Վարչապետը և 10 եպիսկոպոսները «Եկեղեցու բարենորոգման հայտարարություն» ստորագրել, Մայր Աթոռից հակադարձում են

Արտապատկերում Ֆեյսբուքում վարչապետի հրապարակած տեսանյութից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ» են հանդես եկել:

Վարչապետի կեցավայրում ստորագրված հայտարարությունում, որի մասին գիշերը Ֆեյսբուքում հայտարարեց Փաշինյանը, պետության ղեկավարը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ներկայացնում են եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնում Համակարգող խորհրդի ձևավորման մասին, որին վերապահում են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:

Ճանապարհային քարտեզի հինգ կետերով նախատեսվում է «բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում [...], սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»:

Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց՝ Վեհափառի հեռացումից հետո տեղապահ է ընտրվում, ընդունվում է եկեղեցու կանոնադրություն, ապա նոր Կաթողիկոս է ընտրվում:

Վարչապետի և 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը Մայր Աթոռից այսօր հակադարձել են, որ «Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները»։

«Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ [...] Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում, - «Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ցավալի հետևանքներով»։

Եկեղեցու հոգևորականաց դասին և բոլոր հետևորդներին վարչապետը և հայտարարության մյուս հեղինակները կոչ են անում «աջակցել, միանալ Եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այս նպատակի շուրջ՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»:

Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա ձևավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ», դատապարտում և անընդունելի են համարում «Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, այն տարբեր օրակարգերի և օտար շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը»: Նրանք նաև ընդունում և ճանաչում են իրենց «բաժին մեղավորությունը և պատասխանատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ստեղծված այս իրավիճակի համար և ապաշխարությամբ վերափոխվելու անհրաժեշտությունը»:

Հայտարարության տակ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ազգանունների դիմաց գրված է «Համաձայնեցված է»», մյուսները ստորագրել են:Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի յոթ ամիսների ընթացքում Գարեգին Երկրորդը հեռանալու ոչ մի ակնարկ չի արել: Տարեմուտի իր ուղերձում Վեհափառը կոչ էր արել դադարեցնել «եղբայրադավության քայլերը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չեն ունենա շահեկան արդյունք. Գարեգին ԲՔՊ-ական համայնքապետը պահանջել է Սուրբծննդյան պատարագին իրեն խաչի քավոր ներկայացնել. քահանա«Ծայրագավառային տրամաբանություն», պատարագ՝ Գառնիում. որ փուլում է եկեղեցի-իշխանություն հակասությունըՄայր Աթոռը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնություն ստանձնած Սրբազան ՀայրերինԵպիսկոպոսները վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել. կաթողիկոսը հորդորեց վերադառնալ կանոնական դաշտՕպերային թատրոնի փոխտնօրենը Մայր աթոռի մուտքի մոտ «շիրիմի վրա էր բարձրացել». Տեր Վրթանեսի պնդումն ու թատրոնի լռությունըԷջմիածնում հույս ունեն՝ 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկըԿաթողիկոսը փոփոխել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմը. 10 եպիսկոպոսները դժգոհություն են հայտնումԳՀԽ ժողովը երեկ անդրադարձել է «Մայր Աթոռի նկատմամբ բռնաճնշումներին, 10 եպիսկոպոսների խոտոր ընթացքին»«Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, հետևեք լրատվությանը, կտեսնեք». վարչապետի պնդումը ընդդիմությունից «զրպարտող» են համարում