Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կարծում է՝ «որոշ ուժեր» քաղաքականացնում են ձեռնարկատերերի ցույցերը


Իշխող Հանրապետական կուսակցությունում կարծում են, որ շրջանառության հարկի օրենքի դեմ բողոքի ցույցերը որոշ ուժեր ցանկանում են քաղաքականացնել։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոստովանում է, որ թեև կոնկրետ փաստարկներ չունի և չի կարող ասել, թե որ քաղաքական ուժն է հրահրում, բայց տրամաբանել ու հասկացել է՝ ոմանք փորձում են ձեռնարկատերերի բողոքի ցույցերը օգտագործել «թեժ գարուն» կազմակերպելու համար։

«Իրենց համար պատրվակ է, մարդիկ դուրս են եկել կամ մարդկանց հանել են, տասը դառնում է քսան, քսանը՝ երկու հարյուր, երկու հարյուրը՝ երկու հազար... և խոստացված «թեժ գարուն» կա»,- ասաց Բաղդասարյանը։

Հանրապետական խմբակցության ղեկավարը ասաց, որ խնդիրը ուսումնասիրել է, անգամ դեղատոմս ունի, առաջարկում է մեկ-երկու ամիս աշխատել այս օրենքով, խոստանում է՝ եթե այն վնասի ձեռնարկատերերին, նորից կանդրադառնան հարցին։

«Երբ դինամիկան տեսնենք, որ իրոք կա նման տենդենց, որ կարող է վտանգավոր լինել ՓՄՁ-ների փակման համար, այդ ժամանակ կառավարությունը վստահեցնում է մեզ այդ մասին, [որ կանդրադառնա հարցին]։ Ես ի՞նչ իրավունք ունեմ չհավատալու կառավարությանը։ Ես եմ ընտրել այս կառավարությանը»,- ասաց Բաղադասարյանը։

Իրավիճակը քաղաքականացնելու՝ Հանրապետական խմբակցության ղեկավարի մեղադրանքները, ըստ էության, ուղղված էին ոչ իշխանական եռյակին։ Այսօր նրանք այս տարվա ընթացքում առաջին նիստը գումարեցին, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց՝ պայմանավորվել են շրջանառության հարկի մասին օրենքի հարցով երկուշաբթի արտահերթ նիստ նախաձեռնել։

Իրավիճակը քաղաքականացնելու Հանրապետականների մեղադրանքներին Հակոբյանը կոշտ արձագանքեց։ Նրա խոսքով իշխող կուսակցությունում մի ձևակերպում են սովորել և փոխանակ խնդրի լուծման մասին մտածեն, անընդհատ նույն բանն են կրկնում։

«Եթե մարդիկ կան, որոնք չեն կարողանում այդ տարրական տրամաբանությունը հասկանալ և ասում են, որ դա ընդամենը շահարկում է, նրանք քաղաքականության հետ կապ չունեն։ Ժողովուրդը երեք օր է տուն չի գնում, արդեն նստացույց են հայտարարում, ասում են քաղաքական շահարկում։ Մենք առաջարկում ենք փոփոխություն կատարել։ Հիմնական մեխը պետք է դնել նրա վրա, որ դա կամավորության հիմունքներով լինի սա, և այս հարցը լուծել։ Այդ ինչ համառություն է։ Կամ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում, կամ իսկապես համառություն ունեն, որ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ»,- ասաց Հակոբյանը։

Հանրապետականներին սեփական սխալը ընդունելու կոչ այսօր արվել է ոչ միայն եռյակից, այլև հենց Հանրապետական խմբակցությունից։ Պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարության միջոցով տեղեկացրել է գործընկերներին, որ ինքն էլ է միանում ձեռներեցների պահանջին և հորդորում է կասեցնել օրենքի գործարկումը, քանի որ այն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

Հանրապետական խմբակցության ղեկավարին անգամ գործընկերոջ կոչը չի մտափոխում, իշխող մեծամասնության համար գործընկերոջ այս քննադատությունն ընդամենը ապացույց է, որ իրենց խմբակցությունում բոլորը ազատ են։ Ընդգծելով, որ վստահում են կառավարությանը՝ Վահրամ Բաղդասարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հարցը խմբակցության մակարդակով քննարկման կդնի։

Ոչ իշխանական եռյակից էլ հայտարարում են, որ եթե երկուշաբթի նախաձեռնած արտահերթ նիստում օրենքի փոփոխություն չլինի, ապա գործընթացը կշարունակվի փողոցում։ Հանրահավաքի ստույգ օր այսօր այդպես էլ չնշվեց։ Փոխարենը Ռուբիկ Հակոբյանը ասաց, որ որոշել են նաև Գյումրիում տեղի ունեցած սպանության հարցով փակ լսումներ կազմակերպել։

XS
SM
MD
LG