Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա անցկացնող ձեռներեցներին որևէ պաշտոնյա չընդունեց


«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող ձեռներեցներն այսօր կառավարությունից հասան նախագահական նստավայր․պահանջը նույնն էր՝ կասեցնել օրենքը:

Մի քանի ժամ շարունակված ակցիայի ընթացքում, ինչպես և նախորդող օրերին, ցուցարարներին որևէ պաշտոնյա չընդունեց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քանիցս հայտարարել է, որ վաճառվող ամբողջ ապրանքի համար պարտադիր փաստաթղթավորում պահանջող օրենքի նպատակն է ստվերից դուրս բերել խոշոր բիզնեսը: Ցուցարարները պնդում են, որ սա ծուղակ է իրենց համար ու հավելում՝ կառավարության անդամները շատ լավ գիտեն, թե ովքեր են ստվերում գործող խոշոր ձեռներեցները:

«Ինչպե՞ս կարող է վարչապետը չիմանա ով ա խոշորը: Ոնց որ ես իմ կնգա անունը չիմանամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի ցուցարար:

«Այդ խոշոր գործարարներից մեկը նույն ինքը՝ ֆինանսների նախարարն է, ում ուզում են բերել հարկային դաշտ մեր միջոցով: Մենք թույլ չենք տա, որ մեզ որպես գործիք օգտագործեն», - բարձրախոսով հայտարարեց մեկ այլ ցուցարար:

Օրենքի դեմ անցած տարվա աշնանը սկսված ցույցերից հետո կառավարությունը հետաձգեց դրա կիրարկումը մինչև այս տարվա փետրվարի 1-ը: Ակցիայի մասնակիցներն այժմ ասում են, որ այդ իրենք էին կառավարությանը ժամանակ տվել, որ՝ «կառավարությունը այս ընթացքում խոշոր բիզնեսին բերեր հարկային դաշտ, նոր մանրից պահանջեր փաստաթուղթ»:

Բողոքի ակցիայի մասնակիցներին արդեն մի քանի օր է՝ չի հաջողվում վարչապետ Հովիկ Աբրահամյանին դուրս բերել կառավարության շենքից՝ դեմ առ դեմ իրենց բողոքը ներկայացնելու համար: Եվ եթե մի քանի օր առաջ կառավարությունից առաջարկում էին պատվիրակություն կազմել վարչապետին հանդիպելու համար, այսօր դա էլ մերժեցին:

Կառավարության դիմում-բողոքների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ վարչապետի օրակարգն արդեն խիստ զբաղված է:

«Մեծ ցանկության դեպքում էլ որևէ փոփոխություն անել հնարավոր չէ», - ցուցարարներին ասաց Ղազարյանը:

Կառավարության շենքից ցուցարարները շարժվեցին նախագահի նստավայր: Ոստիկանները շրջափակման մեջ էին պահում ցույցի հազարավոր մասնակիցներին՝ թույլ չտալով նրանց անցնել նախագահականի մայթ: Ցուցարարները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, Բաղրամյան փողոցը փակեցին՝ մոտենալով նախագահի նստավայրին: Կարճ ժամանակ անց, սակայն, ոստիկանները նրանց կրկին հեռացրեցին:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանն ու Սամվել Հովհաննիսյանը նախագահականի մայթից հետևում էին ցուցարարներին շրջափակման մեջ պահած ոստիկանների աշխատանքին:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ոստիկանների գործողությունները, Աշոտ Կարապետյանը պատասխանեց․ - «Ծառայությունը շատ ճիշտ է արվում և ծառայության վերջում ես շնորհակալություն կհատնեմ ծառայողներից»:

Ցուցարարները պայմանավորվեցին վաղը ժամը 11-ին կրկին նույն պահանջով հավաքվել կառավարության շենքի առջև:

XS
SM
MD
LG