Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեց՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փոխնախագահն այս մասին խոսեց, երբ նրան հարցին, թե Վաշինգտոնը որքան ներդրում է նախատեսում անել TRIPP նախագծում: Փաստացի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան թե՛ այս, թե՛ Միացյալ Նահանգների հետ մյուս ծրագրերի իրականացումը կապեց Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետ:
«Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ վիճակում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին։ Բայց, եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար»,- հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից կարծում են՝ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, ամերիկյան վարչակազմը և առհասարակ բոլոր երկրները կճանաչեն ընտրությունների արդյունքերը՝ անկախ նրանից, թե հիմա ինչ են հայտարարում: Իսկ արդյոք փոխնախագահ Վենսի ասածը միջամտություն համարո՞ւմ են Հայաստանի ներքաղաքական կյանքին. ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ուղիղ չպատասխանեց: Շաբաթներ առաջ Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր նախընտրական շրջանում Փաշինյանի բարձր վարկանիշից և խաղաղության հարցում նրա դերակատարությունից, ընդդիմադիրները Հաքան Ֆիդանի հայտարարությունը մեկնաբանել էին ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին և միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
«Նախ ԱՄՆ և Հայաստան հարաբերությունները համեմատել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հետ չի կարելի: Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնում է ընդգծված թշնամական քաղաքականություն, հիշեցնեմ, որ Թուրքիան նմանապես, գռեհիկորեն միջամտել էր Հայաստանի ներքին գործերին 2021 թվականի փետրվարի այս օրերին: Այստեղ ԱՄՆ-ն ասաց, որ իրենք կցանկանային Փաշինյանի հետ աշխատել, բայց, վստահ եմ, երբ ընտրություններով նոր իշխանություն ձևավորվի, այդ վստահությունը կանցնի նաև նոր: Փոխնախագահն իր ցանկությունն է արտահայտել»,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Իշխանությունից սուտ էին որակել ընդդիմության պնդումները, թե Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ աջակցում է Փաշինյանին ընտրություններում: Իսկ ինչպե՞ս են ՔՊ-ականները վերաբերվում ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին Վենսի հայտարարությանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց՝ ամերիկյան կողմը գնահատում է Նիկոլ Փաշինյանի դերը խաղաղության հաստատման գործում:
«Մենք շատ շնորհակալ ենք, որ դա գնահատվում է Միացյալ Նահանգների մեր գործընկերների կողմից: Եվ, տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է գործընկերություն անել այնպիսի Հայաստանի հետ, որը հավատարիմ է մնալու խաղաղության գործընթացին և որը հավատարիմ է մնալու Հայատանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և գործարքներին»,- շեշտում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենսն ու Ալիևն ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցինՎերադառնալով TRIPP-ին՝ երեկ ներդրումներից Վենսը խոսեց առանց կոնկրետ թիվ նշելու: Պնդեց՝ տարածաշրջանի, նաև աշխարհի մի շարք գործընկերներ, հետաքրքրված են այդ նախագծով, այն համարում են ներդրումային լավ հնարավորություն: Ընդհանուր առմամբ՝ երեկ բանակցություններից հետո TRIPP-ի վերաբերյալ իրենց քննարկումներից ո՛չ վարչապետ Փաշինյանը, ո՛չ փոխնախագահ Վենսը նոր մանրամասներ չհայտնեցին: Ջեյ Դի Վենսը միայն նշեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկար խոսել են գործընթացներն արագացնելու մասին: Պարբերաբար ընդծեց՝ փոխկապակցվածությունը, տնտեսական զարգացումը լավ է ոչ միայն բարգավաճման, այլև խաղաղության համար:
ԱՄՆ փոխնախագահի խոսքով.- «TRIPP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների, խողովակաշարերի կառուցման գործում, և կրկնեմ, այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրական բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար և թույլ կտա կառչած մնալ խաղաղության համաձայնագրից»:
ԱՄՆ փոխնախագահի այցից առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է: Փաշինյան-Վենս բանակցություններից հետո հրապարակային ոչ միայն «Թրամփի ուղուց» քիչ խոսվեց, այլև անդրադարձ չեղավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին: Բաքուն ստորագրման համար պահանջում է փոխել Սահմանադրությունը և այնտեղից հեռացնել հղումն Անկախության հռչակագրին: Ընդդիմության գնահատմամբ՝ թե՛ այս, թե՛ TRIPP-ի շուրջ դրական զարգացումներ չեն սպասվում:
«TRIPP-ը, երկաթուղին, եթե նույնիսկ ոսկուց կառուցվի, միևնույն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը: Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ Հայաստանը Նախիջևանով նույն պայմաններով, հայստանցիները կարողանան Ագարակից հասնեն մինչև Երասխ կամ Երասխից իջնեն մինչև Ագարակ: Եվ, էլի նույն պայմաններով անխոչընդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ և հետո դեպի Արևելք կամ դեպի Հյուսիս»,- նշում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Իշխող խմբակցությունից Սարգիս Խանդանյանն ընդգծեց.- «Հայաստանի ապաշրջափակումն արդեն սկսվել է: Ընդդիմությունն ուշացել է կամ չեն ուզում առերեսվեն իրականության հետ, որ տարածաշրջանում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. Հայաստանը և Ադրբեջանը սկսել են առևտուր անել, Ադրբեջանն իր երկաթուղին փոխաբերական կերպով ասած՝ ապաշրջափակել է Հայաստանի համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնեց՝ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել են տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարը, այս հարցում կարևորեց նաև Հայաստան-Թուրքիա կարգավորումը: