Զախարովա. Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կուժեղացնի Հայաստանի կախվածությունը այլ երկրներից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ բալանսի համակարգաստեղծ տարր է, դրա փակումը միայն կհանգեցնի այլ պետություններից երկրի էներգետիկ կախվածության ուժեղացմանը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Այսօր Մեծամորի կայանը հանրապետության համակարգաստեղծ տարրի դեր է կատարում՝ արտադրելով էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը: Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն գեներացումը թույլ է տալիս Հայաստանին շատ տարիներ շարունակ զարգացնել արդյունաբերությունը, ապահովել տեխնոլոգիական առաջընթաց», - ասված է ի պատասխան լրատվամիջոցի հարցի Մարիա Զախարովայի հրապարակած մեկնաբանությունում:

«Ինչպե՞ս կմեկնաբանեիք վերջին ժամանակներս որոշ երկրներում ի հայտ եկած պնդումները, թե իբր Մեծամորի ատոմակայանը Հայաստանում սպառնալիք է տարածաշրջանում անվտանգությանը», - այս հարցին Զախարովայի պատասխանում նաև ասված է. - «Ժամանակակից աշխարհում, հատկապես մի շարք եվրոպական երկրների՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների անցում կատարելու անհաջող փորձերի ֆոնին, խաղաղ ատոմը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոններից մեկն է: Սեփական ԱԷԿ-ի փակումը չի բերի ոչնչի, բացի էներգետիկայի ոլորտում այլ երկրներից պետության կախվածության աճից»:

«Ակամայից հարց է ծագում՝ ի՞նչ նպատակներով են միջազգային խաղացողները, որոնք իրենք են զարգացնում ատոմային էներգետիկան կամ լուրջ խնդիրներ չունեն էլեկտրաէներգիայով սեփական ապահովվածության հետ, ժամանակ առ ժամանակ հանդես գալիս ռուս-հայկական ատոմային նախագծի դեմ», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե նման հայտարարություններն իրենք գնահատում են որպես «տվյալ բնագավառում ռուս-հայկական համագործակցության մեջ պառակտում մտցնելու, Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խանգարելու փորձ»:

Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով, որը եկող շաբաթ ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը, պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», բայց թե կոնկրետ որ երկրի հետ է մտադիր համագործակցություն կնքել՝ Երևանը դեռ չի հստակեցրել։

Մինչ այդ նշվում է, որ գործող ատոմակայանի՝ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի կերկարաձգվի մինչև 2036 թվականը։

Տասն օր առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե Հայաստանի ատոմակայանը «հնացած է և և վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար», և Ադրբեջանից հոսանք գնելով Հայաստանը կարող է դիմակայել էներգետիկ ենթադրյալ ճգնաժամին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ է անելու կառավարությունը երկաթուղու ու ատոմակայանի հետԱլիևն էլեկտրաէներգիա է առաջարկում Հայաստանին` իբրև այլընտրանք ՀԱԷԿ-ինՆոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանը կդիմի Ռուսաստանի, թե՞ Արևմուտքի օգնությանը