«Ցանկանում ենք՝ օր առաջ գործը հայտնվի դատաքննության փուլում». Ծառուկյանի գործն ուղարկվել է դատարան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի քննությունն ավարտվել է, դատախազությունն այն ուղարկել է դատարան:

Գործարարին Քննչականը մեղադրում է փողերի լվացման, հափշտակության ու խոշոր չափի խարդախության համար:

Քննչական կոմիտեի մեղադրանքը անհիմն է, շինծու, շարունակում է պնդել գործարարի փաստաբանը: Էմին Խաչատրյանը խոստանում է դատարանում դռնբաց նիստերի ընթացքում դա ապացուցել նաև հանրությանը:

Ըստ Քննչականի՝ Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու, փոխադարձ առևտուրը զարգացնելու պատրվակով Գագիկ Ծառուկյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի, ևս մի քանիսի ու Իրանի երկու քաղաքացու օժանդակությամբ խաբեությամբ իրանցիների գույքն է հափշտակել:

Ապօրինի ճանապարհով ստացել են ավելի քան 22 միլիոն դոլարին համարժեք գույք, տրանսպորտային միջոցներ, տարբեր տեսակի վառելանյութ ու այլ ապրանք օրինականացրել են, դրանցից ստացած եկամուտները միացրել են իրենց օրինական եկամուտներին, այդպիսով, ըստ քննիչի, թաքցրել հափշտակված գույքի հանցավոր ծագումը:

«Ես վստահեցնում եմ, որ բոլորի համար ակնհայտ կլինի էս մեղադրանքի սին լինելը, որևէ փաստական տվյալ չունենալը: Նախկինում որոշակի փաստաթղթեր հրապարակելու հնարավորություն ունեցել ենք, Ծառուկյանի ներդրումների հետ կապված բանկային փոխանցումներն ու երաշխավորության պայմանագրերը, բայց վարույթ իրականացնող մարմինը պատշաճ գնահատականի չի արժանացել: Պատրաստվում ենք բարձրաձայնել դռնբաց դատական նիստերի ընթացքում», - ասաց փաստաբանը:

Գագիկ Ծառուկյանը չորս ամիս է՝ բանտում է: Նա ազատությունից զրկվեց խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց: Քարոզարշավին վարչապետ Փաշինյանը հրապարակային սպառնում էր ունեզրկել Գագիկ Ծառուկյանին և ընտրական գործընթացների ավարտից հետո իրավապահները մտան Ծառուկյանի առանձնատուն, Փաշինյանի քաղաքական հակառակորդին գետնին պառկեցնելով ձերբակալեցին:

Նույն օրը կապարակնքեցին Ծառուկյանի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ: Երկու խոշոր ընկերությունում պետական կառավարիչ նշանակեց կառավարությունը, սպորտային համալիրը քաղաքապետարանն է տնօրինում, իսկ որոշները դեռ փակ են:

Ընտրություններից հետո Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումը նրա պաշտպաններն ու կողմնակիցները որակում են քաղաքական հաշվեհարդար, ճնշում. «Ծառուկյանին պատկանող բոլոր հիմնարկությունների կապարակնքումները ու դրանց բնականոն գործունեությանը խոչընդոտելը, էս ամենի համադրման արդյունքում անհնար է չգալ եզրահանգման, որ այստեղ քաղաքական կոմպոտնենտ գոյություն ունի»

Քննչականը Ծառուկյանին ու նրան պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին մեղադրում է նաև լիբանանահայ գործարարից մեկ միլիոն 340 հազար դոլարի ոսկյա զարդեր շորթելու համար: Սպառնալով՝ տիրացել «Մուլտի Ակվամարին» ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած լիբանանահայ գործարարի 50 տոկոս բաժնեմասին:

«Ցանկանում ենք՝ օր առաջ այս գործը հայտնվի դատարանում, դատաքննության փուլում, որպեսզի բոլորն էլ հնարավորություն ունենան դռնբաց դատական նիստի ընթացքում տեսնեն, թե ինչ աբսուրդ ու գործի նյութերից չբխող մեղադրանքի հետ գործ ունենք», - ասաց Խաչատրյանը:

Հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվելու այս գործը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գագիկ Ծառուկյանին նորից հարցաքննում են Կալանավորվել է «Առինջ մոլի» տնօրենը Առինջում Ծառուկյանի ընկերություններին հողերի օտարման դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՊՎԾԳագիկ Ծառուկյանն արձագանքում է իր կալանքը երկարաձգելու որոշմանըԴատարանը երկարաձգեց Գագիկ Ծառուկյանի կալանքը