Մատչելիության հղումներ

Սպանված Բուդաղյանի ընտանիքը վրդովված է Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունից


Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, արխիվ

Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, արխիվ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքը խիստ վրդովված է Խաչատրյանի երեկվա հայտարարություններից։

Հակադարձելով նախկին մարզպետի այն պնդումներին, որ մեղքի զգացում չունի, այլ ցավ է ապրում «խմիչքի հետևանք» հանդիսացած միջադեպի համար, հատկապես, որ երիտասարդ տղայի արյունն էլ իր տանն է թափվել, Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատության» հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանին կոչ արեց ամոթի զգացում ունենալ։

Չհամաձայնելով նախկին մարզպետի հայտարարություններին, որ հունիսի 1-ի գիշերվա արյունալի միջադեպին որևէ վեճ, քաշքշոց չի նախորդել, դեպքից ժամեր առաջ Խաչատրյանի մեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանը պարզապես հարբածություն է դրսևորել, ինչի համար էլ իջեցրել են մեքենայից, Էմիլ Բուդաղյանը հակադարձեց, որ մեքենայի մեջ բռնություն է գործադրվել որդու նկատմամբ՝ բիզնեսից եկամուտը կիսելու պահանջով։

«Առանց ամոթի խայթ զգալու էդպիսի հայտարարություններ է անում։ Ասածները լրիվ հերյուրանք է, ինքը կատարել է այն, ինչ իրեն պետք էր։ Այսինքն որպեսզի Ավոն իրեն լսի, որպեսզի Ավոն իր ասածները կատարի, որպեսզի 50 տոկոսը տա իրեն, ինքը էստեղի տեր ու տիրակալն է։ Նա ամոթ պիտի ունենար, ելույթ չունենար»,- ասաց սպանվածի հայրը։

Ինչ վերաբերում է ողջ կատարվածը Ավետիք Բուդաղյանի հարբածությանը վերագրելու ՝ մարզպետի փորձերին, և Էմիլ Բուդաղյանը, և տուժող կողմի փաստաբան Հայկ Ալումյանը հարկ համարեցին խոսել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի այդ օրվա վիճակի մասին. քրեական հետապնդումից ազատված այդ երիտասարդը, հիշեցնենք միջադեպից հետո կալանավորվել էր սպանության և ապօրինի զենք, զինամթերք կրելու մեղադրանքներով։

«Տղան [մարզպետի] նարկոտիկ ընդունած է եղել, բժշկական թղթերում կա արդեն գրված։ Ու նա ասում է, որ իմ տղան այնքան հարբած է եղել, որ... բայց տղաս եկել է իմ տուն, ես ոչ մի բան չեմ նկատել, որ շատ խմած է կամ ինչ որ բան»,- ասաց Բուդաղյանը։

«Բնականաբար, եթե տղամարդիկ հավաքվում են մի սեղանի շուրջ ինչ-որ առիթով, էդտեղ ալկոհոլ օգտագործելը այնքան տարօրինակ չէ, որքան չօգտագործելը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը.- «Այ, կա պրոբլեմ այնտեղ, որ Սուրիկ Խաչատրյանի որդու օրգանիզմում հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր, դա՛ է պետք քննարկել։ Այսպիսով՝ Սուրիկ Խաչատրյանը մինչև կխոսի ուրիշի օրգանիզմում ալկոհոլի մասին, լավ կլիներ, մի փոքր լուսաբաներ իր որդու թմրանյութերի օգտագործման հանգամանքը։ Ինչ վերաբերում է հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի օրգանիզմում ինչ է հայտնաբերվել, մինչև հիմա դա ինձ հայտնի չէ, թող գործի նյութերը բերեն դատարան, մենք ոչ միայն դա կպարզենք, այլ շատ ուրիշ բաներ էլ կպարզենք։ Բայց չեն բերում գործի նյութերը դատարան»։

Փաստաբանը հավելեց՝ այն, ինչ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց հանրությանը, իրականությունից շատ հեռու է՝ շեշտելով մի քանի հանգամանք. նախ Սուրիկ Խաչատրյանը, ըստ Ալումյանի, երեկ, ըստ էության, հերքել է մինչև հիմա պաշտոնապես գոյություն ունեցող վարկածը, որ ինքը կրակոցների ձայնը չի լսել, քանի որ այդ պահին քնած է եղել առանձնատան հակառակ կողմում գտնվող իր ննջասենյակում։ Նախկին մարզպետը բացատրել էր, որ ննջասենյակի պատուհանները հերմետիկ են և գետի խշշոցը խլացնում է այլ ձայները։

«Բայց գետը գտնվում է նույն կողմում, որ կողմում, որ դեպքն է տեղի ունեցել։ Եթե ինքը փորձում է բացատրել, որ գետի ձայնն է իրեն խանգարել այդ ձայները լսել, ուրեմն հենց այս կողմում է իր ննջարանը։ Իսկ եթե իր ննջարանը մյուս կողմում է՝ ի՞նչ կապ ունի գետի ձայնը։ Կրակոցների և գոռգոռոցների ձայնն այնքան բարձր էին, որ ձայնագրության մեջ գետի ձայնն ընդհանրապես չէր լսվում։ Հետո ինչ-որ հերմետիկ պատուհանների մասին է խոսում. մենք բոլորս լավ գիտենք, թե ինչ ձայներ այդ պատուհանները պահում են, ինչ ձայներ չեն կարող պահել։ Եթե ինքը գետի ձայնը լսում է իր հերմետիկ պատուհանների միջով, ապա այդ ձայները հաստատ կլսեր ու կլսեր։ Իր նկարագրած հերմետիկ պատուհաններ երևի տիեզերանավերը միայն ունեն, բայց ինքը չէ՞ որ տիեզերանավում չի ապրում»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախկին մարզպետը հերքեց վերևից հարկից կրակոցի արձակման վարկածը, Ալումյանը ասաց.- «Եթե վերևից կրակոց չի եղել, այդ դեպքում մյուս կողմը նաև պիտի կարողանա բացատրել, թե ինչպե՞ս պատահեց, որ Ավետիք Բուդաղյանի վրա հայտնաբերված հրազենային վնասվածքներից մեկը ունի վերևից ներքև ուղղություն՝ ըստ դատաբժիշկ-փորձագետի եզրակացության»։

Հարցին, թե այսինքն կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանը վերևից կրակե՞լ է, փաստաբանը պատասխանեց. - «Ես գործի նյութերում ավելի շատ ապացույցներ եմ տեսնում առ այն, որ վերևից կրակոցը եղել է։ Ես այդտեղ չեմ եղել, որ ասեմ՝ ինքը կրակեց, ու ոչ ոք, ով էդտեղ չի եղել, իրավունք չունի ասել՝ ով կրակեց։ Միանշանակ այն կարծիքին եմ, որ գործի նյութերով հաստատվում է Բուդաղյանների վարկածը»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց Սուրիկ Խաչատրյանի երեկվա այն հայտարարությանը, որ նախագահ Սերժ Սարգսյանը այս միջադեպը քննարկել է դատախազի, ոստիկանապետի, քննիչների հետ։

«Սա, իհարկե, բացահայտում է։ Պարզվում է՝ հանրապետության նախագահը մասնավոր քննություն է անցկացրել և չի կիսվել հանրության հետ, երբ դրա կարիքը շատ-շատ էր։ Սերժ Սարգսյանը իր մասնավոր քննության ընթացքում ազատել է Սուրիկ Խաչատրյանին մեղքի զգացումից», - ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնելով Երկրապահ կամավորական միության վերջին համագումարում Սուրիկ Խաչատրյանին միության ղեկավար կազմում ընտրելն ու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը՝ Ժաննա Ալեքսանյանը արձանագրում է՝ «կրիմինալը չի հեռանում բարձրագույն իշխանության օղակներից»։

«Նա միակը չէ, մենք գիտենք, որ նրանք կան և լինելու են։ Հիշենք «Հարսնաքար»-ի գործը, երբ դեպքից ամիսներ անց հանրապետության նախագահը Ռուբեն Հայրապետյանին շնորհեց երախտագիտության մեդալ։ Սա մենք հասկանում ենք այսպես՝ «դուք անձեռնմխելի եք, պարոնայք, դուք միշտ մեր կողքին պետք է լինեք»»,- ասաց իրավապաշտպանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG