Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն մարտի 5-ին արտահերթ համագումար կանցկացնի


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի համագումարին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մարտի 5-ին արտահերթ համագումար կանցկացնի։ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որևէ մանրամասն չհաղորդեց, հայտնի է միայն, որ կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանը համագումարին մասնակցելու է։

«Ժամը 15։00-ին «Բարգավաճ Հայաստան»-ի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։ Օրակարգի վերաբերյալ այս պահին ոչինչ ասել չեմ կարող», - ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նաև հաստատեց, որ օրերս «Բարգավաճ Հայաստան»-ի որոշ անդամներ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքով, հանդիպման ընթացքում քաղաքական որևէ հարց չի քննարկվել, թե ովքեր են մասնակցել հանդիպմանը՝ հրաժարվեց ասել։

«Քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության օրենքին առնչվող հարցեր, այլ հարցերի չեմ պատասխանում», - ասաց Զոհրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն արդեն երրորդ օրն է բոյկոտում են խորհրդարանի նիստերը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, սա քաղաքական նոր իրավիճակով է պայմանավորված, և ԲՀԿ-ականները պետք է քննարկեն ու որոշումներ կայացնեն։

Վարչապետի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումից Գալուստ Սահակյանը տեղյակ չէր, բայց ասաց, որ «Հանրապետական»-ում կարծիքների փոփոխություն չի եղել։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք շարունակում են պնդել, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հեռանա քաղաքականությունից, Սահակյանը պատասխանեց. - «Այն, ինչը նախագահը ներկայացրել է հասարակությանը, այդ շրջանակներում նաև հանրապետականների դիրքորոշումը չի փոփոխվում»։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե, հնարավո՞ր է, որ համագումարի ընթացքում Ծառուկյանը հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ԱԺ նախագահը թեև պատասխանեց, որ ուրիշի փոխարեն չի կարող մտածել, այդուհանդերձ հավելեց. - «Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է նոր ռազմավարությամբ հանդես գա, թե այդ ռազմավարությունը ո՞վ կղեկավարի, դա ինձ համար բացահայտված չէ»։

Չի մոռացվել նաև Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Սահակյանը ասաց, որ գործընթացը շարունակվում է, բայց չէր ցանկանա ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկել։

«Եթե ցանկություններով առաջնորդվեմ, ես չեմ ցանկանում նման նախադեպեր ստեղծել, բայց որովհետև իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կա, լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իմաստով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել որպեսզի հիմնավոր պատասխանի», - ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ ժամանակ ունի և դեռ կսպասի Ծառուկյանի պատասխանին։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ապագային, ապա, ըստ Սահակյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է շարունակի մնալ ընդդիմադիր դաշտում. - «Մեզ ընդդիմադիր են, խորհրդարանում ընդդիմադիրներ ունենք, ընդդիմադիր է նաև հասարակության որոշակի զանգված, այնպես չէ, որ մեր հասարակության մտածողությունը միաբևեռ է»։

XS
SM
MD
LG