Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հայաստանի կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։
«Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ», - ասված է պաշտոնական հաղորդագրությունու, - «Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները»։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 հազար տոննա բեռ, նշված է հաղորդագրությունում:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը, ասված է հաղորդագրությունում:
Դուբլինում շփումներ են ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Միրզոյանը և Բայրամովը, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի, կարճատև զրույց են ունեցել: Խոսնակը նաև տեսանյութ է հրապարակել.
Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հավաքն անցկացվել էր Երևանում՝ այս մայիսին: Ադրբեջանի նախագահը Երևան չէր եկել, նա տեսաուղերձ էր հղել:
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին Բիշքեկում: Կողմերը բանակցություններից հետո հաղորդել էին, որ ընդգծվել է մեկ տարի առաջ ստորագրված վաշինգտոնյան հռչակագրի և նախաստորագրված խաղաղության պայմանագրի «պատմական նշանակությունը»։
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որում տարածքային պահանջ է տեսնում: