Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիրները առանձին-առանձին են հարգում Մարտի 1-ի զոհերի հիշատակը


Ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի այսօր առավոտյան Մյասնիկյանի արձանի տարածքում ծաղիկներ դրեցին նախ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ու համակիրները, ապա «Ազատ դեմոկրատները», ինչից հետո արձանի հարակից տարածք երթով եկան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» միավորման համակիրներն ու հիմնադիր անդամները։

«Ոչ մի հայ չպետք է մոռանա՝ ինչ կատարվեց 2008-ի մարտի 1-ին», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը․- «Այդ խարանը մեր ճակատից պիտի հանենք՝ հենց բացահայտման ձևով»:

Հարցին, թե ինչու են 7 տարի առաջ նույն հարթակում կանգնած մարդիկ այսօր առանձին երթ անցկացնում ու ինչպես են դրան վերաբերվում մյուս ընդդիմադիր ուժերը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. - «Մենք ոչ մի տարբերություն չենք դնում: Մենք նոր կառույց ենք ձևավորել, մեր կառույցի հետ եկել ենք մեր հարգանքի տուրքը հատուցելու: Ի՞նչ, ով ինչ գոռա՝ միշտ գնանք-կանգնենք կողքները, իրենց տանեն մի տեղ կանգնեցնեն, նորից հետ քաշվեն, նորից գան սկսեն, որ խանդով չմոտենա՞ն: Մենք իրենց հետ ճանապարհ ենք անցել, և այդ ղեկավարությունը չկարողացավ մինչև վերջ տանել մեզ, արդյունք ստանայինք այդքան տանջանքից, տառապանքից, կալանավայրերում հայտնվելուց հետո»:

7 տարի անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել տասը սպանությունների համար, ընթանում է հետաքննության իմիտացիա, ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը․ - «Անընդհատ վերահաստատել ենք, որ հետևողական ենք լինելու: Անկախ նրանից, թե ինչ իշխանություն լինի՝ այս գործը պիտի բացահայտվի և պատասխանատուները հայտնվեն համապատասխան տեղերում»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների ոչ մի հարցին չպատասխանեց՝ նշելով, թե արդեն ամեն ինչ ասել է։

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համոզմամբ շատ նորմալ է այն փաստը, որ այսօր ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ոչ թե մեկ հարթակի վրա է, ինչպես 2008-ին էր, այլ առանձին միավորումներով է գործում։

«Չի կարելի ասել, որ ընդդիմադիր դաշտի անհամաձայնությունների մասին խոսք կա: Միգուցե, խոսք կա այն մասին, որ քաղաքական վեկտորներն են տարբեր՝ արևմտականներ և պրոռուսականներ, տարբեր են սեփականության նկատմամբ վերաբերմունքները՝ սոցիալիստներ և ազատ-լիբերալներ: Եվ դա, միգուցե, դիտարկենք պոզիտիվ առումով, որ Հայաստանում վերջապես սկսել է ձևավորվել գաղափարական պլատֆորմ», - մեկնաբանեց Սեդրակյանը:

XS
SM
MD
LG