Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանի «չմուծած հարկերի» մասին լուրերը դեռ ստուգվում են


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող ձեռնարկություններում հարկային ստուգումները շարունակվում են: Այսօր ի պատասխան «Ազատության» հարցին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Պաշտոնյան, սակայն, հրաժարվեց խոսել անգամ նախնական արդյունքների մասին:

«Ընթացքի մեջ են, ստուգման առավելագույն ժամկետներ կան, հնարավոր չի որևէ արդյունք հիմա ասել», - ասաց Արմեն Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում նախագահ Սարգսյանը, Ծառուկյանին կոչելով «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ», հորդորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել համապատասխան մարմիններին՝ մանրամասն ստուգելու Գագիկ Ծառուկյանի կողմից չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 14-ին վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ իրականացնելու այդ ստուգումները:

Ի դեպ, ֆինանսների նախարարի 5 տեղակալներից Վախթանգ Միրումյանը երեկ լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ ըստ օրենքի հարկային ստուգումները կարող են 15 օր տևել, սակայն խոշոր տնտեսվարողների համար կարող է մինչև 75 օր լինել:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ անցկացնելու նախագահի հանձնարարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ճնշում Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած կուսակցության նկատմամբ:

XS
SM
MD
LG