Մատչելիության հղումներ

Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են. Զելենսկի

Աբու Դաբիում շաբաթավերջին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են, Վիլնյուսում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ անդրադառնալով Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների երկօրյա հանդիպմանը: Միաժամանակ ամենագլխավոր՝ տարածքների հարցի շուրջ կողմերն այդպես էլ չեն համաձայնել:

Լիտվացի պաշտոնակցի հետ ասուլիսին Ուկրաինայի նախագահը հասկացրել է՝ այս հարցում Կիևի դիրքորոշումն անփոփոխ է. երկրի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, իսկ փոխզիջման բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն:

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինայի համար առանցքային մյուս հարցի՝ ԱՄՆ կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը պատրաստ է: Կիևն սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի ստորագրման օրն ու վայրը:

«Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են: Սրանք անվտանգության երկկողմ երաշխիքներն են ԱՄՆ կողմից: Փաստաթուղթը 100 տոկոսով պատրաստ է, և սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն «կառուցողական» են գնահատել Աբու Դաբիի բանակցությունները: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ դրանք կշարունակվեն հաջորդ շաբաթ՝ նույն վայրում: Իսկ թե կոնկրետ երբ, Սթիվ Ուիթքոֆը չի նշել:

Ամերիկյան Axios-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ փետրվարի 1-ին: Ըստ աղբյուրի՝ Աբու Դաբիի հանդիպմանն ամեն ինչ այնքան լավ է անցել, «որքան հնարավոր էր ակնկալել»: Քննարկվել է ամեն ինչ, նույնիսկ Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունը, և կողմերը հիմա «շատ մոտ» են դրան:

Կրեմլի խոսնակը ևս հաստատել է՝ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ: Դմիտրի Պեսկովը կրկնել է՝ Ռուսաստանի համար անփոփոխ են մնում 2025 թվականի օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:, այդ թվում՝ ողջ Դոնբասի վերադարձի վերաբերյալ:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ... սա մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը, որն «Անքորիջի բանաձևի» մաս է, իհարկե, սկզբունքային նշանակություն ունի ռուսական կողմի համար: Մեր բանակցողներն էլ շարունակում են պաշտպանել մեր շահերը», - նշել է Պեսկովը:

ԵՄ խորհուրդը հաստատել է 2027-ի հունվարի 1-ից ռուսական հեղուկ բնական գազի ներկրումը լիովին արգելելու ծրագիրը

Ու մինչ հստակ չէ, թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը, Եվրոպական Միության խորհուրդը հաստատել է 2027-ի հունվարի 1-ից ռուսական հեղուկ բնական գազի ներկրումը լիովին արգելելու ծրագիրը: Դրանով Եվրոպան նպատակ ունի նաև Ռուսաստանին զրկել Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից:

Բուլղարիան ձեռնպահ է մնացել, սակայն Սլովակիան և Հունգարիան դեմ են քվեարկել: Հունգարիան նաև հայտարարել է, որ վիճարկելու է նոր օրենքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեին. կան տուժածներ

Իսկ այս ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածներն Ուկրաինային: Գիշերը ինտենսիվ հարվածել են Զապորոժիեին։ Կան տուժածներ: Ռուսական հարվածների հետևանքով Կիևում մոտ 800,000 բնակիչ դեռ էլեկտրաէներգիա չունի, ավելի քան 1600 բազմահարկ շենքում չկա ջեռուցում: Բնակիչները ժամանակավոր կացարաններում են տաքանում, լիցքավորում հեռախոսները:

Կիևի թաղամասերից մեկում բացօթյա երեկույթ է կազմակերպվել, որպեսզի բնակիչները մի պահ մոռանան կենցաղային անհարմարությունների մասին:

«Մենք ավելի շատ գիշերն ենք էլեկտրաէներգիա ունենում, քան ցերեկը։ Ջուրը պարբերաբար անջատվում է։ Ջեռուցում գրեթե չունենք։ Բայց ունենք ոգու ուժ և ապրելու ցանկություն», - ասել է Կիևի բնակիչներից մեկը։

«Որոշեցինք փորձել հավաքել մեր հարևաններին ու ընկերներին, որպեսզի մի փոքր տաքանան խորովածի մոտ… Մտածում էինք, որ մոտ 15 մարդ կգա, բայց տասն անգամ ավելի շատ մարդ եկավ՝ մոտ 150 մարդ», - նշել է երեկույթի կազմակերպիչ Դմիտրոն:

Ուկրաինական զինուժն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել: Կրասնոդարում հարվածել է նավթավերամշակման գործարանի: Կա մեկ տուժած:




XS
SM
MD
LG