Վարչապետը չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է անդամակցության հայտ ուղարկել, թե ոչ. միջոցառման հրապարակային մասի ելույթում նա միայն կրկնեց իր ավելի վաղ արած հայտարարությունները՝ փոքր ինչ ձևափոխելով.

«Մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ և լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու և հետևաբար մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանեցնել, համապատասխանել Եվրոպական Միության ստանդարտներին, իհարկե, Եվրոպական Միության մեր գործընկերի աջակցությամբ...Եթե մեզ կընդունեն Եվրոպական Միության անդամ մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական Միության անդամ բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի Եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով»

Մինչդեռ, Եվրամիության առաջնորդերն ընդգծում են՝ առանց պաշտոնական հայտ ներկայացնելու՝ միայն այս հայտարարությունների հիմքով անդամակցության հարցը չեն կարող քննարկել։ Մինչ այդ նրանք այսօր Երևանում մի շարք հայտարարություններ ստորագրեցին ու փաստաթղթերով փոխանակվեցին:

Վիզաների մասին

2024-ի աշնանից մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկից ի վեր Եվրամիությունն առաջին զեկույցը ներկայացրեց՝ արձանագրելով Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը: Փորձագետների գնահատմամբ սա առանց վիզա Շենգենյան գոտի ճամփորդելու ճանապարհին առաջին փուլն է. Երևանը դեռ մի քանի նման փուլ պետք է հաղթահարի և մասնագետների կարծիքով, եթե այս տեմպերով շարունակի 3-ից 4 տարվա ընթացքում կանաչ լույս կվառվի.

«Վիզաների ազատականացումն առաջնահերթություն է, որը խորապես հուզում է Հայաստանի ժողովրդին, և սա անհմիմն չէ, մարդկանց միմյանց մոտեցնելն առանցքային հարց է, և մենք ուրախ ենք ներկայացնել առաջընթացի մասին առաջին զեկույցը ու շնորհավորել ձեզ՝ այն շատ դրական է ու վկայում է լավ աշխատանքի ու առաջընթացի մասին: Ես լիովին համոզված եմ, որ կհասնենք գործընթացի ավարտին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Հայկական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ «մտադրության նամակներ» ստորագրեցին՝ եվրոպացի գործարարներին Հայաստան հրավիրելով։ Վստահորեն քաջալերում ենք ներդրումներ կատարել այստեղ,- հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, ընդգծելով. «Հայաստանն այն տեղն է, որտեղ տաղանդն ու հնարավորությունները կարող են միավորվել»։

Անդրադարձան նաև տարածաշրջանային հարցերին ու խաղաղության գործընթացին

Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարում է՝ Հայաստանի ու Թուրքիայի հետ փակ սահմանների վերաբացմանը զուգահեռ Բրյուսելը պատրաստ է աշխատել տասնյակ տարիներ չգործող անցակետերը վերակառուցելու ուղղությամբ.

«Քիչ երկրներ այնքան ուրույն աշխարհագրական դիրք ունեն, ինչպես Հայաստանը: Ձեր Խաղաղության խաչմերուկ ծրագիրը Եվրոպան հարավային Կովկասին ու կենտրոնական Ասիային կապակցելու պոտենցիալ ունի, ինչը Հայաստանը կարող է առանցքային տրանսպորտային հանգույց դարձնել»,- ընդգծեց Եվրահանձնաժողովի նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացից խոսեց. մի շրջանում, երբ Բաքուն խզում է կապերը արցախահայերի իրավունքների մասին բարձրաձայնած Եվրախորհրդարանի հետ ու ոչնչացնում հայկական եկեղեցիները Փաշինյանը հայտարարում է՝ խաղաղության գործընթացը սպասվածից էլ արագ տեմպերով է շարունակվում.

«Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և սեղմել խաղաղության կոճակը և թշնամությունը վերջ, այլևս գոյություն չունի և այլևս միայն խաղաղություն է: Սա ես ասում եմ նրա համար, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից, բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է: Խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումն այն է , որը տեղի ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում և թույլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն, իհարկե, թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել»,- հայտարարեց վարչապետը։

Գագաթնաժողվի ընթացքում կողմերը նաև 44 կետից բաղկացած համատեղ հռչակագիր ընդունեցին, դրույթներում անդրադառնում են նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Բրյուսելը բարձր է գնահատում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ու խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման ջանքերը։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացմանը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնխելիության և փոխադարձության սկզբունքների վրա: Ի դեպ, կայուն, անվտանգ և ներառական տարաշրջանային կապի համար Բրյուսելը առանցքային է համարում Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP նախագծի իրագործումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստորագրվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրըՀՀ-ն ու ԵՄ-ն վերահաստատեցին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքներըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է. ԿալլասՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը ԵրևանումՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՄակրոնը վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը ՀայաստանինԵրևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին