Մատչելիության հղումներ

ՀՀ-ն ու ԵՄ-ն վերահաստատեցին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքները

Հայաստան–Եվրամիություն առաջին, պատմական գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ հռչակագիրը 44 կետ ունի։

Առաջին կետով կողմերն շեշտում են, որ գագաթնաժողովը երկկողմ հարաբերությունները խորացնելու պատմական մի կետ է արձանագրում։

Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ամրացնելու և Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը ու համապարփակ բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության, նաև Հայաստանի երկարաժամկետ զարգացման վրա՝ Հայաստանն ու ժողովրդին մոտեցնելով Եվրամիությանը։

Երկրորդ կետով Եվրամիությունն ընդունում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, որի հիմքը Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին անցած տարի ընդունված օրենքն է։

Հայաստանն ու Եվրամիությունը վերահաստատում են տարածքային ամբողջականության և ինքնավարության հիմնարար սկզբունքները։ Եվրամիությունը բարձր է գնահատում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ու խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման ջանքերը։

Բրյուսելը բարձր է գնահատում նաև Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլերը։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացմանը՝ հիմնված երկրների ինքնավարության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնխելիության և փոխադարձության սկզբունքների վրա։

Կողմերն արձանագրում են՝ 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու ծրագիրը շարունակում է առաջ տանել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը։ Կարող են դիտարկել նաև 2027-ից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիները։

Կողմերը TRIPP նախագծի իրագործումը համարում են առանցքային նախագիծ, որը նպաստում է կայուն, անվտանգ և ներառական տարածաշրջանային կապին։

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ջանքերն իր էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու, դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը միասին աշխատելու՝ Հայաստանից Եվրամիություն արտահանումն ընդլայնելու և հեշտացնելու ուղղությամբ։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG