Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի ՍԴ-ում

Խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի ՍԴ-ում: Դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ասաց՝ մյուս ընդդիմադիրների հետ միասնական փաթեթով, թե առանձին կդիմեն, դեռ չեն քննարկել:

Ընդդիմության հիմնավորումը ո՞րն է: «Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների ու ապօրինությունների պայմաններում: Իշխանությունն իր վարչական պետական ռեսուրսներով նաև հակաօրինական, երբեմն նաև հակապետական, երբեմն սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտել է ու կիրառել բազմաթիվ սահմանափակումներ: Ակնհայտ հասկանալով՝ ովքեր են նստած Սահմանադրական դատարանում, ակնհայտ հասկանալով նրանց ըստ էության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ, ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք Սահմանադրական դատարան», - ներկայացրեց Սաղաթելյանը:

Սահմանադրական դատարան ընտրությանը մասնակցած ուժերը կարող են դիմել հաջորդ ուրբաթ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումից հետո, որն այս կիրակի կհրապարակվի:

ԿԸՀ նախնական արդյունքներով խորհրդարան անցած ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» ՍԴ դիմելու վերջնական որոշում դեռ չունի: Պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանն «Ազատությանն» ասաց՝ հիմա վերահաշվարկի վրա են կենտրոնացած:

Բարձր դատարանի քննարկումներին ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում: Ճնշումների ու վարչական ռեսուրսի մասին մեղադրանքները հերքող, ազատ ու թափանցիկ ընտրությունների մասին հայտարարող իշխանության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանն այսօր հեգնում էր, թե լուրջ հիմնավորումներ ընդդիմադիրները չեն կարող բերել:

«Արամ Վարդևանյանը ինքը պիտի գրի այդ դիմումը, ու իմ կարծիքով՝ այնտեղ պետք է նշի հետևյալը՝ քանի որ ՔՊ-ի վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվել ՔՊ-ի Հայաստանը ուրվագծող քարտեզ-կրծքանշանով, իրենց տասովչիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է ընտրատեղամաս, տեսել է այդ քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արթնացել է խիղճը, ու նա չի քվեարկել ըստ տասովչիկի տված ցուցման: Իմ կարծիքով՝ դա է լինելու իրենց՝ Սահմանադրական դատարան տված դիմումի բովանդակությունը», - նշեց Ալեքսանյանը:

Նա պնդեց՝ Հայաստանն ընտրակաշառքի մեջ թաթախած օլիգարխիկ ուժերին ջախջախել են. «Ինձ թվում է՝ Հակակոռուպցիոնի ձայնագրությունները արդեն վաղուց ժամանակն է, որ Spotifay-ում ու Apple Music-ում լինի, որ մարդիկ լսեն»:

Աշխատանքի վերադարձած վարչապետ Փաշինյանն այսօր ընդդիմությանը կրկին մեղադրեց հակաօրինական քայլերի մեջ՝ շնորհակալություն հայտնելով ուժայիններին ու իրավապահներին՝ դատախազությանը, Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեներին, ԱԱԾ-ին, ՆԳՆ-ին՝ ընտրակաշառքի ու ընտրողների վրա ապօրինի ճնշումների դեմ պայքարի համար:

«Հայաստանում մեզ ծանոթ պրոցեսները 180 աստիճան շրջվել են, երբ որ կառավարող կուսակցությունը և կառավարությունը ընտրությունների արդար ու ազատ անցկացման ջատագով է, իսկ ընդդիմությունը որպես գործիք ունի հիմնականում ընտրությունների արդյունքները կեղծելն ու կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը», - ասաց Փաշինյանը:

9-րդ գումարման խորհրդարանում մեծամասնության ձգտող, բայց ԿԸՀ նախնական արդյունքներով, այդ արդյունքը չգրանցած ընդդիմադիրները չեն թաքցնում՝ իշխանության հեռացման տարբերակներ են քննարկում:

«Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքում տարածած կարճ տեսանյութում իշխանափոխության 2 տարբերակից էր խոսում. «Մեկը ընտրությունն է, մյուսը՝ փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը: Փողոցային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին: Այսօր պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը: Իհարկե ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»:

Սահմանադրությամբ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը պնդեց՝ պայքարը շարունակելու են՝ աչքի տակ ունենալով նաև փողոց դուրս գալը:

«Ներսում դիմադրություն պահել ու կազմակերպելն անհրաժեշտություն է: Հիմա դա ինչ ճանապարհով կլինի, երբ կլինի, ինչ ձևաչափով, սա արդեն ժամանակն ու ընթացքը ցույց կտան», - ասաց նա:

Իսկ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը, Սաղաթելյանի խոսքով, կորոշեն վերահաշվարկից ու ՍԴ-ում արդյունքների վիճարկման գործընթացից հետո: Կարևորում էր, որ ընդդիմությունն այս հարցում միասնական լինի:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG