Մատչելիության հղումներ

Դատախազը 12 տարվա ազատազրկում է պահանջում Սեդրակյանի համար


Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում:

Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում:

Պետական մեղադրող Արամ Ամիրզադյանը այսօրվա դատական նիստում միջնորդեց նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Սեդրակյանին, հիշեցնենք, մեղսագրվում է նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելը:

Մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանի համար դատախազը պահանջեց 13 տարվա ազատազրկում, իսկ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանի համար՝ 14 տարվա ազատազրկում:

Մեղադրական ճառում Ամիրզադյանը փորձեց հիմնավորել, թե ամբաստանյալներ Հարությունյանի և Պողոսյանի այն պնդումները, իբր Սեդրակյանը այս գործի հետ կապ չունի ունեցել, արժանահավատ չեն:

Իսկ Վարդան Սեդրակյանը, ըստ Ամիրզադյանի, մահափորձը պատվիրել է Պարույր Հայրիկյանի «քաղաքական գործունեությունն ընդհատելու» նպատակով:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Հարությունյանն ու Պողոսյանը, մասնակիորեն ընդունելով իրենց մեղքը, դատավորության ամբողջ ընթացքում պնդում էին, որ սպանելու միտում չեն ունեցել, ընդամենը՝ վախեցնելու: Պետական մեղադրողը հայտարարեց, սակայն, թե նրանց նպատակը Հայրիկյանին սպանելն է եղել՝ որպես փաստարկ բերելով երկրորդ կրակոցը․ - «Եթե վախեցնելու համար մի անգամ կրակել ես, դիպել ես ուսին, Պարույր Հայրիկյանը վախեցած վիճակում է»:

Սեդրակյանին մեղսագրվող հանցագործության համար 12 տարվա ազատազրկումը նվազագույն պատիժն է (առավելագույնը ցման ազատարկում է): Նրա փաստաբանը «աբսուրդ» որակեց այն, որ պետական մեղադրողը նվազագույն պատժաչափ է պահանջում՝ որևէ տրամաբանություն այդտեղ չտեսնելով:

«Ամենաքիչը ուզել են քաղաքական գործչի սպանությունը պատվիրողի համար, ամենաշատը ուզել են մեքենա քշող շոֆերի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսեց Ալեքսանդր Սիրունյանը՝ հավելելով․ - «Նույն տրամաբանությամբ դատավարությունն ընթանում է»:

Դատախազի պահանջած պատժաչափերը անհասկանալի են նաեւ տուժողի՝ Պարույր Հայրիկյանի համար, քանի որ, նրա կարծիքով, Հարությունյանն ու Պողոսյանը Սեդրակյանի զոհերն են:

«Մի քանի տարի հետո հուսամ այնպիսի կարգավիճակում կլինեմ, որ կկարողանամ բոլորին ներում շնորհել», - ասաց Հայրիկյանը՝ հավելելով․ - «Եթե մինչև այդ Սեդրակյանին գլխավոր պատվիրատուն վերացրած չլինի: Որովհետեւ եթե Սեդրակյանն ունի ասելու բաներ և չի ասել, ապա անկասկած, պատվեր տվողները կարող են ամեն պահի վախենալ Սեդրակյանի դիրքորոշման փոփոխությունից և կարող են տրամադրվել Սեդրակյանին վերացնել»:

Դատական հաջորդ նիստին պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալների փաստաբանները:
XS
SM
MD
LG