Մատչելիության հղումներ

Շոյգուն հայտարարում է Երևանի՝ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն «անհամատեղելի քայլերի մասին»

ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգու, արխիվ
ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը այսօր հատուկ նիստում քննարկել է Հայաստանի հետ հետագա համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն պնդել է, թե Հայաստանի ղեկավարությունը «վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»։

Որպես օրինակ՝ պնդել է, թե Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացկամ տրամադրված մի շարք երկրներ վերջին տարիներին դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները, որոնց հետ Երևանը նախատեսում է «անվտանգության ոլորտում համագործակցության խորացում, անցկացվում են համատեղ զորավարժություններ»։ Բացի այդ, հիշատակել է Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ, «ռուսաստանյան տնտեսական օպերատորների գործունեության պայմանների դիտավորյալ վատթարացումը» և «Կիևի ռեժիմին հարթակ տրամադրելը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում»:

«Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար համաձայնում է Եվրամիության դիրքորոշմանը և ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման և ԵՄ-ի հետ մաքսային ու առևտրային ռեժիմների համաձայնեցման ուղղությամբ, որը կարող է չհամապատասխանել Հայաստանի պարտավորություններին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում», - ասել է Շոյգուն։

Բարձաստիճան ռուս պաշտոնյան պնդել է, թե Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ «օգուտ քաղելու Ռուսաստանի հետ հարաբերություններից», սակայն «համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը պետք է լինեն երկկողմանի»։

Խոսելով այն մասին՝ ինչ կարող է Հայաստանը կորցնել, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է՝ «Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ և բենզին շուկայական գներից երեք անգամ ցածր գներով»։

«Մեր երկիրն առաջին տեղում է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով», - հայտարարել է Շոյգուն, հավելելով. - «Այսօր Հայաստանի գյուղատնտեսական ապրանքի մինչև 98 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, թունդ ալկոհոլային խմիչքների՝ 78 տոկոսը։ 2025 թվականին մատակարարումների ծավալը գերազանցել է 700 միլիոն դոլարը»։

Շոյգուն նաև Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների մասին է հիշել։
«ՀՀ քաղաքացիներն աշխատում են Ռուսաստանում առանց քվոտաների, արտոնագրերի կամ աշխատանքային թույլտվությունների՝ վայելելով հավասար առողջապահական, կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության իրավունքներ։ Ռուսաստանից Հայաստան անցյալ տարի գրեթե 3.9 միլիարդ դոլար է փոխանցվել՝ դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե երկու երրորդը կամ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը», - ասել է նա։

Ավելին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը պնդել է, թե հենց Դաշնության շնորհիվ է Հայաստանը 1990-ականներին պահպանել ինքնիշխանությունը, իսկ 2020 թվականին հենց Ռուսաստանի միջնորդությունն է թույլ տվել դադարեցնել ռազմական գործողությունները։

Մոսկվան վերջին օրերին հստակ հայտարարում է, որ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի անդամակցության հարցը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարեց, թե Երևանում գիտակցում են, որ երկու կառույցներն անհամատեղելի են, բայց դեռևս չեն պատրաստվում ընտրություն կատարել դրանց միջև։ Այսօր էլ «Ազատության» հետ զրույցում Միրզոյանը պնդեց, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG