Վիրավորում է, որովհետև ասելիք չունի. Գագիկ Ծառուկյանն այսպես է արձագանքում այսօր առավոտից նաև իր հասցեին վարչապետ Փաշինյանի սպառնալիքներին ու վիրավորանքներին: Այսօր Սիսիանում նախընտրական քարոզչություն անող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասաց՝ Փաշինյանը փորձում է իրեն ու մյուս ընդդիմադիրներին ներքաշել այդ վեճի մեջ և քարոզարշավի ուղղությունը փոխել:
«Կարձագանքեմ ոնց որ երկու օր առաջ. ես թույլ չտվեցի իմ կլասը քցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում ա, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի: Ութը տարի ժողովրդին խաբել ա՝ էն առաջի օրվանից, մեզ էլ ա, ինձ էլ ա խաբել, մինչև էսօր: Եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իրա ծրագիրը շատ հանգիստ», - հայտարարեց Ծառուկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Վիրավորում է, քանի որ ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել ա». Ծառուկյանն արձագանքում է ՓաշինյանինԱրդեն Գորիսում ընդդիմությանը քննադատող Փաշինյանին հարցնում էր, թե ութ տարում ի՞նչ է արել: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ծառուկյանն այստեղ հիշեց, թե ինչպես իր ու Համաշխարհային օլիմպիական կոմիտեի նախագահի անձնական երաշխավորությամբ հայ մարզիկները 11 տարի առաջ Բաքու էին մեկնել:
«2015 թվականին հայկական դրոշը Բաքվի կենտրոնում բարձրացել ա, և մեր Միհրան Հարությունյանը, իրա ցավը տանեմ, կարողացավ Բաքվում, հիմնական ժերեբյովկան այնպես էին արել, որ Միհրան Հարությունյանը ընկավ աշխարհի չեմպիոն Ալիևի հետ՝ ազգանունը էդ մարզիչի Ալիև էր, ու հիմնականում մեր մարզիկը կարողացավ իրան հաղթել, որ էդ ստադիոնում, դահլիճում ճանճ չէր տզզում, որ կարողացավ ազգի պատիվը բարձր պահել և Բաքվում դրոշը բարձրացնել: Իսկ պարոն Փաշինյանի օրոք միայն ու միայն դրոշները վառելով, տրորելով, կամ մեր հերոս տղների դիակները դրոշների մեջ փաթաթած են բերում: Էսօր մեր սպառնալիքը՝ Հայաստանի, հիմնական Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են, թող էդքան բանը ինքը լավ լսի, անտեղի չներվայնանա», - ասաց ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանը պնդում է, որ քարոզարշավն անցնում է վախի, աշխատանքից ազատելու սպառնալիքների ներքո: Նորից բերեց իր համակիրների ընտանիքի անդամ պարեկներին աշխատանքից ազատելու օրինակը, որը և' Ներքին գործերի նախարարությունը, և' իշխանականները հերքել են: Առանց անուններ կամ բնակավայրեր նշելու այս անգամ էլ պնդում էր, թե մանկավարժներին, գյուղապետերին են վախեցնում. - «Ես էն օրը հայտարարել էի, որ 52 հոգի, ասել եմ, հիմա սաղ ասեցին պարեկ, մենակ էդքան պարեկ Աբովյանում չկա, դպրոցի ուսուցիչ ա էղել, գյուղապետ ա էղել, մարզիկ ա էղել, աշխատող ա էղել, ծրագրավորող ա էղել, փոխքաղաքապետ ա էղել, կանչելով՝ «դիմում գրի, գնա», ու համարվում ա, որ սա դեմոկրատիա ա»:
Մյուս քննադատությունն էլ արտաքին պարտքին էր վերաբերում: Ասաց՝ ութ տարում 8 միլիարդ դոլարով արտաքին պարտքն ավելացրել են, բայց գումարներն, ըստ գործարար Ծառուկյանի, նպատակային չեն ծախսել: Օրինակ է բերում դպրոցաշինությունը:
«Ասում ենք՝ «դպրոց ենք կառուցել», 8 տարում 8 միլիարդ ծախսել են, 59 էլ դպրոց են կառուցել: 59-ից 26-ը միայն կառուցած ա եղել, էդ մնացածը որ կառուցել են, լավ են արել, դպրոց պետք է կառուցել, բայց էսօր էն վիճակն ա՝ 230 էսօր փակվում ա, այսինքն՝ ժողովուրդը բացակայում ա», - նշեց ԲՀԿ առաջնորդը:
Անվճար կրթություն ու առողջապահություն, թոշակների բարձրացում ու վարկերի համաներում խոստացող քաղաքական այս ուժի ղեկավարը կարծում է, որ հիմնական խնդիրը աշխատանքն է: Ըստ Ծառուկյանի՝ Սյունիքի հանքարդյունաբերական ներուժը ճիշտ չի օգտագործվում:
«Սյունիքը աշխարհում, 8-ից 10 տոկոս պաշար աշխարհում Սյունիքը ունի, որ էսօր ճիշտ չեն օգտագործում, օրեկան, չէ, տարեկան 40 միլիոն տոննա հանքանյութ են հանում ու դա տանելով դուրս վերամշակում են: Հիմնական, ժողովուրդ ջան, պետք է մշակումը դնեն Հայաստանում», - պնդեց մեծահարուստ գործարարը:
Ռուսաստանի, Բելառուսի հետ սերտ հարաբերությունների ու ԵԱՏՄ-ում մնալու կողմնակից Ծառուկյանն այսօր «դատարկ որակեց» Հայաստանի եվրոպական ձգտումները:
«Մենք պետք է կարողանանք մեր հարաբերությունները ամուր պահենք: Ո՞րն ա մեզ ավելի ձեռնատու, ո՞վ ա ավելի արդյունավետ, ո՞վ ա կարում մեզ, ասենք թե, թև ու թիկունք լինի, մեր մեջքը պինդ պահի, ներդրումներ կատարի, ուրեմն՝ նա էլ պետք է լինի: Եթե Ռուսաստանից ավել կա մեկը, խնդիր չկա, թող գա, բայց չկա», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ-ն նախորդ՝ 2021-ի ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարեց: Այսօր Ծառուկյանը նաև ընտրողներին էր մեղադրում, թե ընտրություններին չեն մասնակցում: Գործարարը մինչև այս պահը հրաժարվում է ասել, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն: