Մատչելիության հղումներ

Կառավարությունը 5 ամսով հետաձգել է շրջանառության հարկի վիճահարույց պահանջը


Կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։

«ՀՀ նախագահի հետ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվեց հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը»,- հայտարարեց վարչապետը։

Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվել է առաջիկա ամիսների ընթացքում այնպիսի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնք մինչև 58 մլն դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ։ Որոշվել է նախագիծը անհապաղ ներկայացնել Ազգային ժողով:

Օրենքի այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն ձեռներեցների պահանջով փաստաթղթավորման պահանջը հետաձգվեց մինչև այս տարվա փետրվար։ Այժմ կառավարությունը երկրորդ անգամ է հետաձգում իր բարեփոխումը: Մի քանի օր շարունակ բողոքի դուրս եկած մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ,սակայն, դժգոհ են այս փոխզիջումից։ Նրանք երեկ հայտարարում էին, որ համաձայն չեն հերթական հետաձգման հետ և պահանջում են ընդհանրապես կասեցնել այս օրենքը։

Անհատ ձեռներեց Հարություն Կարապետյանն ասում է՝ չի հավատում, թե հերթական հետաձգումից հետո հարցը կլուծվի և հուլիսից հետո կրկին նույն կոտրած տաշտակի առջև չեն կանգնի։

«Ես, օրինակ, ուզում եմ՝ իմ բիզնեսը ծաղկեցնեմ, չգիտեմ՝ ծաղկեցնեմ, թե՝ չծաղկեցնեմ։ Սրանից հետո ի՞նչ կլինի՝ կմնա նույնը՞, կփոխվի՞, թե...»,- «Ազատությանը» ասաց Կարապետյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ խոստացան արտահերթ կարգով երկուշաբթի հարցը մտցնել Ազգային ժողովի օրակարգ և քննարկման առարկա դարձնել։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է, որ երեկվանից արդեն ոչ իշխանական եռյակը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով փաստաթղթավորման պահանջը ոչ թե պարտադիր, այլ կամավոր է կդառնա։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր կփաստաթղթավորեն իրենց ապրանքաշրջանառությունը, կվճարեն 1 տոկոս հարկ, իսկ մյուսները կաշխատեն 3.5 տոկոս գործող հարկի պայմաններում։

«Այսինքն հետաձգելը նշանակում է կասեցում, բայց ոչ հարցի լուծում։ Հարցի լուծումը օրենքի ընդունում է, որը մենք առաջարկում ենք»,- ասաց Մելքումյանը։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ևս կողմ շրջանառության հարկի փոփոխությունների կասեցմանը, քանի որ նրա կարծիքով՝ այդ փոփոխությունները նոր լծակ են հարկային տեսուչների ձեռքին, ինչը կարող են օգտագործել փոքր ու միջին ձեռներեցների դեմ։ Նա չի ընդունում իշխանության պնդումը, թե այս նախաձեռնության միջոցով պայքարում են ստվերի դեմ։ Մի կողմից պետական պաշտոնյաներն ընդունում են, որ ստվերը խոշոր բիզնեսի ոլորտում է, մյուս կողմից փորձում են դրա դեմ պայքարել փոքր ձեռնարկատիրության միջոցով, ասում է տնտեսագետը։

«Խոշորները քանակապես ավելի քիչ են, նրանց վերահսկելը ավելի հեշտ է։ Երբ պետական գնումների մասին էին խոսում, մեր նախագահը ասում էր՝ ձուկը պետք է գլխից բռնել։ Հիմա փոխանակ խոշորների հետևից ընկնեն, հակառակ մոտեցումն են որդեգրել»,- ասաց տնտեսագետը։

Մինչև 2013 թվականը շրջանառության հարկը կազմում էր 2 տոկոս։ 2013-ի հունվարից բարձրացվեց 1.5 տոկոսով՝ դառնալով 3,5 տոկոս։ Մինչդեռ ձեռներեցներն այդ ժամանակ առանձնապես չընդվզեցին։ Իսկ այս նախաձեռնությունը, որով գործող 3.5 տոկոս հարկը իջեցվում է 2 տոկոսով, սակայն պարտադիր է դառնում փաստաթղթավորումը, մեծ հուզումների տեղիք տվեց։

Փաստորեն փոքր ու միջին ձեռներեցների համար ավելի հարմար է բարձր հարկ վճարել, բայց խուսափել ձեռք բերված ապրանքների համար փաստաթուղթ վերցնելու գլխացավանքից։ Նրանք ապրանք գնում են հիմնականում խոշոր ներկրող ընկերություններից։ Վերջին օրերի ցույցերի ակտիվ մասնակիցներն, անգամ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ նշելով, վստահեցնում էին, թե խոշորները երբեք չեն տրամադրել ու չեն տրամադրի փաստաթուղթ իրենց մեծածախ ապրանքի համար։

«Մոտեցեք ցանկացած տոնավաճառի ու ձեր գնած ապրանքի համար պահանջեք փաստաթուղթ։ Տեսեք ի՞նչ տեղի կունենա»,- հարցնում էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ շարունակելով.- «Ապրանքի գնաճ, որը մեզ ձեռք չի տալիս, ու մեծ խնդիրներ՝ տարեկան կամ եռամսյակային հաշվետվություն»։

Մեկ այլ մասնակից էլ նշեց.- «Իրենք շատ լավ գիտակցում են՝ ովքեր են էդ թուղթ չտվողները, խոշոր հարկատուները, իրենց չեն էլ կարող բերել հարկային դաշտ»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG