Մատչելիության հղումներ

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կրկին Կառավարության շենքի մոտ էին


Նրանք պահանջում էին «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում։

Վաղ առավոտից Կառավարության շենքի առջև հավաքված հարյուրավոր ցուցարարները պահանջում էին կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը:

Ըստ օրենքի, 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռներեցները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում, կարող են զգուշացվել և տուգանվել:

«Օրենքին ոչ մեկը համաձայն չէ, հակառակ դեպքում, ԱՁ-ները կտանեն բոլորը միասին կհանձնեն պետությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Պարտադիր փաստաթղթաշրջանառությունն, ըստ ցուցարարների, իրենց կանգնեցնում է սնանկացման եզրին:

«Խոշոր ձեռներեցները մեզ փաստաթուղթ չեն տալիս վաճառվող ապրանքի մասին, բայց հարկայինը մեզանից հենց այդ փաստաթուղթն է ուզում», - ասացին առևտրականները՝ Կառավարությունից պահանջելով ազատել իրենց փաստաթղթային քաշքշուկներից։

«Այս ամեն ինչը նման է ինչի՞ն՝ պահանջում ենք այն, ինչը չեք կարող տալ, այսինքն, բալե՛ս, ուզո՞ւմ ես լողանաս, լողացի, բայց լողավազանը ջուր չենք լցնելու։ Այսինքն, մանր բիզնես, փաստաթուղթ չկա, բայց դու փաստաթուղթ տուր, մինչև մենք փաստաթուղթ ապահովենք», - «Ազատության» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց ցուցարարներից մեկը։

Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը մի քանի անգամ ցուցարարներին առաջարկեց տասը հոգանոց խմբով հանդիպել վարչապետին: «Ազատության» հետ զրույցում Ղազարյանն ասաց՝ վարչապետն ինքն է որոշում հանդիպման ձևաչափը, և այս անգամ որոշել է դուրս չգալ շենքից: Ցուցարարները Կառավարության առաջարկին պատասխանեցին սուլոցներով։

Հիշեցնենք՝ առևտրականների և փոքր ու միջին գործարարների շարունակական բողոքի ցույցերից հետո Կառավարությունը անցած տարի հետաձգեց օրենքով նախատեսված գույքագրման պահանջը մինչև փետրվարի 1-ը:

Ցուցարարների պնդմամբ, պարտադիր փաստաթղթաշրջանառությունը ծուղակ է և ողջ ապրանքը գույքագրել իրենք չեն կարող։

«Առևտուրը զրոյական է, տները սաղ դրված են վարկերի տակ։ Տասը տարի առաջ բերված ապրանքը դեռ տեղում կախված է, ինչի՞ մասին է խոսքը», - ասաց գործարարը։

Կառավարության առաջարկած 3․5-ից 1 տոկոս իջեցված հարկն ու գույքագրումն, ըստ առևտրականների, նպատակ ունի կործանել փոքր ու միջին բիզնեսը՝ ճանապարհ հարթելով միայն խոշորների համար։

«Իմաստը նա է, որ խոշոր բիզնեսը մտցնեն 1 տոկոսի տակ, մանր բիզնեսը՝ 5 տոկոսի տակ, ըստ այդմ, վերացնեն մանր բիզնեսը, որ խոշոր բիզնեսին խանգարողները քիչ լինեն», - ասաց ցուցարարը։

Այսօր Երևան էին եկել նաև առևտրականներ Գյումրիից, Վանաձորից և Արմավիրից: Շուրջ երեք ժամ շարունակված ցույցից հետո, սակայն, ո՛չ վարչապետն իջավ, ո՛չ էլ ցուցարարները համաձայնեցին 10 հոգանոց խմբով վերև բարձրանալ: Նրանք խոստացան վաղն առավոտյան կրկին հավաքվել Կառավարության շենքի առջև նույն պահանջով՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ամբողջական կասեցում և հանդիպում վարչապետի հետ, ընդ որում, ոչ թե առանձնասենյակում, այլ հենց դրսում՝ Կառավարության շենքի առջև:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG