Վենսը ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին X-ում արած գրառումն ու լուսանկարները

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան X-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման՝ Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է:

Առավոտյան Վենսի էջում հայտնված գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:


Իսկ Վենսի խոսնակի գրառման մեջ միայն նշված է. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»:

Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:

Վենսի խոսնակն, իր հերթին, հայտարարել է. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»:

Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձում ևս բացակայում էր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, փոխարենը կիրառվել էր «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

Վենսը երեկ է ժամանել Երևան, հանդիպել վարչապետի, նախագահի հետ: Փաշինյանն ու Վենսը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել: ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է հայկական կողմին 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վաճառքի մասին: Խոսելով Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ Վենսն ասել է՝ «վարչապետ Փաշինյանն ունի իմ աջակցությունը»:

Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, և առաջինը, ով այցելում է Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենսը կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցըԲաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում կբարձրացվի. ՎենսՎենսն ու Ալիևն ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին