ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել մարտական գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի ամերիկյան առաջարկներին. Հեգսեթ

ԱՄՆ և Իրանի դրոշները, կոլաժ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել մարտական գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի ամերիկյան առաջարկներին, հայտարարել է պաշտպանության նախարարը:

Փիթ Հեգսեթը հույս է հայտնել, որ Իրանը ողջամիջ կգտնվի և ճիշտ ընտրություն կանի՝ հանուն սեփական ժողովրդի: Հակառակ դեպքում ԱՄՆ հարվածները չեն ուշանա, Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ սպառնացել է նա:

«Սակայն եթե Իրանը սխալ ընտրություն անի, ապա կունենան շրջափակում և ռումբեր, որոնք կթափվեն ենթակառուցվածքների, էլեկտրակայանների և էներգետիկ օբյեկտների վրա»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Իրանի ռազմական տեղաշարժին: Հեգսեթը պնդել է՝ Իրանն այլևս չունի հարձակողական կամ պաշտպանական կարողությունները համալրելու հնարավորություն:

Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները չեն բացառվում

Մինչ այդ Պակիստանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը: Սակայն հանդիպման օր և վայր դեռ որոշված չէ: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ որոշ տարաձայնություններ վերացվել են և հրադադարը երկարաձգելու մեծ հույսեր կան: Սակայն Իրանի բարձր հարստացված ուրանի ճակատագրի և միջուկային ծրագրի սահմանափակումների շուրջ գլխավոր տարաձայնությունները դեռ լուծված չեն, ասել է պաշտոնյան:

Ու մինչ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները չեն բացառվում, ամերիկյան ռազմածովային ուժերն արդեն երրորդ օրը շրջափակել են իրանական նավահանգիստները: Իրանն իր հերթին փակ է պահում Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը:

Փիթ Հեգսեթը պնդել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն են վերահսկում Հորմուզի նեղուցը: Գեներալ Դեն Քեյնն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհետապնդի Իրանին աջակցելու փորձ անող ցանկացած նավի՝ թե՛ Իրանի, թե՛ միջազգային ջրերում։

Սպիտակ տան խորհրդական Սթիվեն Միլլերն էլ Fox News-ին ասել է, որ շրջափակումը կարող է շարունակվել «անորոշ ժամանակով»։ ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, սակայն Դոնալդ Թրամփը չի ցանկանում դա անել, ասել է նա:

«Նա ցանկանում է, որ Իրանն ընտրի գործարք կնքելու ճիշտ ուղին: Այս էմբարգոն քամում է իրանական ռեժիմի տնտեսությունը, և ԱՄՆ-ն կարող է անորոշ ժամանակով շարունակել դա, եթե Իրանը սխալ ուղի ընտրի»,- ասել է Սպիտակ տան խորհրդական Սթիվեն Միլլերը:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ էներգետիկ ոլորտին հասցված հարվածներից հետո Իրանն անորոշ ժամանակով դադարեցրել է նավթաքիմիական ողջ արտադրանքի արտահանումը: Ըստ Թեհրանի՝ դա արվում է «ներքին կարիքները» բավարարելու համար։

Իսրայելը շարունակում է հարվածները

Այս ընթացքում Իսրայելը շարունակում է հարվածներն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում: Կան զոհեր և վիրավորներ: Հարվածներից փլուզվել է նաև Լիբանանի հարավը երկրի մնացած մասին կապող վերջին կամուրջը:

Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ԱՄՆ-ն «պետք է հետևի», որ հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա:

«Դիմադրության առանցքը և Իրանը մեկ ամբողջություն են՝ անկախ նրանից՝ պատերազմի մեջ են, թե հրադադարի ռեժիմում։ Ամերիկան պետք է հետ կանգնի «Առաջին հերթին Իսրայելը» սխալ սկզբունքից», - ասել է Ղալիբաֆը:

Հարվածներին զուգահեռ բանակցություններ էին նախապատրաստվում Լիբանանի ու Իսրայելի միջև: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այսօր Իսրայելի և Լիբանանի առաջնորդները կխոսեն, որպեսզի վերջ դնեն պատերազմին: Իսրայելի վարչապետի գրասենյակից հաստատել էին տեղեկությունը:

Սակայն լիբանանցի երեք պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ Ջոզեֆ Աունը Բենյամին Նեթանյահուի հետո առաջիկայում զրուցել չի պատրաստվում։ Փոխարենը Լիբանանի նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը պատրաստ է Իրանի և Լիբանանի հետ կապված ցանկացած սցենարի։

«Դեռ շատ վաղ է ասել, թե ինչպես կավարտվի սա կամ նույնիսկ ինչպես կզարգանա։ Հաշվի առնելով մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Պատերազմի հետևանքով Լիբանանում ավելի քան մեկ միլիոն մարդ է տեղահանվել, սա բնակչության մեկ հինգերորդն է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը սա «աննախադեպ» է որակել և կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ օգնել Լիբանանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բեյրութը նախապայմաններ է առաջ քաշում Իսրայելի հետ բանակցությունների համարԼիբանանի ու Իսրայելի առաջնորդները 34 տարվա մեջ առաջին անգամ ուղիղ կբանակցեն. ԹրամփԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնում իրանական նավթի գնորդներինԻրանը դադարեցրել է նավթամթերքի արտահանումը Ինչ է պետք իմանալ ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման մասինՍպիտակ տունը հերքում է, թե ԱՄՆ-ն խնդրել է երկարաձգել հրադադարըԹրամփ. Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերինՎենս. Իսլամաբադում բավական առաջընթաց է գրանցվել, գնդակը հիմա Իրանի դաշտում է