«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչականից և ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց կալանավայր։
Ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նրան, Ծառուկյանը միայն հասցրեց արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե թալանածն է հետ բերում՝ ասելով՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։
Ավելի վաղ ՔԿ-ից «Ազատությանը» հայտնել էին, որ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Կատարվում են քննչական գործողություններ:
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:
Կալանավորմանը զուգահեռ՝ Ծառուկյանի ձեռնարկություններն արդեն չորրորդ շաբաթն է փակ են. ստուգումներ են, գույքագրումներ:
Մեծահարուստ գործարարի ղեկավարած ԲՀԿ-ում «քաղաքական» են որակում գործընթացը: