Մատչելիության հղումներ

Շրջանառության հարկի օրենքից դժգոհ ձեռներեցները երկու խմբի են բաժանվել


«Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների պարտադիր փաստաթղթավորման կիրառման դեմ բողոքող ձեռներեցները, օրենքի պահանջը ևս 5 ամսով հետաձգելու մասին Կառավարության` շաբաթ օրը կայացրած որոշումից հետո, երկու խմբի են բաժանվել: Այսօր ցուցարարների մի մասը եկել էր Ազգային ժողովի մոտ՝ շարունակելու պայքարը, մյուս մասը կարծում է, որ իրենց շարժումը փորձում են քաղաքականացնել և չի մասնակցում ցույցերին։

Հիշեցնենք՝ առևտրականների և փոքր ու միջին գործարարների բողոքի ցույցերից հետո Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետաձգեց մինչև 2015-ի փետրվարի 1-ը, սակայն հունվարի վերջին բողոքի նոր ալիք սկսվեց, ինչին ի պատասխան՝ Կառավարությունը այս անգամ էլ նոր վերջնաժամկետ սահմանեց հուլիսի 1-ը: Օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում կարող են զգուշացվել և տուգանվել:

Բողոքող ձեռներեցները ասում էին, որ իրենց չի բավարարել կառավարության՝ ժամանակավոր լուծումը։

«Մենք խնդրում և պահանջում ենք մեր նախագահից, վարչապետից, կառավարությունից, Ազգային ժողովից՝ կասեցում», - ասում էին ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարները:

Հարություն Կարապետյանը, ով նախորդ օրերին ակտիվորեն մասնակցում էր ցույցերին, այսօր չէր եկել։ Նա ասում է, որ քաղաքական ուժերի միջամտությունից հետո որոշել են ուղղակի կողքից հետևել տեղի ունեցող իրադարձություններին։

«Դրանից հետո միայն կորոշենք մեր քայլերը», - ասում է նա, - «Դա ճիշտ չի՝ ինչ-որ մարդիկ իրենց վրա են վերցնում ու PR են ուզում անեն: Համենայնդեպս, ես ինքս չեմ սիրում այդպիսի բաներ»:

Ցույցերի ակտիվիստներից Արտակ Խաչատրյանը չի թաքցնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ Ասում է նաև, որ այսօր չի զբաղվում բիզնեսով, սակայն շահագրգիռ է, որ հարցը լուծվի ի նպաստ անհատ ձեռներեցների։

«Որոշակի մարդիկ կարծում են, որ այլևս կարիք չկա, կամ երկրորդ անգամ ուզում են հավատալ կառավարությանը: Իսկ այստեղ հիմա հավաքված են հիմնականում այն մարդիկ, ովքեր հակված չեն հավատալու կառավարությանը, այսինքն չեն ուզում երկրորդ անգամ խաբված լինել», - մեզ հետ զրույցում ասաց նա:

Եթե ցույցերը դադարեցրած խումբը մյուս խմբին մեղադրում է շարժումը քաղաքականացնելու, ապա Արտակ Խաչատրյանը հեռացածներին մեղադրում է շարժմանը վնասելու մեջ։

«Ընդամենը տեխնոլոգիա է կիրառվում՝ շարժումը ինչ-որ մի ձև պառակտելու համար», - հայտարարում է Խաչատրյանը:

Փոքր և միջին ձեռներեցներն էլ առաջարկում են օրենքը կիրառել կամավորության սկզբունքով, բարձրացնել ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը, և սահմանափակել հարկային մարմինների ստուգումները:

Տնտեսագետների հաշվարկներով վերջին տարիներին փոքր ու միջին խանութների թիվը մոտ քսան տոկոսով նվազել է։ Իսկ ստվերը պետք է ոչ թե փոքրերի, այլ խոշորների մեջ փնտրել, պնդում են, թե՛ տնտեսագետները, և թե՛ դժգոհ առևտրականները։

XS
SM
MD
LG