Մատչելիության հղումներ

Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ «կապ չունի»


Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում: 7-ը հունիսի, 2013թ.

Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում: 7-ը հունիսի, 2013թ.

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանի պնդմամբ` նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ:

Սեդրակյանին, հիշեցնենք, ներկայացվում է հանցագործությունը պատվիրելու մեղադրանք:

Դատական այսօրվա նիստում Հարությունյան ասաց, թե նախաքննության ընթացքում սխալ ցուցմունք էր տվել Սեդրակյանից գումար շորթելու նպատակով` հավելելով. - «Մնացած մանրամասները ես իմ փաստաբանի հետ կխորհրդակցեմ եւ հաջորդ դատական նիստում կասեմ»:

Սամվել Հարությունյանի փաստաբան Գայանե Գալոյանը, սակայն, նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իր պաշտպանյալի այս հայտարարությունն իր հետ համաձայնեցված չէր. - «Դա ինձ համար անակընկալ էր»: Փաստաբանը հավելեց, որ եթե իրավունք ունենար, ապա կհրաժարվեր Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանելուց:

Իսկ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Աստծուն փառք: Պատճառը ինքը [Սամվել Հարությունյանը] կբացարտրի: Ինքը պարզապես ասաց մի սովորական ճշմարտություն, որ Սեդրակյան Վարդանը դրա հետ կապ չունի»:

Իսկ դատավարության այսօրվա նիստում հարցաքննվում էին Պարույր Հայրիկյանի հարեւանները, ովքեր պատմում էին թե ինչ են տեսել ու լսել սույն թվականի հունվարի 31-ի գիշերը:

Դատակոչված վկաներից այսօր ցուցմունք տվեց նաեւ տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը: Նա դատարանում մատնացույց արեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին, ում, իր խոսքով, հունվարի 31-ի երեկոյան Պարույր Հայրիկյանի բնակարանի մերձակայքից տարել է Քանաքեռ: Ամբաստանյանը պնդեց, թե վկային «հուշել են, որ իրենց մատնացույց անի»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 12-ին, որին դատավարության բոլոր կողմերը պարտադիր են համարում տուժող Պարույր Հայրիկյանի մասնակցությունը:
XS
SM
MD
LG