Ութ տարի Հայաստանը ղեկավարած Նիկոլ Փաշինյանն այսօր ընդդիմությանը նորից առաջարկեց խորհրդարանում կողմ քվեարկել և աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն: Փոխարենը խոստացավ՝ անկախ հանրաքվեի արդյունքներից այլևս չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։
«Մի դեպքում՝ կիսատ թողած խաղաղության օրակարգը, որովհետև փաստացի ստացվում է, որ էդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը՝ առնվազն իմ մատուցմամբ, երկրորդ տարբերակում ես իրացնելով մինչև հաջորդ ընտրությունները էս կարգավիճակով՝ հաջորդ ընտրություններում արդեն չեմ լինում վարչապետի թեկնածու, և դրանով ֆունդամենտալ խնդիրը լուծվում է», - հայտարարեց Փաշինյանը:
Սահմանադրության տեքստը հաջորդ շաբաթ կհրապարակվի։ Որպեսզի փաստաթուղթը դրվի հանրաքվեի, նախ պետք է հաստատվի խորհրդարանում։ Հենց այս հարցում է, որ իշխող ուժին անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը՝ առնվազն վեց ընդդիմադիր պատգամավորի կողմ քվե։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը մինչ վարչապետի այսօրվա առաջարկը հայտարարել էին, որ իրենց քվեն չեն տալու «ալիևյան սահմանադրությանը»։
«Փաշինյանի հեռացման հնարավորությունը բոլոր տեղերում է, որտեղ չկա իր հետ գործարք»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Նիկոլ Փաշինյանի առաջարկից հետո էլ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վերահաստատեց «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը՝ մերժում են բոլոր տեսակի առաջարկները և դրանք համարում անընդունելի։
«Փաշինյանի հետ գործարքի չգնալով՝ շրջանցում ենք Փաշինյանի լարած թակարդը: Ես չեմ պատկերացնում մի սցենար, որով Փաշինյանը առաջարկում է գործարք՝ իրականում նպատակ ունենալով հեռանալ իշխանությունից: Փաշինյանի խոսքին վստահելը կլինի իսկապես հիմարություն, և չեմ կարծում, որ Փաշինյանի առաջարկը մերժելը Փաշինյանին հեռացնելու հնարավորության բացթողումն է: Փաշինյանի հեռացման հնարավորությունը բոլոր տեղերում է, որտեղ չկա իր հետ գործարք, իր հետ գործարքով բացառում եմ դա», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ իր հերթին շեշտեց, որ գործող Սահմանադրությունը սակարկման ենթակա չէ, և իրենք էլ են դեմ «ալիևյան սահմանադրությանը»։ Բացի այդ՝ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքին չեն հավատում։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ երեք շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմությանը խոստացել էր անել այնպիսի առաջարկ, որից չեն կարողանա հրաժարվել։ Վարչապետը խոստացել էր նաև երաշխիքներ ներկայացնել ընդդիմադիրներին, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Ադրբեջանը կստորագրի խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, և կողմերի միջև այլ կնճռոտ հարցեր չեն առաջանա: Ընդդիմությունից հենց սա էին հարցնում, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո կա՞ երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, և Բաքուն Հայաստանին նոր պահանջներ չի ներկայացնի:
Այդ ժամանակ վարչապետը ոչ միայն այս, այլև մի շարք այլ հարցերի պատասխան չուներ՝ ընդունելով, որ ընդդիմության բարձրացրած մտահոգությունները լեգիտիմ են։
«Որովհետև ես էսօր չունեմ էդ հարցի պատասխանը, որովհետև էդ հարցի պատասխանը արդեն դուրս է Հայաստանի ինքնիշխան տարածքից և լիազորություններից Հայաստանի կառավարության: Եվ էդ հարցի պատասխանը երբ որ ստանամ, կգամ կասեմ՝ երաշխավորում ե՞մ, թե՞ չեմ երաշխավորում: Բայց ես էսօր էդ հարցի պատասխանը չունեմ: Որ պահին ... կարող է դեկտեմբերին ունենամ էդ հարցի պատասխանը, կարող է փետրվարին ունենամ, կարող է ապրիլին ունենամ, կամ կարող է դեկտեմբերին ունենամ, բայց էդ հարցի պատասխանը ինձ համար դեռ էնքան վստահելի չլինի, որ ես վստահ կանգնեմ և ասեմ՝ այո կամ ոչ, որովհետև «ոչ»-ն էլ է պատասխան, «այո»-ն էլ է պատասխան», - մասնավորապես հայտարարել էր Փաշինյանը:
«Այո, էս թեմայով քննարկում ունեցել եմ նաև Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ»
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկներ ներկայացրեց, սակայն գրեթե ոչինչ չասաց Ադրբեջանի նախագահից ակնկալվող երաշխիքների մասին։ «Ազատություն»-ը վարչապետին հարցրեց՝ արդյոք անցած շաբաթ Դուբլինում կայացած հանդիպմանը քննարկվե՞լ է այս թեման, և եթե այո, ո՞րն է եղել Իլհամ Ալիևի պատասխանը։ Թեման, պարզվեց, դուբլինյան բանակցություններում քննարկվել է, բայց երաշխիքներ Ալիևը տվել է, թե ոչ, Փաշինյանի պատասխանից պարզ չդարձավ:
«Այդ երաշխավորությունը տալիս եմ առաջն հերթին իմ քաղաքական կապիտալով, էդ բառի թարգմանությունը երեկվանից չգտանք՝ credibility, քաղաքական վստահելիության, լավ չի արտահայտում, վստահելիության, շատ լավ, շնորհակալ եմ, վստահելիության: Այսինքն՝ ես իմ քաղաքական կենսագրությունը դնում եմ էդտեղ էդ երաշխավորությամբ: Բայց մյուս կողմից՝ այո, նաև շատ կարևոր է, որ միջազգային հանրության շրջանում էս թեմայով ձևավորվի ըմբռնում, և այո, էս թեմայով քննարկում ունենում ենք նաև Ադրբեջանի հետ, և այո, էս թեմայով քննարկում ունեցել եմ նաև Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ», - ասաց վարչապետը:
«Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանին չի զարմացրել այն, որ Ադրբեջանի նախագահից ուղիղ երաշխիքներ չներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը բացառում է, որ Իլհամ Ալիևն իր գործողությունները սահմանափակող երաշխիքներ կտա Հայաստանին:
«Լավ կլիներ՝ Իլհամ Ալիևը գոնե սկզբի համար, եթե ինչ-որ երաշխիք պիտի տա, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով, ինչպես դա արել է Նիկոլ Փաշինյանը: Կարելի՞ է գոնե դրանից սկսել, կարելի՞ է գերիները բաց թողնելուց, այո, կարելի՞ է գերիները բաց թողելուց սկսել, եթե մենք խոսում ենք ինչ-որ վստահության մթնոլորտի մասին: Դրա համար, չեմ պատկերացնում, որ դա Փաշինյանը կարող է ունենալ, ի սկզբանե տապալված գործընթաց եմ պատկերացնում և իրականության հետ հակասող», - ասաց Վարդանյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր նաև զգուշացրեց ընդդիմությանը՝ եթե իր առաջարկը մերժեն, ինքն է ընդդիմությանը հեռացնելու: Իսկ թե ինչպես է դա անելու, շատ մանրամասներ չներկայացրեց:
«Մենք ցույց կտանք, որ ընդդիմությունն, ըստ էության, հանդես է գալիս խաղաղության խոչընդոտի դերում, էս ընկալմամբ կգնանք արտահերթ ընտրությունների, և իմ զգացողությունն ասում է, որ ընդդիմության էսօրվա երկու խմբակցությունները չեն անցնի խորհրդարան: Դե, հիմա, քաղաքականություն է; Դուք իմ պատկերացման մասին էիք, չէ՞, հարցնում: Ես իմ պատկերացումը կիսեցի, հիմա դուք կարաք չհամաձայնեք էդ պատկերացման հետ», - հայտարարեց վարչապետը:
ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից պնդում են, թե ճնշումներն իրենց չեն վախեցնի: «Հայաստան» խմբակցությանը չի անհանգստացնում նաև խորհրդարանում չհայտնվելու հեռանկարը:
«Եթե սպառնալիքն ու շանտաժը այն է, որ «դուք խորհրդարանում չեք լինելու», նախ՝ դա կտեսնենք, բայց եթե անգամ այդպես լինի, որևէ խնդիր չկա: Դաշնակցության պատմության մեջ վերջին տարիների եղել է դեպք, երբ մի քանի տարի խորհրդարանում չի եղել, դա մեր կյանքում ոչինչ չի փոխել: Բայց մենք գիտենք, որ չենք կարող Ալիևի սահմանադրությանը կողմ քվեարկել ու դրանից հետո շարունակել ապրել նենց, ոնց որ ապրել ենք», - նշեց Քրիստինե Վարդանյանը:
Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում չառաջադրվելու հեռանկարին. վարչապետն ասաց՝ դա չի նշանակում, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, որովհետև, ինչպես ինքը ձևակերպեց, դա սխալ կլինի: