Մատչելիության հղումներ

Գործադիրն այսօր որոշեց, 2013 թվականի պետբյուջեով նախատեսված կաառավարության պահուստային ֆոնդի հաշվին ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Առողջապահության նախարարությանը հատկացնել 20.5 մլն դրամ` անցած նախագահական ընտրություններում թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար:

«Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20 միլիոն 500 հազար դրամով», - հիմնավորել է կառավարությունը:

Հայրիկյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց նրա նախընտրական շտաբի արտաքին հարաբերությունների պատասխանատու Կարո Եղնուկյանը, այսօր հետագա բուժման նպատակով մեկնել է Ռոտերդամ (Հոլանդիա):

«Այդ գումարը Պարույր Հայրիկյանին չպիտի փոխանցվի», - պարզաբանեց Եղնուկյանը: - «Հայրիկյանը չէր էլ իմացել, որ այդքան գումարի վերաբերյալ կոնկրետ որոշում է եղել: Խոսակցությունը միայն եղել է նա, որ Առողջապահության նախարարությունը, ինչպես որ մինչ օրս բոլոր ծախսերը հոգացել է, նաեւ պիտի շարունակի հոգալ արտերկրում բուժվելու ծախսերը»:

Կարո Եղնուկյանի խոսքով, շուրջ մեկ ամիս Առողջապահության նախարարությունը քննարկել է, թե որ երկրի որ հիվանդանոցում է ավելի նպատակահարմար Հայրիկյանի հետագա բուժումը: Մի շարք տարբերակներ քննարկելուց հետո ընտրվել է Հոլանդիան:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Քլինիկաների հետ բանակցություններ է վարվել եւ օպտիմալ տարբերակ է ընտրվել»:

Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժություն եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հայրիկյանի բուժումը արտերկրում կազմակերպելու որոշումը «ճիշտ էր եւ արդարացված»:

Մահափորձի արդյունքում վնասված նյարդերի վերականգնումը, Սահակյանի որակմամբ` «ծայրահեղ դժվար է». - «Մենք կոնսիլիումի ընթացքում ասացինք, որ հանգիստ կարող ենք վիրահատել, բայց վիրահատական արդյունքի ոչ մի գարանգիա տալ չենք կարող... Եթե եվրոպացիները տալիս են` խնդրեմ»:

Պարույր Հայրիկյանի նկատմամբ, հիշեցնենք, մահափորձն իրականացվել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում` հունվարի 31-ին: Մահափորձին առնչություն ունենալու կասկածանքով կալանավորված 3 անձանց թվում է նախագահի մեկ այլ նախկին թեկնածու` Վարդան Սեդրակյանը:

Սեդրակյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ «պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ»:
XS
SM
MD
LG