Մատչելիության հղումներ

Նախագահի երկու նախկին թեկնածուների մասնակցությամբ դատական նիստին այսօր հարցաքննության էին հրավիրվել Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով եզրակացություններ ներկայացրած դատաբժիշկը և դատաձգաբանական փորձագետը։

Առաջինը հարցաքննված դատաբժիշկը նշեց, որ հրազենային երկու վնասվածքի մասին իր եզրակացությունում գրել է հիմնվելով նաև հիվանդության պատմության վրա, իսկ անձամբ տեսել է միայն առաջին գնդակից առաջացած վերքը։

Գործով որպես մահափորձի պատվիրատու մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ է եզրակացությունում գրել, որ եղել է երկու հրազենային վնասվածք, միգուցե երկրորդ վնասվածքը ոչ թե հրազենից է եղել, այլ Հայրիկյանի՝ գետնին ընկնելուց։

Երբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց, թե ինչպես է ստացվել որ մոտ տարածությունից արձակված գնդակը մնացել է Հայրիկյանի մարմնում, Հայրիկյանը որոշեց հակադարձել, պաշտպանողը պատասխանեց նրան, ինչին էլ արձագանքեցին դահլիճում նստած Հայրիկյանի կողմնակիցները։ Դահլիճում վիճաբանություն սկսվեց։
Այնուհետև հարցաքննվեց դատաձգաբանական փորձագետը։ Նա ասաց, որ այն զենքը, որով կրակել է մեղադրյալը, գտնվել է գործարանային վիճակում, ինչն էլ նշանակում է, որ մոտ տարածությունից կրակելու դեպքում, եթե այն չունենար փամփուշտի հետ կապված խնդիր, ապա պետք է նորմալ աշխատեր. թերևս հենց փամփուշտի հետ առաջացած խնդիրն է պատճառը, որ առաջին գնդակը մնացել է մարմնի ներսում։

Փորձագետներին լսելուց հետո, միջնորդության համար խոսք խնդրեց մեղադրող դատախազը, ով հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքի ծավալում ցանկանում է փոփոխություն մտցնել։
«Երկու կրակոցը ուղղակի ուղղվածություն ունեն։ Մեկը ուղղված է եղել կրծքավանդակին, իսկ մյուս կրակոցը արձակվել է Պարույր Հայրիկյանի ուղղությամբ, այն վնասել է միայն հագուստը, այսինքն՝ վերարկուն, պիջակը և վերնաշապիկը։ Երկրորդ կրակոցի վերաբերյալ մեկնաբանությունը հօգուտ ամբաստանյալի է», - ասաց մեղադրող դատախազը։

Դատարանը որոշեց որ միջնորդությունը կքննարկի վերջնական որոշումը կայացնելու ժամանակ։ Պաշտպանող Ալեքսանդր Սիրունյան էլ միջնորդեց որպեսզի ներկայացվի նաև Հայրիկյանի հիվանդության պատմությունը, մինչդեռ դատարանը միջնորդությունը մերժեց։ «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ կփոխեր հիվանդության պատմությունը, Սիրունյանը ասաց, որ երբ դա բոլորը տեսնեն կզարմանան։
«Գործը կեսից ենք քննում, ապացույց պետք է լինի՞ գործի մեջ՝ դատավարական ապացույցը։ Քննիչին ասում ես՝ տեսել ես վերքը, ասում է՝ չէ, փորձագետին ասում ես՝ տեսե՞լ ես, ասում է՝ այո, բայց վիրահատությունից հետո։ Բժիշկը, որը վիրահատել է, ասում ենք բերենք դատարան, ասում են՝ հիվանդ է։ Պարույր Հայրիկյանն ասում է, ցույց կտամ, բայց բոլորիդ ցույց չեմ տա», - ասաց Սիրունյանը։

Փաստաբանն ասաց, որ չի կասկածում թե վնասվածք կա, բայց անհրաժեշտ ապացույց է ուզում տեսնել։ Դատավարության ընթացքում հերթական անգամ իր խափանման միջոցը փոխելու դիմում ներկայացրեց Վարդան Սեդրակյանը, որը մերժվեց։
Ի դեպ ընդմիջման ընթացքում փաստաբան Սիրունյանին էին մոտեցել մի խումբ մարդիկ, ովքեր ներկայանալով որպես Հայրիկյանի կողմնակիցներ, Սիրունյանից նիստի ընթացքում բարձր խոսելու համար ներողություն էին պահանջում։ Այս մասին Սիրունյանը հայտարարեց նաև նիստի ընթացքում։ Հայրիկյանն էլ ասաց, որ ոչնչից տեղյակ չէ։
XS
SM
MD
LG