«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ իրականացրեց Աջափնյակ թաղամասում։
«Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով իր փեսա Կարապետ Գուլոյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե Գուլոյանը այն տնից, որն արդեն պետության սեփականությունն է դատարանի որոշմամբ, գողություն է անում՝ քարերն է պոկում, Ծառուկյանն ասաց. - «Գուլոյանը, որ իրա տունը ես ասել եմ փոքր է իր երեխաների համար, էդ դա շուտ ա եղել՝ մինչև որոշումից առաջ: Վարպետներին բռնել տարել են, որ էդ վարպետները ոչ թե քար քանդող տարող են, այլ կառուցում են, գեղեցկացնում են: Ու Գուլոյանն էլ իրա փաստաբանին ասել ա՝ «դիմեք, որ էրկու միլիոն ու կես ա, ես չեմ ընդունել, բայց որոշումը ես պատրաստ եմ էդ էրկու միլիոն ու կեսը վճարեմ՝ իմ հորական, պապական տունը, իմ երեխեքի տունը մնա»: Ինքը ոչ թե քանդած, ավելի գեղեցիկ սարքում են, վարպետները, որ սարքում են, այնտեղ են։ Վարպետներին տարել են երեք օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո: Իսկ էդ քանդելը եղել ա էդ որոշումից առաջ, մի տարի, տարիուկես առաջ»։
Ծառուկյանի հավաստմամբ՝ տան պետականացումից հետո իր փեսան բնակվում է վարձով:
Փաշինյանի մյուս մեղադրանքներին, նաև սպառնալիքներին, որ հնչեցրեց երեկ, թե Ծառուկյանը վանդակում է ապրելու, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը հարմար չհամարեց անդրադառնալ: Այսօր ավելի վաղ նա իր թիմի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ դեմ է վիրավորանքներին, ցեխ շպրտելուն, կոշտ պատասխանելուն. - «Մեր մեծությունը, բարձրությունը և կլասը պիտի պահպանենք»:
«Ես ասել եմ՝ առաջինը ես չեմ սկսում, մարդիկ ասում են, պատասխանը ստանում են», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:
Աջափնյակում հավաքված էին «Բարգավաճ Հայաստան»-ի համակիրներն ու անդամները, և ակներևաբար այնքան էլ մեծ չէր հենց Աջափնյակի բնակիչների թիվը:
«Ընդե [թաղամասի բնակիչներից] մարդ չկա, իրեք հոգի, չորս կարա լինի: Այո, կուսակցությունը բերել ա իրանց հետ՝ այ էսքան քյոռփա էրեխից բռնած մինչև մեծերը», - «Ազատությանը» ասաց տեղի բնակիչներից մեկը:
«Ոնց նայում եմ՝ մեր թաղամասից երևի շատ քիչ մարդ կա ստեղ», - ասաց մյուսը:
«Հոգեհարազատ ա ինձ ամեն իրանց կետերը, բոլոր կետերը, հինգ հատ կետ ունի չէ՞ նորմալ, հինգն էլ հոգեհարազատ ա ինձ՝ երաշխավորված խաղաղություն՝ ամենակարևորը, անվճար ուսուցում», - ասաց հանդիպման մի մասնակից:
«Հա, էկել եմ, որ իմացել եմ, որ մեր «Բարգավաճ» կուսակցության պարոն Ծառուկյանը գտնվելու ա 16 թաղամաս, դրա համար էլ էկել եմ», - նշեց հանդիպման մեկ այլ մասնակից:
Աջափնյակի բնակիչների հետ հանդիպումներում Ծառուկյանը կրկին վստահեցնում էր, թե իր խոսքը գործ է, խոսում էր անվճար կրթության, առողջապահության և երաշխավորված խաղաղության մասին։ Նա այսօր դարձյալ շեշտեց, որ Ռուսաստանի հետ չի կարելի թշնամանալ, և հավելեց, որ օր-օրի այն, ինչ ասել է, կատարվում է՝ հավանաբար նկատի ունենալով ռուսական սահմանափակումները։
«Ասու՞մ էի, որ չի կարելի Ռուսաստանի հետ թշնամանալ, ասել եմ, չէ՞։ Հիմա տեսնում ե՞ք՝ ինչ ա կատարվում: Դրա համար պետք է մտածեն երկրի, ժողովրդի համար, ընտրությունը թող շատ լինի, բայց կոնկրետ պետք է ընտրես ամենալավը, որը դա անվտանգ ա քո երկրի համար, քո ժողովրդի համար, քո ժողովրդի առօրյայի համար», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: