Մատչելիության հղումներ

Ամբաստանյալն ասում է` նախաքննության ժամանակ սխալ ցուցմունք է տվել


Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը (ձ) ցուցմունք է տալիս դատարանում, 20-ը հունիսի, 2013

Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը (ձ) ցուցմունք է տալիս դատարանում, 20-ը հունիսի, 2013

Թեեւ ակնկալվում էր, որ նախագահի նախկին թեկնածու, ներկայումս ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը այսօր միջնորդություն կներկայացնի դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն Սիրունյանը դա չարեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա նիստի ընթացքում ժամանակը չբավարարեց ամբաստանյալների հարցաքննության համար:

Իսկ առանց դրա, ինչպես ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Սիրունյանը, միջնորդությունը բավարարելու հավանականությունը նվազում էր: Փաստաբանն ասաց` նախորդի նիստի ժամանակ էլ իր պաշտպանյալը նման խնդրանքով հանդես էր եկել` առանց իր հետ համաձայնության գալու:

Այսօր հինգ ժամ շարունակ հարցաքննվում էր միայն ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը, ում մեղադրում են Հայրիկյանի վրա կրակելու մեջ: Հենց հարցաքննության սկզբում Պողոսյանը եւս մեկ անգամ պնդեց, որ Սեդրակյանը կապ չի ունեցել Հայրիկյանի դեմ մահափորձի հետ: Ասաց` նախաքննության ընթացքում ավելի քան 7 անգամ արված հարցաքննությունների ժամանակ սխալ ցուցմունք է տվել: Դատավարության ամբողջ ընթացքում դատախազ Արամ Ամիրզադյանը փորձում էր հասկանալ` արդյոք նախաքննության ժամանակ Խաչատուր Պողոսյանին ստիպե՞լ են սխալ ցուցմունք տալ, ամբաստանյալ Պողոսյանն ասաց, որ չէր ուզում նախաքննական մարմինների մասին վատ բան ասել, բայց քանի որ բանը հասել է սրան, պետք է խոստովանի:

«Լավ գիտեք` դա ոնց է արվում, մինչեւ [նախաքննական ցուցմունքը] չստորագրվեր, «Երեւան» համար 1 մեկուսարանի խցում իմ խուցը չփոխվեց: 29 օր մնացի նենց խցում, որ ասելու չէ, էղա՞վ», - պարզաբանեց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Պողոսյանն ավելացրեց նաեւ, որ առերեսման ժամանակ էլ Հայրիկյանին ներկայացրել են Պողոսյանին եւ ասել` «սա Խաչատուր Պողոսյանն է», այսինքն` իր հետ միասին այլ անձնավորություն չի եղել, որպեսզի Հայրիկյանը ճանաչեր, թե ով է իր վրա կրակել:

Նիստին ներկա գործով տուժող Պարույր Հայրիկյանը հարցաքննության ժամանակ փորձեց պարզել` գուցե հիմա էլ ա՞յլ մարդ է վախեցրել Պողոսյանին, որ փոխի իր նախնական ցուցմունքը, օրինակ, քրեական աշխարհի մարդկանցից, կամ գո՞ւցե հենց իր աջակիցներից է վախենում:

«Բոլորից էլ վախում եմ», - խոստովանեց Պողոսյանը, բայց նաեւ հերքեց, թե այդ վախի պատճառով չէ իր ցուցմունքները փոխել:

Նա ասաց` Սեդրակյանի գործի հետ կապ չունենալու հայտարարությունն էլ որոշել է անել այն բանից հետո, երբ ամբաստանյալ Սամվել Հարությունյանն էր մի քանի նիստ առաջ նման խոստովանություն էր արել: Դատախազ Ամիրզադյանը փորձում էր հասկանալ` Պողոսյանի մոտ հարց չի առաջացե՞լ, թե ինչու է Հարությունյանը ուզեցել, որ հենց Հայրիկյանին վախեցնեն: Ամբաստանյալն ասաց, թե իրեն ասել են` «դա քո գործը չէ, դու գործն արա, մնացածը հետո կխոսենք»:

«Դե, ես ու Սամվելը շատ մոտիկ ենք, ես երկրորդ անգամ ինձ թույլ էլ չեմ տվել հարցնել` թե խի [Հայրիկյանը] կամ ո՞նց», - ասաց նա:

Դատավարության ամբողջ ընթացքում Պողոսյանը պնդում էր, որ Հայրիկյանին սպանելու միտում չի ունեցել, նպատակը` միայն վախեցնելն էր: Առաջին գնդակը, ըստ ամբաստանյալի` Հայրիկյանը կպել իր իսկ պատճառով, քանի որ պաշտպանվելու նպատակով Հայրիկյանը շարժումներ է արել եւ վիրավորվել: Ինչ վերաբերում է երկրորդ գնդակին, ապա այստեղ էլ Պողոսյանը պարզաբանեց, թե այդպես ցանկացել է պարզապես լռեցնել Հայրիկյանի, ով այդ պահին օգնություն էր կանչում. - «Պարույր Հայրիկյանը կալանք տեսած մարդ է, շատ լավ գիտի, որ կանտրոլնի կրակոցը ոնց են անում, ոչ թե անում են թեւին, այլ անում են կամ կրծքավանդակին, կամ գլխին»:

Այսօրվա նիստում դատախազ Ամիրզադյանն անհրաժեշտ համարեց վերընթերցել նախաքննության փուլում կատարված հարցաքննությունները` ասելով, թե Պողոսյանի ցուցմունքների միջեւ լուրջ հակասություններ կան: Ու թեպետ պաշտպանող կողմը այդ հակասությունները նորմալ համարեց, քանզի ամբաստանյալ խոստովանել էր, որ նախապես ստել էր, այնուամենայնիվ, դատավոր Գագիկ Պողոսյանը դատախազի այս միջնորդությունը բավարարեց:

Մի քանի ժամ ընթացող ընթերցման ընթացքում ամենաարտառոց բացահայտումն այն էր, որ նախնական քննության ժամանակ Խաչատուր Պողոսյանը նաեւ ասել էր, թե իրեն առաջարկել էին նաեւ վախեցնել ՀՀ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին, նախագահի փեսա Միքայել Մինասյանին եւ ինչ-որ մի թերթի խմբագրի, որի անունը նա այդ պահին չէր հիշել:

Այս ամբաստանյալի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին:
XS
SM
MD
LG