Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո


Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչո՞ւ փաստահավաք խմբում ներկայացնելով ՀԱԿ-ը՝ դադարեցրեց համագործակցությունը ընդդիմադիր Կոնգրեսի հետ, ասաց՝ ընդդիմադիրները դարձան ոչ իշխանական ուժեր, իսկ ինքը և իր համախոհները չէին ցանկանում խաբկանքի մեջ ներքաշվել: Մարտի 1-ն, ըստ Քոչարյանի, կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո։

«Բացահայտումները տեղի կունենան, երբ որակական փոփոխություն կլինի հասարակություն-իշխանություն փոփոխություններում, իսկ դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում կլինեն ոչ իշխանական ուժեր, այլ կլինի ընդդիմություն, որի մտքով չի անցնի ժողովրդին խաբել»,- ասաց Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ հոկտեմբերի 27-ը ծնեց մարտի 1-ը։ «Ո՞ւր է Նաիրի Հունանյանի և և Ռոբերտ Քոչարյանի զրույցի ձայնագրությունը»,- հարցնում է Քոչարյանն ու հավելում, որ այդ ձայնագրության ի հայտ գալուց հետո շատ մանրամասներ ջրի երես դուրս կգան:

Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ մահացել է, ասաց՝ հասարակությանը ներկայացված ուժեղ կուսակցության մասին պատկերացումները իշխանության կողմից ներկայացված մեկ ելույթից հետո ի չիք դարձան։

«Ակնհայտ է, որ ԲՀԿ-ում փոփոխություններ կլինեն, որովհետև Սերժ Սարգսյանի ելույթը այնպիսին է, որ այդ փոփոխությունները չլինելու դեպքում պետք է պատասխան տա գործող իշխանությունը, որովհետև այնպիսի մեղադրանքներ են հնչել, և այդ մեղադրանքները կմնան Հանրապետականի ուսերին, և նրանք պարտավոր են բացատրել, թե ինչու այդ բարձրացված հարցերը լուծումներ չստացան»,- ասաց Քոչարյանը։

Արդյոք ԲՀԿ-ի հետ ընդդիմության համագործակցությունը նպաստե՞ց մարտի 1-ի հանցագործությունների կոծկմանը, արդյոք կա՞ն անհերքելի փաստեր, որ Ծառուկյանի թիմը մասնակցել է բախումներին, օգտատիրոջ այս հարցին մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Քոչարյանն արձագանքեց.- «Մինչև 2012 թվականը Կոնգրեսը հստակ պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի և գործող շտաբի անդամների... ես դա բազմիցս հնչեցրել եմ 2012 թվականի մարտի 1միտինգում, դրանից հետո ինչ-որ պահի որևէ բառ արդեն Ռոբերտ Քոչարյանի մասին չկար։ Դա արդյունք էր, իմ կարծիքով, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև ներքին պայմանավորվածությունների»։

Միշարք օգտատերեր հետաքրքրվել էին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանն իր մասնակցությունը չի ունեցել մարտի 1-ի իրադարձություններին՝ նկատի ունենալով Քոչարյանի և Հայրապետյանի ընկերական հարաբերությունները։

«Մեր հարաբերությունները այնպիսին են, ինչպիսին որ կան։ Այսինքն ընկերությունը եղել է, կա, բայց իմ տեսակետները, անկախ ընկերական հարաբերություններից, եթե վերաբերում են մարդու ճակատագրին, հանցագործություններին, դրանք հստակ են, երբեք չեմ թաքցրել, ձևակերպել եմ»,- ասաց Քոչարյանը։

Օգտատերերից մեկն էլ Քոչարյանին հարցրել էր, թե որն է ըստ նրա, պատճառը, որ Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն գնում, մարտի 1-ի զոհերի ծնողներին արդյոք կարելի է խառնել իրենց գործերին, և ինչպե՞ս կբացատրի ՀԱԿ-ի և Նիկոլի հարաբերությունների կոպիտ փլուզումը։ Քոչարյանն ասաց, որ փլուզվել են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ շատերի հարաբերությունները ՀԱԿ-ի հետ։

«Նիկոլին լարվածության մեջ պահելը էդքան հեշտ բան չէ... եթե իրենք ինչ-որ բան ասում են, պետք է շատ փաստարկված ասեն, որովհետև Նիկոլը բազմիցս ցույց է տվել, որ կարողանում պատասխանել բավականին փաստարկված և սուր։ Ինձ համար ցավալի է, որ զոհերի հարազատների հիմա օգտագործում են այս միջանձնային վեճի մեջ՝որպես կողմ»,- ասաց Քոչարյանը։

Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս կիրակի՝ մարտի 1-ին, ինքը չի լինի Ազատության հրապարակում։

«Ինձ կտեսնենք բոլոր այն տեղերում, որտեղ չկան իմիտացիաներ»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG