Ընդդիմադիր ուժերին համախմբելու բանակցությունները սկսվել են. Սամվել Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ պայքարի օրակարգով ընդդիմադիր ուժերի համախմբման քննարկումները սկսվել են, վստահեցնում է՝ այս գործընթացը նախաձեռնած «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Իսկ ո՞ր ուժերի հետ են քննարկումները, տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանն այսօր անուններ չնշեց: Միայն հստակեցրեց, որ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հունիսի 7-ի ընտրություններից հետո դեռ չի հանդիպել:

«Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել: Առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր կալանավորված չեն», - ասաց նա:

Գործարարը ընդդիմադիրներին համախմբելու իր ծրագրի մասին հայտարարեց խորհրդարանական ընտրություններից օրեր անց: Անգամ առաջարկում էր մեկ սեղանի շուրջ հավաքվել ուղիղ եթերում, բայց այսօր հրաժարվեց նույնիսկ քննարկմանը մասնակցող ուժերի անունները նշել:

«Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ ու կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն: Ես պատրաստ եմ ցանկացած օր», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը:

«Ազատության» տեղեկություններով՝ քննարկումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի հետ են:

«Քաղաքական ակտիվ դերակատարների հետ քննարկում ենք իշխանության դեմ պայքարի համատեղ հնարավորությունը», - «Ազատությանն» ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հրաժարվելով նշել մյուս ուժերի անունները: Կարապետյանի հետ արդեն հանդիպել է:

«Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցելու ենք, ում որ գնահատենք՝ անկեղծ են իրենց նկրտումների մեջ, համագործակցելու ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրենց ցույց են տալիս որպես ընդդիմադիր, բայց համարվում են պրոքսի ուժեր», - ընդգծեց Սամվել Կարապետյանը:

Կարապետյանը, որ քաղաքական դաշտում ակտիվացավ վերջին մեկ տարվա ընթացքում՝ ազատությունից զրկվելուց ու մեղադրյալ դառնալուց հետո, ընտրությունների փուլում խոստանում էր դառնալ հաջորդ վարչապետը: Նրա թիմակիցները նրան հենց այդպես էլ դիմում էին մինչև քվեարկության արդյունքները: Ընդդիմադիր լիդերի կարգավիճակի հետ անհաշտ գործարարը անցնցում իշխանափոխության կողմնակից է ու վստահեցնում է՝ պայքարը լինելու է մեկ անգամ ու ընդմիշտ: Պատգամավորական մանդատների ու փողոցային պայքարի համատեղ սցենարով: Ի՞նչ երաշխիք, որ այս անգամ հաջողության կհասնի:

«Ես ասել եմ՝ մենք դա կանենք մեկ անգամ ու վերջնական, դա կանենք, երբ հասունանա: Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությունը, մենք ամեն ինչ անում ենք: Սա մեխանիզմ է, մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակն տանենք», - ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը Կարապետյանի, Քոչարյանի ու Ծառուկյանի առաջնորդած ուժերը որակել է եռագլուխ կուսակցություն ու նախընտրական փուլում հրապարակային սպառնում էր նրանց ունեզրկել, բանտարկել, իսկ ընտրություններից հետո նրանց մեղադրում էր կաշառքով ընտրվելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, դրանց անհատապես ջախջախելու եմ». Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը

Ընտրություններից մեկ ամիս անց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, նրան պատկանող մի շարք ձեռնարկությունների դռները կապարակնքեցին, բիզնեսներից երեքն արդեն պետությունն է կառավարում:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով է մեղադրյալ, ընտրություններից հետո մեկ վարույթ էլ ավելացավ՝ իր նախագահության տարիներին պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով: Ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդի՝ «Ֆորբս»-ի ցանկով միլիարդատեր Կարապետյանի դեմ էլ քրեական գործ հարուցվեց մեկ տարի առաջ: Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց՝ ազատությունից զրկվեց՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով, հետո էլ ավելացրին փողերի լվացման մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի սկսած կոնսոլիդացիան Ոմանք սպասում են առաջարկների, ոմանք՝ նախապայման դնում. ընդդիմադիրները որոշում չունեն Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ «Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու օրակարգով միավորվում է