Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելել է Լոռու մարզ, Վանաձորում հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ, խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո երկրում ստեղծված իրադրության, ինչպես նաև ընդդիմության հետագա անելիքների մասին:

Վանաձորցիներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ տրոհվեց եռյակը: Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, թե իր գործընկերներն են հայտարարել, որ եռյակ այլևս գոյություն չունի: «Ժառանգությունը» մեկ տարի շարունակ բանակցել է միասնական օրակարգ ձևավորելու համար և հիմա էլ պատրաստ է բանակցելու, նշեց Հովհաննիսյանը ու հավելեց․ - «Տասներեք օր առաջ հանդիպեցինք, և մենք համաձայնեցինք, ձեռք մեկնեցինք, ասինք, որ փետրվարի 20-ին գնում ենք ժողովրդի հետ իշխանության փոփոխության, արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններին: Իսկ երկու-երեք օրվա ընթացքում ոչ թե «Ժառանգությունը» դուրս եկավ եռյակից, այլ մեր գործընկերները համարեցին, որ եռյակ չկա»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին նշեց, որ չնայած փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չկայացավ, դա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու պայքարը:

«Դա դեռ չի նշանակում, որ այն քաղաքական ուժերը, որոնք հրաժարվեցին այս պայքարից, առանց իրենց դա հնարավոր չէ անել: Միանշանակ է, որ մենք դա կարող ենք անել, միանշանակ է, որ մենք մեր պատմական հաջողությունները և հաղթանակները գրանցել ենք այն ժամանակ, երբ ժողովուրդն է համախմբված եղել և ժողովուրդն է կազմակերպվել», - հայտարարեց պատգամավորը:

Իր հերթին Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շեշտեց․ - «Մեզ պետք է ամուր քաղաքացի, իրավատեր քաղաքացի, որովհետև մեզ մոտ չի կայանալու այդ հերոս փրկարարը, այդ ուղեկցողը անգամ, եթե չլինի այն ժողովուրդը, որ պատրաստ է օրուգիշեր կանգնելու իր իրավունքների, իր երեխաների, թոռնիկների ապագայի համար»:

Վերջում Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր հաջորդ խոսքը կլինի մարտի 6-ին՝ Երևանի Ազատության հրապարակում, որտեղ շոշափելի, կոնկրետ և հետևողական ծրագրի մասին կխոսվի, որին կհաջորդեն այցելությունները մարզեր:

XS
SM
MD
LG