

Բուհում երիտասարդ դասախոսների աշխատավարձերից պահումներ արվել են, ասաց Դարբինյանը, սակայն հունվար ամսվա պահումները արվել են բուհի բյուջեի հաշվին:

«Բայց փետրվարից սկսած գանձել ենք՝ մենք պետական բուհ ենք», - նշեց ռեկտորը, հավելելով: Արձագանքելով մեր հարցին, թե դասախոսները չե՞ն ընդդիմացել գանձումներին, Դարբինյանը պատասխանեց՝ «մեր բուհում ընդհանրապես մենք մեկ ընտանիքի պես ենք ապրում, և ընդդիմություն, դիմություն կամ իշխանություն գոյություն չունի՝ մենք մի ընտանիք ենք»:

Հիշեցնենք, որ սա «Դեմ եմ» նախաձեռնության երկրորդ բուհական հանդիպումն էր, առաջինը՝ Ճարտարագիտական համալսարանում էր, որտեղ ուսանողությունը շատ ավելի ջերմ ընդունեց ակցիայի կազմակերպիչներին:
XS
SM
MD
LG