Ընդդիմադիր 5 ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն ՍԴ-ում

ՀՀ ՍԴ նիստ, արխիվ

Հինգ ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում: Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներից, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից և Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ից բացի, այսօր Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարեց նաև նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը: Կուսակցությունը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր վիճարկել ընտրությունների արդյունքները:

«Ինչում մեղադրվում էին նախկին իշխանությունները, տասնապատիկ ավելի շատ մենք տեսել ենք էս իշխանությունների օրոք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախօրյակին», - այսօր հայտարարեց «Միասնության թևեր»-ի ներրկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը:

Թաթոյանի առաջնորդած ուժը հունիսի 7-ի ընտրություններում ստացել է շուրջ 33 հազար ձայն՝ դուրս մնալով խորհրդարանից:

«Նախընտրական ամբողջ պրոցեսի ընթացքում ընտրողների վրա, մեր քաղաքացիների վրա գործադրվել են, կիրառվել են այնպիսի միջոցներ, հատկապես իշխող քաղաքական ուժի մասին է խոսքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, և պետական ապարատի, որ ընտրողները չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը ընտրատեղամասերում, այսինքն՝ բառացիորեն խախտվել է Սահմանադրությամբ պաշտպանվող՝ ընտրության ազատությունը, այսինքն՝ ընտրությունները չեն եղել ազատ և հավասար», - պնդեց Դրմեյանը:

«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արմեն Գալստյանն ու Լիպարիտ Դրեմյանը այսօր հրավիրած ասուլիսում աննախադեպ որակեցին ՔՊ-ի կողմից պետական և վարչական ռեսուրսի կիրառումը, ինչի ապացույցներից մեկն էլ, ըստ նրանց, նախընտրական շրջանում պետական ծառայողներին բաժանված պարգևավճարներն էին:

Իշխանությունը պարգևավճարը բաժանեց այս մարտին, երբ դեռ չէր մեկնարկել նախընտրական քարոզարշավը, դրա համար հատկացնելով ավելի քան 12 միլիոն դոլար: Մինչ փորձագետները քաղաքական կոռուպցիայի ռիսկ էին տեսել, վարչապետ Փաշինյանը, հակառակը, այս որոշումը դիտարկել էր հենց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, որ ցածր վարձատրվող պետական աշխատողները չգայթակղվեն կաշառքով:

Ընդդիմադիր ուժի անդամները նաև մատնանշեցին քարոզարշավի ընթացքում իրենց կողմից հրապարակված ձայնագրությունները, համաձայն որոնց՝ տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարների ստիպում էին հավաքագրել մարդկանց և տանել ՔՊ-ի նախընտրական հավաքներին:

«Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աննախադեպ ծավալի վարչական ռեսուրս է օգտագործվել: Եթե վարչական համայնքի ղեկավարները, եթե ավագանին նվիրատվություններ են իրականացնում անշարժ գույքի, հողամասերի, ֆինանսական միջոցների, ազատում են անձանց գույքահարկից, էլ, ներողություն, բարեգործությունն ու ընտրակաշառքը չակերտավոր էլ ինչպե՞ս է լինում», - ասաց Լիպարիտ Դրմեյանը՝ շարունակելով. - «Ռեսուրսի չարաշահում, ռեպրեսիվ մեխանիզմներ, աննախադեպ ֆինանսների օգտագործում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, որը այդպես էլ ռեալ կերպով արտացոլված չէ նախընտրական հիմնադրամում՝ էս արդյունքը կումուլյատիվ բերել է նրան, որ այո, մեր ձայները նվազել են»:

Սահմանադրական դատարան դիմելու մասին է հայտարարում նաև ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը:

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ցուցակում ընդգրկված փաստաբան Լևոն Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ՍԴ-ից պահանջելու են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

ԴՕԿ-ը հունիսի 7-ի ընտրություններում ստացել է ավելի քան 25 հազար ձայն՝ դարձյալ դուրս մնալով խորհրդարանից:

«Հիմքում դիմումի դրված է ինչպես վարչական ռեսուրսը՝ տոտալ ձևով իրականացված, ունենք համապատասխան ապացույցներ, բնականաբար կներկայացնենք, նաև դրված է տոտալ ընտրակաշառքի բաժանումը: Մենք ունենք ապացույցներ և կներկայացնենք», - ասաց Բաղդասարյանը:

Խորհրդարան չանցած ուժերից Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը թեև չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «ձևավորվող խորհրդարանը լեգիտիմ չէ», բայց Սահմանադրական դատարան չի դիմի: «Լուսավոր»-ը ընտրություններում ստացել է շուրջ 7 հազար ձայն:

«Այսինքն՝ ընտրությունները ազատ չէին, արդար չէին և թափանցիկ չէին: Գնացինք առաջ», - հայտարարեց Մարուքյանը:

«Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի անվան Սահմանադրական դատարան դիմելը նպատակահարմար չենք համարում։ Մենք համոզված ենք, որ դատական իշխանությունը անկախ չէ և ամբողջությամբ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին» ,- «Ազատությանը» փոխանցեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:

Մանդատների բաշխման նոր կա՞րգ, թե ՞ ընտրությունների երկրորդ փուլ

«Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին և քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալ Հայաստանի Հանրապետությունում քրեական օլիգարխիան, ներառյալ՝ ընտրակաշառք բաժանող ուժերի, արմատախիլ անելու գործընթացով, և այդ գործընթացը, կարող եմ ասել, որ արդեն իսկ սկսված է», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ իշխանությունը հերքում է վարչական ռեսուրսի չարաշահման մասին ընդդիմության պնդումները՝ մեղադրելով իր քաղաքական հակառակորդներին ընտրակաշառքով ընտրվելու մեջ, Սահմանադրական դատարան դիմել պատրաստվող ընդդիմադիր ուժերը մարտավարական առումով առայժմ չեն բացահայտում, թե իրենց հայցադիմումներում ինչ շեշտադրումներ են անելու, ՍԴ-ից պահանջելու են ընտրությունների արդյունքները անվավե՞ր ճանաչել և մանդատների բաշխման նոր կա՞րգ սահմանել, թե՞ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

Ի դեպ, ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտության մասին առաջինը խոսել էր «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Կդիմենք Սահմանադրական դատարան, առաջարկում ենք երկու պայման՝ նոր ընտրություններ, երկրորդը՝ երկրորդ փուլ», - հայտարարել էր նա:

ԲՀԿ-ից ևս առայժմ փակագծեր չեն բացում, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, թե դեռ աշխատում են հայցի վրա: Ավելի քան 58 հազար ձայն ստացած Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը երեք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով դուրս մնաց խորհրդարանից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չնայած ընտրակաշառքի մասին պնդումներին, Վահագն Ալեքսանյանը չի հստակեցնում՝ կդիմե՞ն ՍԴ, թե՞ ոչՎարչապետը խոսում է ընտրակաշառքից, փաստաբանը համարում՝ ուղիղ միջամտություն դատական գործերինԻնչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակումԸնդդիմադիր ուժերը ԲՀԿ-ի ԱԺ անցնելու հարցը փակված չեն համարում. ընտրությունները կվիճարկեն ՍԴ-ում Ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել. ԿԸՀ պարզաբանումըՎերաքվեարկություն տեղի չի ունենա. ԿԸՀ-ն հրապարակեց որոշումը՝ ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից «Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի ՍԴ-ում«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները