Մատչելիության հղումներ

Չնայած ընտրակաշառքի մասին պնդումներին, Վահագն Ալեքսանյանը չի հստակեցնում՝ կդիմե՞ն ՍԴ, թե՞ ոչ

Չնայած ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ընտրություններում ընդդիմադիր ուժերը իրենց ձայների մեծ մասը ստացել են ընտրակաշառքի միջոցով, չհստակեցնելով՝ դիմելո՞ւ են Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, ընտրությունները չեղարկելու համար:

«Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, հիմա այդ քննարկումներն են ընթանում, որ հետագայում արդեն ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով, որովհետև առնվազն այն, ինչը ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունից, այն է, որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել: Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից», - ասաց Ալեքսանյանը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ խորհրդարանի օրակարգ կբերվի երեք օրենսդրական նախաձեռնություն: Առաջին օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ Սիմոնյանի, կխստացվի ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը: Նախկինում վերցնելու համար պատիժը մինչև 7 տարի էր, ընտրակաշառք տալու համար՝ մինչև 8 տարի: «Կխստացվի ու կսահմանվի վերցնելու համար մինչև 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչև 10 տարի ազատազրկում», - ասել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, թե ընտրությունները կեղծվել են, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել ընտրությունները։ Ակնհայտ է Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների ծավալից, թե ինչ մասշտաբի է եղել հանրապետությունում ընտրակաշառքը, թե ինչպես են այդ սրիկաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին փորձել գնապիտակ փակցնել, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին, սակայն, չի ծախվել»։

Այս ուրբաթ ՍԴ կդիմեն «Միասնության թևերը», «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

Բարձրագույն դատարանը դիմումներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG