Մատչելիության հղումներ

«Սա հենց կանանց իրավունքների պաշտպանության օրն է»


Ծաղիկների, փուչիկների ու այս ջերմության ետևում այսօր կան բազում խնդիրներ, որոնց կինը բախվում է հենց իր սեռի պատճառով:

Երկու դար առաջ այս օրը, երբ Նյու Յորքի տեքստիլ ֆաբրիկայի բանվորուհիները երթ կազմակերպեցին քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների համար, իսկ ավելի ուշ հեղափոխական Կլարա Ցետկինը Կոպենհագենում տեղի ունեցած Կանանց միջազգային համաժողովի ժամանակ առաջարկեց Մարտի 8-ը նշել որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր, դժվար էր ենթադրել, որ տոնն այդքան կվերափոխվի, ու իրավունքների համար պայքարի օրը կընկալվի միայն որպես կանանց ջերմ խոսքեր շռայլելու օր:

Իսկ ծաղիկների, փուչիկների ու այս ջերմության ետևում այսօր կան բազում խնդիրներ, որոնց կինը բախվում է հենց իր սեռի պատճառով: Դեռ չծնված իգական սեռի ներկայացուցիչը արդեն ենթարկվում է բռնության, այսօր խոսելով սելեկտիվ աբորտների մասին՝ հայտարարեց Բազմազավակ մայրերի աջակցության կենտրոնի ղեկավար Մարգարիտա Հովսեփյանը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 5 տարիներին Հայաստանում 7 հազար 200 աղջիկ երեխա չի ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման պատճառով: Ըստ Մարգարիտա Հովսեփյանի՝ այս տեմպերը շարունակվելու դեպքում մոտ 50 տարի հետո կունենանք 93 հազար չծնված մայր:

«Վերջին տարիներին շատ եմ լսում, երբ ասում են՝ «մի երեխա ունենանք ու լավ պահենք», ունենալուց էլ ունենում են տղա, բնականաբար, որովհետև տղան ազգանվան շարունակություն է, ժառանգն է: 15 տարի հետ այդ երեխան չի կարողանա ընտրել իր համար հարսնացու ու ստիպված կլինի կա՛մ հետաձգել ամուսնությունը, կա՛մ արտագաղթել երկրից, որպեսզի կարողանա հարսնացու փնտրել», - ասաց Բազմազավակ մայրերի աջակցության կենտրոնի ղեկավարը:

Չինաստանից հետո Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ հղիությունը ընդհատում են, երբ իմանում են, որ աղջիկ է ծնվելու: Այս խնդիրն իրենց օրակարգում ունենալով՝ այսօր նաև կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քայլարշավ էր կազմակերպել Կանանց ռեսուրսային կենտրոնը: Տոնը տոն է, բայց չպետք է մոռանալ, որ անգամ 21-րդ դարում կանանց շարունակում են ենթարկել բռնության, ինչպես նաև մինչև օրս հայ կնոջն ավելի շուտ պատկերացնում են տնային, քան աշխատանքային մթնոլորտում:

Քայլերթի մասնակից կանայք ասում էին՝ «ամոթ չէ պայքարել իրավունքներիդ պաշտպանության համար»:

«Ընտանիքում ներսի կատարվածը դուրս չեն հանում, և ամոթ է խոսել քո հետ կատարված բռնության մասին հարևանների, պետական մարմինների [հետ]: Մենք նմանատիպ խնդիրներ ունեցել ենք նաև ոստիկանությունում, երբ ոստիկանները, հատկապես մարզերում, դիրքորոշված վերաբերմունք են ցուցաբերել և նաև խարազանել են զոհին՝ խոչընդոտելով նրան, որ բարձրաձայնի իր հետ կատարվածի մասին, ասելով, որ «ամոթ է, ինչ ես տանդ ներսի կատարվածը դուրս հանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը՝ շարունակելով․ - «Եվ այսօր Մարտի 8-ը նշում է ուղղակի կանանց սիրաշահելու ինչ-որ տեղ, գովերգելու, ինչ-որ տեղ հարգանք, սեր ցույց տալու մի առիթ, ևս մեկ առիթ, սակայն Մարտի 8-ը անցնում է՝ և նույն իրավիճակը մենք տեսնում ենք նաև առօրյայում»:

«Կարծրատիպեր, որոնք խանգարում են կանանց առաջ ընթանալ, լինել ավելի ակտիվ և ավելի ներգրավված տարբեր ոլորտներում», - ասաց քայլերթի մեկ այլ մասնակից:

«Ուղղակի ցույց տանք, որ սա ոչ թե գեղեցկության կամ մայրության տոն է, այլ հենց կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է», - ընդգծեց երրորդը:

Օրենքի տեսանկյունից հայ կանայք բավականաչափ պաշտպանված են, սակայն իրական կյանքում օրենքների կիրառումը կաղում է: Այս կարծիքին էին ոչ միայն քայլերթին մասնակցող կանայք, այլ նաև քայլերթի կողքով պատահաբար անցնող տղամարդիկ:

«Մեզ չգիտես ինչու ներշնչում են, որ մեզ համար ասիական արժեքները մերն են, բայց իրականում Հայ Առաքելական եկեղեցին եղել է առաջին քրիստոնեական պաշտոնական եկեղեցին, որը ընդունել է կնոջ և տղամարդու հավասարությունը: Մեր Առաջին հանրապետությունը առաջինն է եղել, որ ունեցել է կին նախարարներ նույնիսկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը՝ հավելելով․ - «Որպես մարդ, ով աղջիկ երեխա ունի, ես շատ եմ ուզում, որ իմ աղջիկը մեծանա ու ապրի մի հասարակության մեջ, որտեղ ոչ մի կերպ իր հնարավորությունը կամ իրավունքը սահմանափակ չի լինի»:

«Եթե մի քիչ Քուչակ, Նաղաշ Հովնաթան ընթերցենք, կտեսնենք, որ մեր հասարակությունում այն մուսուլմանական բարքերը, որ այսօր ներկայացվում են որպես հայկական, իրականում դա մերը չի, մերը եղել է այն միջնադարինը՝ կնոջ հավասարություն, կնոջ մարմնի և սիրո վերաբերյալ տարբեր գովքեր և այլն: Այնպես որ, հիմարություն է ասել, որ կինը և տղամարդը չպետք է հավասար լինեն, իհարկե պետք է հավասար լինեն, դեռ ավելին՝ կինը ունի որոշակի նաև առավելություններ՝ կապված մայրության և այս կարգի հարցերի հետ», - հայտարարեց մեկ այլ տղամարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG