Մատչելիության հղումներ

Փաստաբան. Մահափորձին Սեդրակյանի առնչությունը փաստող ոչ մի ապացույց չկա


Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան
Նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանի առնչությունը փաստող «որեւէ ապացույց նախաքննական մարմինը չի ներկայացնում», հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Վարդան Սեդրակյանը ձերբակալված է մարտի 5-ից եւ մեղադրվում է «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդի սպանությունը պատվիրելու մեջ: Այդ արարքը Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն պատժվում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ: Մահափորձը կատարելու մեղադրանքով նրա երկու ծանոթները` տունը վերանորոգողն ու տաքսու վարորդը փետրվարից են անազատության մեջ:

Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ մարտի 6-ից դիմել են` ապացուցողական բազային ծանոթանալու համար, եւ այն չի հիմնավորում Սեդրակյանի մեղքը:

«Տեսել ենք ապացույց մի քանի հատ, չեմ ասի ինչ է, գաղտնի է, բայց էդտեղ ապացույց չկա: Մենք ասել ենք` սա՞ է, ասացին` հա, ասացինք` շնորհակալություն: Ապացույց չկա: Չկա մի այնպիսի ապացույց, որի դեմ ես ասեմ` «ստոպ, Վարդա'ն, դու ինձ խաբեցիր, սա ի՞նչ է: Դե արի մտածենք, ոնց անենք, որ քեզ 20 տարի չտան, տան 18», - ասաց փաստաբանը. - «Մոտավորապես նույն տրամաբանությունն է, ինչ որ ասում էր Սեդրակյան Վարդանը իր այն մամուլի ասուլիսում. ասում էր` «դե որ իմ կաֆելչիկն ա, հաստատ ինձ փակելու են»… Այ, մոտավորապես նույն տրամաբանությունն է: Չեմ ուզում վիրավորել իրավապահներին, որովհետեւ գուցե մի բան կա, մեզ դեռեւս չեն ասում, պարզապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը ուղղակիորեն ասում է` ապացույցները սեղանի տակից «հոպա» տարբերակով դուրս գալ չեն կարող, դրանք մարդուն պետք է հանգամանորեն եւ մատչելի ներկայացնես: Այսօր մի ամիսը լրացել է, մենք դեռ ապացույց չենք տեսել»:

Հիշեցնենք, Վարդան Սեդրակյանը մահափորձի մեղադրանքով իր երկու ծանոթների ձերբակալությունից հետո հատուկ մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ ընտրական գործընթացներից հետո, երբ այլեւս որպես նախագահի թեկնածու անձեռնմխելի չի լինի, իրեն կձերբակալեն մահափորձը պատվիրելու մեղադրանքով: Բացառելով իր առնչությունը այս գործին` իր կանխատեսումները էպոսագետն այսպես հիմնավորեց. - «Բա վերջը պիտի պատասխան տան մարդկանց, թե ո՞վ էր կազմակերպել: Որովհետեւ հասարակությունը այդպես էլ չի կարողանում ընկալի, որ կաֆել խփողն ու նարկոմանը գնացել, Հայրիկյան են խփել: Ինչի՞ համար: Պետք ա լինի՞ վերջը տրամաբանական բացատրություն»:

Ալեքսանդր Սիրունյանը հերքեց որոշ լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, որ Վարդան Սեդրակյանն խոստովանել է մեղքը. - «Չէ, ինչը պիտի խոստովանի, չարած բանը ո՞նց են խոստովանում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հենց իրեն մեղադրեցին, փաստաբանը պատասխանեց. - «Մենք էլ ենք այդ հարցի պատասխանին սպասում: Մենք քանի որ կլոունադայի կողմնակից չենք, համբերատար սպասում ենք: Ի վերջո դուք պետք է ապացուցեք իմ մեղավորությունն ու իմ մասնակցությունը դեպքին, դե ապացուցեք: Նպատակն ենք ուզում հասկանալ, մենք էլ ենք ուզում հասկանալ: Կես տոկոսի հավակնորդը մի տոկոսի հավակնորդին խփում է, որ ի՞նչ լինի: Որ նա դառնա տոկոսուկե՞ս»:

«Կան տեսակետներ, որ գուցե ինչ-որ մեկը պատվիրել է Վարդան Սեդրակյանին, որ նախընտրական իրավիճակը ապակայունացնելու համար նման բան նախաձեռնի», - «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. - «Ապացույցները թող տան, մենք այսօր ապացույց չենք տեսել»:

Փաստաբանը հայտարարեց, որ մահափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված երկու անձինք Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունք չեն տվել:

Այս գործով կալանավորվածներից Սամվել Հարությունյանի մայրը` Ռոզա Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց այս գործի առնչությամբ` ասելով, որ այս պատմությունը իր համար էլ շատ մութ է մնում:

«Ես որ մեռնեմ էլ, չեմ հավատա, չգիտեմ էդ ինչեր են անում», - ասաց մայրը, ընդգծելով, որ Պարույր Հայրիկյանին իր տղան չի ճանաչել, քաղաքականությամբ չի հետաքրքրվել. - «Իսկի ընտրություններին զոռով, հազարից մեկ էր գնում, չէր էլ գնում: Իրանց ինչի՞ն էր պետք»:

Հարցին, թե ոմանք կասկածում են, որ գուցե կաշառել են ձեր տղային, որ նման բան անի, ձերբակալվածի մայրը հակադարձեց. - «Կաշառքը բա ո՞ւր ա: Եկել են տները քանդրտել են, ոչ մի կոպեկ էլ չեն գտել, ոչ զենք, ոչ գումար, ոչ մի բան: Տաս հազար դրամ իմ պայուսակի մեջ էր, իր գրպանում էլ երեւի մի հինգ հազար: Հայտարարում էին, թե անլեգալ ա, բայց չկա նման բան, էստեղ ծնված, գրանցված, մեծացած, 41 տարեկան է դառնում հունիսին: Ի՞նչ իմաստ ուներ խաբելը, չհասկացա: Ինչ իմանամ` ինչեր են սարքում…»:

Հավելենք, որ նախաքննական մարմինը ի սկզբանե պաշտոնապես հայտարարել է, որ Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը ընդունել են մեղքը: Երկու մեղադրյալների նախնական կալանքի ժամկետը նախօրեին երկու ամսով երկարաձգվել է: Իսկ Վարդան Սեդրակյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
XS
SM
MD
LG