Մատչելիության հղումներ

2008 թվականի մարտի 1-ի չբացահայտված 10 սպանությունների գործին անցած տարվա նոյեմբերին նոր դրվագ ավելացավ․ գլխավոր դատախազը, հանդիպելով զոհերի ծնողների հետ, հայտարարեց, որ յուրաքանչյուր սպանության գործով առանձին քննություն է անցկացվում: Արդյունք դեռ չկա:

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, խմբի լուծարումից հետո՝ 2010 թվականին, հայտարարել էին, որ որևէ պատճառ չկա չպատժելու առնվազն «Չերյոմուխա-7» հատուկ միջոց գործադրած ոստիկաններին: Մինչդեռ քննչական մարմինները հայտարարում են, որ հնարավորություն չունեն նույնականացնել զենքերն ու դրանցից արձակված գնդակները:

Փաստահավաք խումբը պարզել էր, որ 2008 թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ Հայաստանի ոստիկանության զորքերն օգտագործել են «Չերյոմուխա-4» և «Չերյոմուխա-7» հատուկ միջոցներ՝ սահմանված կանոնների խախտումներով։ Ըստ նշանակության օգտագործելու դեպքում՝ արգելված է «Չորյոմուղա-7» կրակել մարդկանց խմբավորումների, անգամ՝ անհատ իրավախախտի ուղղությամբ։

Հենց այս հատուկ միջոցներն են դարձել տասը զոհերից երեքի՝ Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի և Տիգրան Խաչատրյանի մահվան պատճառը:

2009 թվականի հուլիսին հարուցվեց առանձին քրեական գործ՝ հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Այս գործով ևս առայժմ հստակ արդյունք չկա:

Իշխանությունը հապշտապ կերպով փորձեց առաջին կրակոցի մեղքը բարդել ցուցարարների վրա: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ 2008 թվականին ուրվագծեց սպանությունների գործի քննության՝ իշխանության համար նախընտրելի բանալին: Քոչարյանը պնդում էր, թե ցուցարարները կրակում էին, հետո թաքնվում ավտոբուսի հետևում: Մինչ օրս չեն բացահայտվել կրակող-թաքնվողներն ու Քոչարյանի վկայակոչած ավտոբուսը:

2011 թվականի ապրիլի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ մարմինների հետ խորհրդակցության ժամանակ պահանջեց նոր թափ հաղորդել մարտի 1-ի գործի քննությանը: Նոր թափի մասին հորդորից ամիսներ անց Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց «Հատուկ զեկույց մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ», որում, հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին, շարունակվեց ողջ մեղքը ցուցարարների վրա բարդելու միտումը: Զեկույցում, մասնավորապես, պնդում կա, որ 2008 թվականի մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ» են եղել, իսկ այդ օրը ուշ երեկոյան տարբեր հրազեններից առաջին կրակոցներն արձակվել են «ամբոխի միջից», ամբոխի կողմից են նետվել առաջին նռնակներն ու այլ պայթուցիկ սարքերը, իսկ իրավապահների գործողությունները նպատակ են ունեցել «սաստել ամբոխին» և կանխել «զինված հարձակումները»:

Զեկույցի հրապարակումից ավելի քան 3 տարի է անցել, և որևէ ցուցարարի մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել ո՛չ հրազենից առաջին կրակոցն արձակելու, և ո՛չ էլ նռնակներ նետելու և պայթուցիկներ կիրառելու համար:

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը 2014-ի սեպտեմբերին հայտարարեց, որ մարտի 1-ի հարցով բացահայտումներն իրականացված են:

«Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են և նրանցից որևէ մեկի դատավճիռը չի փոփոխվել որևէ դատական ատյանում։ Իհարկե, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից», - ասել էր Հովսեփյանը։

Աղվան Հովսեփյանի հայտարարությանը հաջորդեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ըստ էության, հակառակ պնդումը․ - «Եթե այս երեք սկզբունքների միաժամանակյա առկայությունն ապահովվում է, այսինքն՝ գործի քննությունը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմ իրականացվել - վերջացվել է, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքում՝ գործը կարճելու, մյուս դեպքում՝ անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում՝ երբ որ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չի պարզել մեղավոր անձանց, գործը կասեցվում է: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացված չէ, հետևաբար գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»:

Մարտի 1-ի գործը լրիվությամբ բացահայտելու՝ անցած տարիների ջանքերը, փաստորեն, սահմանափակվել են բացառապես ընդդիմադիր հայացքներով հայտնի քաղաքական գործիչների և շարքային քաղաքացիների բանտարկություններով: Ընդդիմադիր հայացքներով հայտնի 65 անձ դատապարվեց ազատազրկման, նրանց ներմամբ ու համաներմամբ ազատեցին իշխանություն-ընդդիմություն երկխոսության փուլերի արանքում: Հիմա ընդդիմադիրներին դատապարտելու առնչությամբ տասնյակ գործեր կան Եվրոպական դատարանում:

XS
SM
MD
LG