Քննչական կոմիտեն երեկ դադարեցրել է բանտում գտնվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի դեմ վարույթներից մեկը, որը հարուցվել էր պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի հոդվածով:
Հարցին, թե ի՞նչ փոխվեց երկու ամսում, որ Քննչականը միտքը փոխեց, փաստաբան Արամայիս Հայրապետյանը պատասխանեց. «Ինքնիշխանությունից հրաժարվելու կոչի հետ կապված վարույթով ոչինչ չփոխվեց, այսինքն՝ նոր փաստական հանգամանք ի հայտ չեկավ, այլ ի սկզբանե այդ մեղադրանքն իրավաչափ չէր։ Այնտեղ չկար ո՛չ կոչ, ո՛չ իշխանությունից հրաժարվելու որևէ միտք։
Այնտեղ ընդամենը մարդը կարծիք է հայտնում միջազգային ինչ-որ միությանն անդամակցելու։ Այսինքն՝ ի սկզբանե դա իրավաչափ չէր, ի վերջո երևի գցին-բռնեցին, տեսան, որ այդ կարգի աբսուրդ քրեական հետապնդումներ անձի նկատմամբ չի կարելի հարուցել։ Դա ավելի է ակնհայտ դարձնում մեր այն պնդումները, որ Վարդան Ղուկասյանի անձը թիրախավորված է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի անկարգությունների գործով կալանավորվածների մեծ մասը ազատ է արձակվել
Այս նոր մեղադրանքն առաջադրվեց, երբ Ղուկասյանը կաշառք վերցնելու հոդվածով արդեն կալանավորված էր: Իսկ դրա հիմքում նրա մի քանի անգամ կրկնած այն հայտարարությունն էր, թե Հայաստանը Ռուսաստանի հետ մի դաշինքում պետք է լինի:
Փաստաբան Հայրապետյանն ասում է՝ այս վարույթն ի սկզբանե չպետք է հարուցվեր, քանի որ դա պարզապես Ղուկասյանի կարծիքն է, ինչո՞ւ այդ դեպքում նույն մեղադրանքը չի հարուցում այն մարդկանց դեմ, ովքեր կողմ են Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը:
«Որովհետև աբսուրդ է, հարց են տալիս, ինքն էլ կարծիք է հայտնում, ասում են՝ դուք կոչ եք անում ինքնիշխանությունից հրաժարվել։ Եվրամիության կողմնակիցները բոլորը պետք է դատվեն այդ պարագայում, որը սխալ կլինի։ Բայց քանի որ պարոն Ղուկասյանն է խոսքերի հեղինակը, և դրա համար քրեական հետապնդում են հարուցում, նշանակում է՝ անձը թիրախավորված է, և իրավական առումով այս գործընթացի հետ մենք գործ չունենք», - ասաց նա:
Մի դրվագով էլ Քննչականը որոշել է ընդհանրապես մեղադրանք չառաջադրել: Ղուկասյանն իր հարցազրույցներում եվրոպամետ ուժերին ու եվրոպական արժեքներն էր քննադատել: Որպեսզի ստուգեն, թե արդյոք դրանում թշնամանք ու անհանդուրժողականություն կա, Քննչականում փորձաքննություն էր նշանակվել: Եզրակացությունը Ղուկասյանի օգտին է եղել:
«Փորձաքննություն էր նշանակվել, որով հաստատվել է, որ պարոն Ղուկասյանի հարցազրույցում հնչեցված մտքերը ո՛չ ատելության քարոզ է, ո՛չ անհանդուրժողականության կոչ է, ո՛չ թշնամանքի հրահրում է։ Այսինքն՝ փորձագետի եզրակացությամբ հերքվեցին այդ բոլոր պնդումները», - ասաց Հայրապետյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Վարդան Ղուկասյանի՝ եթե իրեն են դատում, մեղադրյալի աթոռին շատ պաշտոնյաներ պիտի լինենԵրկու դեպքում էլ, ըստ փաստաբանի, ՔԿ-ն հիմք է համարել լրատվամիջոցների հրապարակումները։ Կոնկրետ անձ կամ կառույց չի դիմել իրավապահներին: Հարցին, թե մի հոդվածով վարույթի կասեցումը, մյուսով էլ չհարուցումը արդյո՞ք հետ քայլ են համարում, փաստաբանը պատասխանեց. «Ես ոչ թե հետ քայլ կհամարեի, այլ զգուշավորություն, որովհետև ամեն մեղադրանք և այդ մեղադրանքում դրված փաստերը վկայում են այն մասին, որ փաստերը ոչ թե քրեական իմաստով մեղադրանքի հետապնդման մասին են խոսում, այլ քաղաքական իմաստով հետապնդման։ Հետևաբար, որպեսզի այդ ամեն ինչը ավելի չընդգծեն, իմ կարծիքով՝ այս մեկ դեպքում հետ քայլ արեցին»։
Թեև ինքը՝ Վարդան Ղուկայանը դատական նիստերի ժամանակ առողջության վերաբերյալ հարցերին դրական է պատասխանում ու հիմնավորում, թե «սատանաները չուրախանան», բայց փաստաբանները պարբերաբար ահազանգում են, որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ: Նրանց միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն է նշանակվել:
Փաստաբանները նաև դատախազություն էին բողոքներ ներկայացրել և գործը դատարան ուղարկելուց հետո նոր մերժման պատասխան ստացել: Հիմա դատախազության անգործությունն են վիճարկում դատարանում: Ղուկասյանին այս պահին առաջադրված 3 մեղադրանք կա՝ առաջինը իր պաշտոնավարման նախորդ շրջանին է վերաբերում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, կեղծիք ու փողերի լվացում, մյուս 2-ը մի քանի ամսվա վաղեմության են՝ խոշոր չափի կաշառք և խուլիգանություն՝ դատարանի դահլիճում վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին հնչեցնելու համար:
Ղուկասյանի կալանքի ժամկետը վերջերս երեք ամսով երկարաձգվել է: