Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգտվում է Ռուսաստանի կողմից տրամադրված հնարավորություններից՝ միաժամանակ կայացնելով
Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքական որոշումներ, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ Փաշինյանը վարում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով մեր երկրի կողմից տրամադրված հնարավորությունները», - ռուսական Max ալիքում գրել է Վոլոդինը՝ պնդելով, թե «սա անազնիվ է և, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան կրկին պնդել է, թե Մոսկվան պետք է որոշում կայացնի։
«Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին», - գրել է Վոլոդինը՝ վերստին հիշատակելով Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին անցած տարի Հայաստանի խորհրդարանում ընդունված օրենքն ու Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում երկու օր առաջ Հայաստանին հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է կազմակերպվել, որտեղ խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել՝ Հայաստանի ղեկավարության քայլերը որակելով «անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», դրանց շարքում շեշտադրելով Հայաստանի եվրոպական ձգտումները:
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատական հայտարարություններ են հնչում ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ևս:
ՀՀ իշխանությունները, այդուհանդերձ, վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտարարեց. - «Ես հասկանում եմ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամ հարուցել ցանկացողների թիվը բավականին մեծ է, բայց ես ինչպես ասել եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, չենք կռվելու: Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով»: