Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի երեք աշխատողները դիմել են դատարան


Մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումների դեմ, 12-ը փետրվարի, 2014
Մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումների դեմ, 12-ը փետրվարի, 2014
Կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիայի պատճառով աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի երեք աշխատողները դիմել են դատարան։

Նրանք պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել նախկին աշխատանքն ու ստանալ պարտադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը։

Փաստաբան Քրիստինե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ աշխատողներին հեռացրել են վստահությունը կորցնելու հիմքով, սակայն այս դեպքում օրենքն այլ բան է սահմանում, իսկ գործատուն այլ հիմքեր է ներկայացնում:

«Գործատուն իրավունք ունի աշխատանքից ազատել, երբ աշխատողը դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս, ուսումնադաստիարակչական գործառույթները իրականացնող աշխատողը թույլ է տալիս տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք և հրապարակել է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք: Մինչդեռ իրենք ասում են՝ իբր աշխատողները մատյանները չեն լրացրել, շարժասանդուղքների տարածք այլ անձանց մուտքն են թույլատրել»,- ասաց Գևորգյանը:

Մինչև անվստահություն հայտնելը գործատուն պետք է աշխատողներից բացատրություն պահանջեր, ասում է փաստաբանն ու հավելում, որ եթե բացատրությունը տրվեր, բայց գործատուի կողմից այն չընդունվեր, ապա անմիջապես կարող էր աշխատանքից հեռացնել։ Սակայն առանց բացատրություն տալու երեքն էլ աշխատանքից հեռացվել են։ Այս կետն էլ, ըստ փաստաբանի, չի պահպանվել։

Փաստաբանն էլ, հեռացված աշխատողներն էլ վստահ են՝ աշխատանքից հեռացնելու հիմքերը բնավ էլ աշխատանքում թերանալը չի եղել, պատճառը պարտադիր կուտակային համակարգին դեմ արտահայտվելն ու այդ մասին հրապարակային բարձրաձայնելն է եղել։ Թեև որևէ փաստաթղթում կուտակայինի դեմ ակցիաների մասին, բնականաբար, խոսք անգամ չկա, սակայն ըստ հեռացված աշխտակիցների բանավոր նրանց նույնիսկ մեղադրել են այդ ակցիաները կազմակերպելու մեջ։

«Մենք խախտումներով աշխատող չենք եղել, որ մեզ նկատողություն տված լինեին: Երեքս էլ տասնհինգ տարի աշխատում ենք Մետրոպոլիտենում, նույնիսկ կարող եմ ասել, որ ինչ-որ մի տեղ նրանք մեզ վրա էին հենվում կարևոր առաջադրանքներ կատարելու ժամանակ: Ավելի էին վստահում մեզ, քան ուրիշներին»,- ասաց աշխատանքից ազատված Գագիկ Գասպարյանը:

Աշխատակիցներն, այդուամենայնիվ, վստահ են, որ դեռ Մետրոպոլիտենում լինելու են աշխատողի կարգավիճակով․- «Եթե արդար դատ եղավ, ուրեմն մեր խնդիրը արդար ձևով կլուծվի»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում պայքարի այլ տարբերակներ կմշակեն, թե ինչ՝ դեռ չեն հստակեցնում։
XS
SM
MD
LG