Եթե Զելենսկին պատրաստ է գալ Մոսկվա, ապա Ռուսաստանը կերաշխավորի նրա անվտանգությունը. Ուշակով

Եթե Ուկրաինայի նախագահը պատրաստ է գալ Մոսկվա և քննարկել հարցերը, որոնց շուրջ դեռ համաձայնություն չկա, ապա Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել Վլադիմիր Զելենսկիի անձնական անվտանգությունը, հայտարարել է նախագահ Պուտինի օգնականը:

Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Յուրի Ուշակովն ասել է, որ նման հանդիպումը պետք է նախապես շատ լավ պատրաստվի և կոնկրետ արդյունքներ ունենա: Նրա փոխանցմամբ՝ ամերիկյան կողմի հետ քննարկումների ժամանակ այս հարցը մի քանի անգամ քննարկվել է:

«Այս հարցը մեզ համար նորություն չէ։ Այն քանիցս քննարկվել է մեր նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույցների ժամանակ։ Այս զրույցների ընթացքում Թրամփը, մասնավորապես, առաջարկել է, որ մենք դիտարկենք այս հնարավորությունը», - հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Մինչ այդ Ուկրաինայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել երկու հարցերը, որոնց շուրջ Աբու Դաբիում անցած շաբաթվա եռակողմ բանակցությունների ժամանակ կողմերը չեն համաձայնել:

«Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Անդրեյ Սիբիգան ասել էր, որ խոսքը տարածքների և պատերազմի ժամանակ ռուսական վերահսկողությանն անցած Զապորոժիեի ատոմակայանի ապագայի մասին է:

Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական զորքը դուրս գա ողջ Դոնբասից, ինչն Ուկրաինան անընդունելի է համարում: Կիևն էլ զուգահեռ պահանջում է, որ Ռուսաստանն իրեն վերադարձնի Զապորոժիեի ատոմակայանը:

Սիբիգան նաև նշել էր, որ խաղաղության ամերիկյան պլանի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում որակական փոփոխություն կա: Ըստ նրա՝ հիմա երկու փաստաթուղթ կա սեղանին, որոնք կարող են ստորագրվել:

«Եթե խոսքը կոնկրետ 20 կետանոց շրջանակի մասին է, ապա դա դեռ երկկողմ փաստաթուղթ է, որը կստորագրեն ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Դե ԱՄՆ-ն էլ պետք է փաստաթուղթ ստորագրի Ռուսաստանի հետ։ Այս պահին սա է քննարկվող նախագիծը, բայց բանակցությունները շարունակվում են, սա գործընթաց է», - նշել է Սիբիգան:

Ուկրաինայի գլխավոր դիվանագետը պարզաբանել է՝ Եվրամիության ստորագրությունը չի լինի որևէ փաստաթղթի տակ, թեև բոլոր դրույթները համաձայնեցվում են նաև եվրոպացի դաշնակիցների հետ։ «Սա սկզբունքային հարց է», - ընդգծել է նա:

Միացյալ Նահանգների նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ ռուս - ուկրաինական բանակցություններում դրական զարգացումներ են տեղի ունենում: Մանրամասներ, սակայն, Դոնալդ Թրամփը չի հայտնել:

Ուկրաինայի նախագահն էլ երեկոյան ուղերձում ասել է, որ ինտենսիվ աշխատում են, որպեսզի թե՛ Ուկրաինան, թե՛ Եվրոպան անվտանգության երաշխիքներ ստանան, և հնարավոր լինի պատերազմն արժանապատիվ կերպով ավարտել։ Զելենսկին կրկնել է, որ Ռուսաստանն է սանձազերծել պատերազմը, Ռուսաստանն էլ պետք է դադարեցնի այն:

«Բոլորն են հասկանում, որ սա Ռուսաստանի պատերազմն է: Եվ այն դադարեցնելու պատասխանատվությունը նույնպես Ռուսաստանի վրա է: Եվ Ռուսաստանը պետք է ճնշման ենթարկվի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Այսօր էլ Զելենսկին սոցցանցում գրել է, որ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման մասին ԱՄՆ-ի հետ կնքվելիք համաձայնագրում Կիևը մի շարք ոլորտներ է առանձնացրել, որոնք պետք է ավելի խորությամբ մշակվեն:

Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Խարկովում ռուսական անօդաչուն հարվածել է մարդատար գնացքի, որում մոտ 200 ուղևոր է եղել, հինգ մարդ է սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած: Անօդաչուի հարվածից երկուական զոհ էլ կա Սումիի և Կիևի մարզերում, երեք վիրավոր՝ Օդեսայում:

Բելգորոդկա գյուղում «Ազատության» ուկրաինական ծառայության ռազմական թղթակիցը ռուսական հրետակոծությունից բռնկված հրդեհից 4-ամյա երեխայի է փրկել:

Խերսոնում ռուսական անօդաչուն հարվածել է հիվանդանոցի, երկու բուժաշխատող է վիրավորվել: Զապորոժիեում էլ վիրավորվել է չորս մարդ, վնասվել է 12 շենք: Մայրաքաղաք Կիևում դեռ 737 բազմաբնակարան շենք էլեկտրաէներգիա չունի:

Ուկրաինական զինուժն էլ Վորոնեժում հարվածել է նավթամբարի, որտեղ հրդեհ է բռնկվել:

Ըստ Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության՝ Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմի հետևանքով գրեթե 1.2 միլիոն ռուս և մոտ 600,000 ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել։ Ընդհանուր կորուստները, ըստ կենտրոնի, այս գարնանը կարող են հասնել 2 միլիոնի:

Պատերազմի ընթացքում ռուսական կողմի զոհերի թիվը կազմում է 325,000: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ըստ ուսումնասիրության, ոչ մի խոշոր տերություն այսքան զոհ չի ունեցել: Ուկրաինական կողմի զոհերի թիվը կազմում է 100,000-ից 140,000։ Միայն անցած տարի ռուսական կողմից զոհվել կամ վիրավորվել է մոտ 415,000 զինվոր:

Կրեմլը հերքել է այս տվյալները՝ դրանք որակելով ոչ վստահելի: Դմիտրի Պեսկովն ասել է, որ պետք է հիմնվել Պաշտպանության նախարարության տվյալների վրա, բայց միևնույն է ռուսական կորուստների թիվը չի նշել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ. ՍիբիգաԽարկովի մարզում գնացքին անօդաչուի հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվելՈւկրաինական պատերազմում զոհվածների, վիրավորների թիվը մոտենում է 2 միլիոնիԹրամփը հայտնում է՝ ռուս-ուկրաինական բանակցություններում դրական զարգացումներ են տեղի ունենումFT. Անվտանգության երաշխիքների դիմաց Վաշինգտոնը Կիևից պահանջում է զիջել ամբողջ Դոնբասը ռուսներին Զանգվածային հարձակում Օդեսայի վրա․ կա առնվազն 22 տուժածԱբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են. ԶելենսկիAxios. Աբու Դաբիում բանակցություններից հետո կողմերը շատ մոտ են Պուտինի և Զելենսկու հանդիպմանը