Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարություն է տարածել ԿԸՀ կողմից 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ:
Հովակիմյանը պարզաբանում է, որ ԿԸՀ-ը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։
«ԿԸՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Այդ պատճառով ԿԸՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է և չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի», - ասված է հայտարարությունում։
Մասնակի վերաքվեարկության դեպքում, ըստ ԿԸՀ-ի, առաջանում է հետևյալ խնդիրը. «Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99,8 տոկոս)»։
Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ ԿԸՀ նախագահը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը ևս ընդունել է, որ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ պատշաճ միջոց է։ 2025 թվականի հրատապ զեկույցում նշվում է, որ եթե խախտումները վերաբերում են միայն որոշ տեղամասերի, ապա արձագանքը սկզբունքորեն կարող է սահմանափակվել այդ տեղամասերով։
Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։
«Այս հարցում կարևոր է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի՝ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։ Եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողների կամքն արդեն օրինական ձևով արտահայտվել է, ապա հետագա վերաքվեարկությունը չպետք է երկրորդային և հաշվարկված ազդեցություն ունենա այդ կամքի վրա», - նշված է հայտարարությունում։
Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում, ըստ ԿԸՀ նախագահի, չի նշանակում խախտումը անտեսել, այլ՝ «չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը»։
«ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ և հավասար ընտրության, համաչափության և ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով` որպես Սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին», - ասված է ԿԸՀ նախագահի տարածած հայտարարությունում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին որոշեց, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար վերաքվեարկություն տեղի չի ունենա: