Մատչելիության հղումներ

Փոքր և միջին ձեռներեցները պահանջում են ֆինանսների փոխնախարարի հրաժարականը


Հարյուրավոր ձեռներեցներ այսօր կրկին բողոքի ցույց անցկացրին կառավարության շենքի առջև՝ պահանջելով ոչ միայն կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, այլ պաշտոնանկ անել ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին: Պաշտոնյան երեկ երեկոյան հայտարարել էր, թե չնայած ցուցարարների պահանջին՝ օրենքը փոփոխման ենթակա չէ և որ կառավարությունը մտադիր չէ այլևս որևէ զիջման գնալ:

«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, էս Ալավերդյանին գործից հանի», - կոչ արեց ցուցարարներից մեկը:

Երեկ կառավարության շենքի մոտ մի քանի ժամ տևած ցույցի ընթացքում վարչապետն այդպես էլ դուրս չեկավ ցուցարարների հետ հանդիպման: Այդ վերաբերմունքը արհամարհանք համարելով՝ ցուցարարները այսօր ակցիայի ողջ ընթացքում մեջքով կանգնեցին Կառավարությանը:

«Ոնց որ կառավարությունն է ժողովրդին թիկունքով կանգնում, մենք այսօր այս ձևաչափով ցույց ենք տալիս, որ նրանք այլևս մեզ համար կառավարություն չեն», - ասաց ցուցարարներից Արտակ Խաչատրյանը:

Կառավարությունը անցած տարի ցույցերից հետո մեկ անգամ արդեն հետաձգել է վիճահարույց օրենքի կիրառումը, որը շրջանառության հարկը 3.5 տոկոսից իջեցնում է 1 տոկոսի, սակայն պարտադիր է դարձնում ապրանքի փաստաթղթավորումը: Աշնանը տեղի ունեցած բանակցություններից հետո Հովիկ Աբրահամյանը ձեռներեցներին ժամանակ էր տվել մինչև փետրվարի 1-ը: Ակցիայի մասնակիցները սա աչքկապոցի են որակում:

«Էս 6 ամսում մի հատ մատը մատին չեն տվել, հիմա էլ քթներիցս բերում են», - ասաց ցույցի մեկ այլ մասնակից:

Կառավարությունը շարունակում է պնդել, որ այս փոփոխություններով պայքարում է ստվերի և հատկապես խոշոր գործարարների դեմ: Մանր ու միջին ձեռներեցները, սակայն, հորդորում են այդ պայքարում իրենց գործիք չդարձնել:

Ինչպես երեկ այսօր նույնպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը շենքից դուրս չեկավ: Փոխարենը կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ի պատասխան ցուցարարների ասաց, որ վարչապետը շենքում չէ և որ հանդիպման ձևաչափն ինքն է որոշում:

Երեկ վարչապետը համաձայնել էր ընդունել 10 հոգանոցպատվիրակության, ինչը, սակայն, չէր գոհացրել ցուցարարներին: Այսօր նրանք խոստացան, որ պայքարը չեն դադարեցնի, և եթե օրենքը մինչև փետրվարի մեկը չկասեցվի, կանցնեն առավել կտրուկ գործողությունների, այդ թվում՝ հացադուլի ու նստացույցի կառավարության շենքի առջև:

XS
SM
MD
LG